Անդրանիկ Կարապետյան․ բանաստեղծություններ

Անդրանիկ Կարապետյան․ բանաստեղծություններ

*** 
Այս ի՞նչ եղավ, եղբա՛յր, այս ի՞նչ եղավ, 
Մարմնի հոգեվարք է, ոգու խաթար, 
Ոչ վերեւն է վերեւ, ոչ վարը` վար, 
Ոչ խավարն է անգամ կարգին խավար, 
Այս ի՞նչ եղավ, եղբա՛յր, այս ի՞նչ եղավ: 
Պոչ չունեցանք երբեք, չկրեցինք վեղար, 
Ու խաչերն են ընկնում համատարած, 
Մենք խաչեր ենք դառնում, դե ինչ արած, 
Ամեն խաչի վրա մի ձանձրացող աստված, 
Ու ամեն խաչի տակ զոհասեղան, 
Այս ի՞նչ եղավ, եղբա՛յր, այս ի՞նչ եղավ:

Մեր հույսերի լանջին սունկն է աճել, 
Սունկը հույժ թունավոր ու վիթխարի, 
Ու մենք, ահա, արդեն քանի՜ տարի 
Մեր հավատի լեռան լանջին կառչել, 
Մեր ոգին ենք լցնում սնկով չարի: 
Այս ի՞նչ եղանք, եղբա՛յր, այս ի՞նչ եղանք, 
Արցունք դարձել՝ բուռ-բուռ թափվում ենք ցած,
Չգտնելով ուրիշ զոհասեղան – 
Ցուցամատը մեզ է պարզել Աստված:

Ո՞ւր ենք գնում, եղբա՛յր, ո՞ւր ենք գնում, 
Ո՞ւր է ձգվում մեր այս օրերի չուն, 
Մեր ինչպեսը դարձյալ մնաց բնում,
Ո՞վ կգտնի մեր երբն ու մեր ինչուն, 
Ո՞ւր ենք գնում, եղբա՛յր, ո՞ւր ենք գնում, 
Շա՞տ կձգվի, տեսնես, ճանապարհն այս, 
Մեր ձեռքերին առել մեկական թաս 
Ու տանում ենք մեզ հետ գինին այս հում, 
Գինին ծոմ է դառնում ու կյանքը` պաս, 
Ու մեր ներկայի մեջ մեզ բացակա դնում, 
Ո՞ւր ենք գնում, եղբա՛յր, ո՞ւր ենք գնում:

*** 
Պահմտոցի, մի մեծ պահմտոցի 
Որոնում ենք եւ ե՛ս, եւ դո՛ւ, եւ նա՛, 
Մի թանկ բան է ընկել մեր բոլորի ծոցից, 
Մի թանկ բան է կորել երե՛կ, այսօ՛ր, հիմա՛, 
Մի թանկ բան էլ չունենք, 
Ու մեր կյանքն է դարձել պահմտոցի: 

Մեր խեցու մեջ, ահա, թաքնվում ենք, 
Մեր խեցու մեջ ողբ ենք դառնում կամ երգ,
Իսկ հաճախ էլ մենք ենք դառնում խեցի,
Հաշվում ենք՝ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք... 
Կորցնում ենք, ինչը այնպես թանկ էր երեկ, 
Թե գտնենք էլ, ինչը այնպես թանկ էր երեկ,
Թքում ենք հենց դեմքին 
Ու անունը դնում` պահ-մտոցի: 

Պահմտոցի, մի հին պահմտոցի, 
Ուր եւ պահվողն ենք մենք, եւ փնտրողը, 
Ամենուրեք որոնում ենք մեր այն սրտի դողը, 
Որն իր տեղը զիջեց լացուկոցին:

Եվ սողում է մեր ընդերքը խաղն այս հանդարտ, 
Եվ ակնապիշ հետեւում ենք մեր ընդերքի օձին, 
մեր խաղն է, որ խաղում ենք լուռ ու համառ, 
Սա մեր կյանքն է- իր սկզբից մինչեւ ավարտ 
Այժմ եւ միշտ, հավիտյանս- պահ-մը-տո-ցի:

*** 
Հավատը փրփուրի պես 
Պայթում է, քիչ-քիչ մարում, 
Աչքերս կսկծում են, 
Էլ ոչինչ չեն նշմարում: 

Ես այսպես տանում եմ իմ 
Շալակի ցավը տարեց, 
Ծանոթ եմ խոսքին վաղուց
Մեծ խոսքը փուչիկ է մեծ:

Թմբուկի ձայնն է դոփում 
Թաղանթին մեր ականջի, 
Հավատս էլ չի գալիս, 
Որ մի օր այն կհանգչի: 

Թմբուկներ շատ եմ տեսել, 
Ծանոթ եմ նրանց դերին, 
Էլ ինչպե՞ս հավատամ այս 
Նոր, մազոտ թմբուկներին: 

Օճառը շատ է արդեն, 
Փրփուր է ամենուրեք, 
Ճահճի մեջ կարո՞ղ ես դու 
Նստել ու... ճահիճ բուրել: 

Երբ աշխարհ չեն շալակում, 
Պիտի որ նրան հեծնեն, 
Ուրեմն` լռիր արդեն, 
Չե՞ս կարող` կլռեցնեն...
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ