Ապահովագրություն հնարավոր սադրանքներից

Ապահովագրություն հնարավոր սադրանքներից

Երբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում ստորագրեցին համագործակցության փաստաթուղթ, Հայաստանում, բնականաբար, բացասաբար ընդունվեց այդ երեւույթը: Եվ դա ընդամենը նախանձի դրսեւորում չէր, քանի որ մեր ռազմավարական գործընկերը տարածաշրջանում այդպիսին դարձրեց նաեւ մեր թշնամուն: Բայց մենք ոնց որ թե ուշադրություն չդարձրինք երկու ղեկավարների հանդիպման տեւողությանը՝ հինգ ժամ: Այնինչ, ինչպես ասվում է, սատանան մանրամասների մեջ է: Այդքան երկարատեւ բանակցելը նշանակում էր, որ Պուտինը փորձել է համոզել Իլհամին մի այնպիսի հարցում, որին վերջինս համաձայն չի եղել:

Կարելի է նույնիսկ ենթադրել, որ Մոսկվա մեկնելուց առաջ կոնկրետ նման օրակարգով չի քննարկվել: Եթե այդպես չլիներ, ապա 5 ժամ բանակցելն իմաստ չէր ունենա: Եվ մի բան էլ՝ այդ բանակցությունը տեղի է ունեցել ռուսական զինուժի հատուկ գործողության նախաձեռնումից ընդամենը մեկ-երկու օր առաջ: Ինչի մասին, բնականաբար, տեղյակ էր Պուտինը եւ անտեղյակ՝ Իլհամը: Եթե վերջինս տեղյակ լիներ, ապա հաստատ կփորձեր հետաձգել կա՛մ ստորագրելը եւ կա՛մ ընդհանրապես հանդիպումը: Որովհետեւ այդ պայմանագիրը Ադրբեջանին ռազմավարական առումով ոչինչ չի տալիս, եթե վերացարկվենք մեզ մի քիչ մի կողմ հրելը եւ մեր կողքին տեղավորվելը: Դա, իհարկե, փոխաբերական իմաստով: 

Ոչ միայն ոչինչ չի տալիս, այլեւ, ընդհակառակը, Ադրբեջանը պարտավորվել է թշնամական գործողություններ չկիրառել ՌԴ-ի դեմ: Նույնը, իհարկե, առկա է նաեւ իր առումով, սակայն չեմ կարծում, թե ՌԴ-ն որեւէ թշնամական գործողության կդիմի ընդդեմ Ադրբեջանի: Իսկ ՌԴ-ի դեմ չկիրառելը մեխանիկորեն ենթադրում է նաեւ Արցախի դեմ, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղարար կորպուսը: Կարելի է ասել՝ նաեւ Հայաստանի դեմ, հաշվի առնելով փոխօգնության վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը: Ինչը նշանակում է, որ ուկրաինական հատուկ գործողությունից առաջ ՌԴ-ն ապահովագրել է իրեն Հարավային Կովկասում հնարավոր բարդություններից: Որովհետեւ սկսելով այդ հատուկ գործողությունը՝ Պուտինը վստահ չէր այն հարցում, թե ինչպես կդրսեւորի իրեն Արեւմուտքը եւ հատկապես ԱՄՆ-ն: Դա զգացվեց նրա խոսքից, որ անկախ հետեւանքներից՝ իր կայացրած որոշումը ճիշտ է, իսկ եթե Արեւմուտքն ընդդեմ քայլ կատարեր, ապա կստանար համարժեք պատասխան:

Ասվածը նշանակում է, որ մենք այս անգամ զերծ մնացինք ադրբեջանական հերթական լուրջ սադրանքից: Իլհամը, բնականաբար, օգտագործելու էր հարմար պահը՝ առանց հաշվի առնելու ՀՀ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնող անձի պարտվողական խաղաղասիրությունը: Որպեսզի ռուս-ուկրաինական բախման համատեքստում եւ դրա աղմուկի ներքո փորձեր լուծել «Զանգեզուրյան միջանցքի» խնդիրը: Բայց ասվածը չի նշանակում, թե ինքը չի դիմի ավելի մանր սադրանքների, եթե պատերազմը երկարի: Եվ չի փորձելու պոկել հերթական «համեղ» պատառը մեր տարածքից: Հատկապես, որ դեռեւս իշխանության գլխին են այն մարդիկ, ովքեր, հանուն իրենց իշխանության պահպանման, պատրաստ են թշնամուն հանձնել մեր տարածքի այս կամ այն լիճը, այս կամ այն անմարդաբնակ արոտն ու արոտավայրը: Իսկ Արեւմուտքն էլ, բնականաբար, մեզ օգնության ձեռք չէր մեկնի ճիշտ այնպես, ինչպես չօգնեց 2020 թվականի աշնանը:

Օգնություն չէր լինի նույնիսկ այն դեպքում, եթե Փաշինյան Նիկոլը բացահայտ կամ գաղտնի արեւմտյան երկրներից մեկն ու մեկի ղեկավարին հավաստիացներ, որ Հայաստանը պատրաստ է խզել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ որ դա կարող էր պատահել, ես չեմ կասկածում՝ հաշվի առնելով տարատեսակ ու հակադիր որոշումներ կայացնելու նրա բնավորությունը: 

ՀԳ. Հատուկ գործողությունը նախատեսված է ավարտել մեկ շաբաթում: Համենայնդեպս, Մոսկվայից դեպի հարավ օդային չվերթները, նախնական հաշվարկով, դադարեցվել են մինչեւ մարտի 2-ը: