Հայաստանի ջրային պարեկները․ ի՞նչ է կարծում դատախազը

Հայաստանի ջրային պարեկները․ ի՞նչ է կարծում դատախազը

ՀՀ կառավարությունը օրերս հավանություն տվեց որոշման նախագծի, որով Հայաստանում Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում, ջրային պարեկները կատարելու են նավավարի սթափության վիճակի զննության, լողամիջոցի զննման և մի շարք այլ գործառույթներ, արձագանքելու են ձկնագողության դեպքերին: 

«Այո, պարեկային ծառայությունը՝ որպես բարեփոխման ոլորտ, հաջողված եմ համարում: Տարբեր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից պարեկային ծառայությունը և կանխարգելիչ նշանակություն է ունենում, և բացահայտման տեսանկյունից կարևոր տեղեկատվություն է տալիս մինչդատական վարույթին», - այսօր՝ մայիսի երեքին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Կարևորում եմ նաև ջրային պարեկային ծառայության ներդրումը, քանի որ «Սևան ազգային պարկում ձկնագողության և տարբեր տեսակի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման հետ կապված խնդիր կա»,- հավելեց նա։

Նշենք, որ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ: Մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ՝ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելուց ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և վերջին դեպքում լողամիջոցը տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ: