Հովսեփը

Հովսեփը

       Օրը դանդաղ իր տեղը զիջում էր գիշերվան: Հովսեփն արդեն հատել էր յոթանասունի շեմը, բայց ուներ քսանի առույգություն: Նրան, շենքի բակում, հիշում են փայտ կոտրելիս, այստեղից-այնտեղից թուղթ հավաքելիս: Ձմեռը դեռ չավարտված՝ շտապում էր մտածել հաջորդ ձմեռվա մասին: 
      Այս տարի էլ գարունը չէր հասցրել գալ, երբ դրսի ցուրտ լռությունն ականջ էր դնում Հովսեփի կացնի ձայնին: 
    - Այ Հովսե՛փ, էլի սկսեցի՞ր,- ձայն տվեց հարեւանը,- մի համբերի՝ էս ձմռանը ճամփու դնենք, հետո կմտածես հաջորդի մասին: Համ էլ ի՞նչ գիտես՝ հաջորդ տարի այդ փայտերը կօգտագործե՞ս, թե՞ չէ:      
       Հովսեփը մի պահ կացինը ձեռքին կանգնած՝ շվարել էր. իսկապես, մտածեց նա, հաջորդ տարին կգա՞ իր համար:
    - Ախպեր, ես ո՞ւմ եմ խանգարում,- «նեղացած» պատասխանեց Հովսեփը։- Թե կգա ձմեռը` ավելի լավ, թե չէ…,- խոսքը կիսատ թողեց Հովսեփը, կացինը մի կողմ դրեց ու նստեց մի քարի վրա:
      Հարեւանի գնալուց հետո ողջ օրը մտածեց Հովսեփը: Հարեւանը երեւի չափն անցավ, առանց այն էլ Հովսեփը մխիթարությունը գտնում էր ամեն նորին պատրաստվելու մեջ: Ծերունին երազանքները կողպած անցյալի արկղի մեջ, տեղի տալով հիշողություններին՝ օր էր անցկացնում: Հիշեց` մի անգամ կնոջ հետ ինչպես էին հացի հերթ կանգնել, սառել էին երկուսն էլ մինչեւ ոսկորները, ինքը կնոջ ձեռքերն առել էր ափերի մեջ ու փորձում էր իր շնչով տաքացնել, երբ հացի հերթը հասավ, ու չգիտեր՝ կնոջ սառցակալած ձեռքե՞րը տաքացնի, թե՞ հացը վերցնի: Հիմա հազար երանի է տալիս այդ օրերին, մի ամբողջ կյանք կսպասեր հերթում, միայն կինը ողջ լիներ: 
      Երբ մտքերից սթափվեց, զգաց, որ մրսում է, ձեռքերը շփեց իրար ու շարունակեց գործը:   
      Այսօրվա համար բավական էր. բարձրացավ տուն: Վառեց վառարանը, ձեռքերը տաքացրեց, վրայից հանեց իր տարիքի վերարկուն, մի խոր շունչ քաշեց ու գնաց խոհանոց: Բերեց թեյնիկը, դրեց վառարանի վրա ու սպասեց եռալուն: Տարիների լռության մեջ սովոր էր, որ միայն իր ու տան առարկաների ձայնը պետք է լսվի: 
     - Խմեմ թեյս, տաքանամ, հետո մտնեմ անկողին, էսօր շատ հոգնեցի,- ասաց ինքն իրեն ու լցրեց թեյը: 
       Ֆռթացնելով մի կում արեց ու զգաց, որ այնքան էլ քաղցր չէ: Ալարելով գնաց խոհանոց՝ շաքարի հետեւից: Երեւի ամենաշատը այս պահին կուզենար թոռ ունենալ: Խմեց, տաքացավ, ու քանի չէր հանգել վառարանը, մտավ անկողին: 

       Առավոտյան արեւի շողերը խցկվեցին Հովսեփի աչքերի մեջ: Աչքերը բացեց, բայց շարունակեց անկողնում պառկած մնալ. հոգնություն զգաց: Մի քիչ շուռումուռ եկավ, հետո ճարահատյալ վեր կացավ: Հագնվեց ու գնաց լոգարան.
   - Է՜հ, Հովսեփ ջան, շատ ես ծերացել,- նայելով հայելու ծերունուն՝ խոսեց Հովսեփը,- արդեն արեւից ուշ ես արթնանում: 
      Դուրս եկավ քայլելու. չկրկնվող արեւածագ էր: 
   - Հովսե՞փ,- ձայն տվեցին հետեւից,- ինչպե՞ս ես: 
   - Ո՞նց պիտի լինեմ, մի օր՝ լավ, մի օր՝ վատ, դեռ կամ, լավ է, չեմ բողոքում,- ձեռքն օդում թափ տվեց ու անցավ: 
      Սիրում էր հարեւաններին օգնել. իրեն պետքական էր զգում: 
      Այսօր էլ տիկին Արեւշատի դռան փականն էր փչացել: Գնաց վերանորոգեց, «վարձատրությունն» էլ տաք ճաշը եղավ: 
   - Ի՜նչ համով էր, Արեւշատ ջան, վաղուց տնական ճաշ չէի կերել:
   - Վայ, Հովսեփ ջան,- շարունակեց Արեւշատը,- շուտշուտ արի, հարեւան մարդիկ ենք, կնստենք, կզրուցենք, օրներս կանցնի: 
  - Եղավ, անպայման կգամ,- ասաց Հովսեփը` ինքն էլ չհավատալով իր ասածին. շատ հպարտ էր:
    Այսպիսին էր Հովսեփ պապը` ողջ տարի մտածում էր ձմռան մասին, սա էլ ապրելու իր բանաձեւն էր: 
    Մի քանի տարի է անցել, ամեն ինչ նույնն է մնացել այնտեղ, միայն թե բակում անտեր են մնացել ծառի չոր ճյուղերը… 

Օֆելի ԴԱԼԼԱՔՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ