ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2 հազար 794 քաղաքացի, ստանալու համար դիմել է 18 հազարը

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2 հազար 794 քաղաքացի, ստանալու համար դիմել է 18 հազարը

Վերջին տարիներին եւ հատկապես վերջին ամիսներին Երեւանի փողոցներում կարելի է հանդիպել ազգությամբ ռուս, իրանցի եւ օտարազգի բազմաթիվ քաղաքացիների: Այս հոսքը հատկապես ուժեղացավ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ Պարզվեց, որ անապահով Հայաստանն ավելի ապահով է, քան Ռուսաստանը, Ուկրաինան եւ տարբեր տաք կետեր։ Ժամանողների մի մասը եկել է ժամանակավորապես՝ հետո այլ երկրներ, հատկապես Եվրոպա մեկնելու ծրագրով։ Բայց եկողների մի մասը կարող է նաեւ հիմնավորվել Հայաստանում։

Նրանցից շատերն անգամ մասնավոր զրույցներում նշում են, որ Հայաստանն այնքան են սիրել, որ իրենց ապագան տեսնում են հենց այստեղ: Հայաստան տեղափոխված ռուսների մի գերակշռող մասն IT ոլորտի մասնագետներ են, հեռավար աշխատանք ունեն, եւ նրանց համար բարենպաստ են հայաստանյան կլիման, հայաստանցիների բարյացակամությունը, անգամ՝ գները:

Թե վերջին շրջանում ժամանածներից քանիսն են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, որ երկրների քաղաքացիներ են հիմնականում նրանք, եւ ինչպես է ընթանում ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը, փորձեցինք պարզել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանից։ Ի դեպ, Հայաստանում քիչ չեն նաեւ իրանցիները, թերեւս նրանց մեջ կան նաեւ իրանական անձնագրերով թուրքեր ու ազերիներ, իսկ մեր իշխանությունը որդեգրել է բաց դռների քաղաքականություն:

Արա Մկրտչյանի պնդմամբ` ազգությամբ ռուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն առնվազն երեք տարվա մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում, չունեն քաղաքացիություն ստանալու որեւէ իրավունք: «Գալիս բնակվում են Հայաստանում, սակայն չունեն քաղաքացիություն ստանալու իրավունք: «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը հստակ ասում է` ազգությամբ հայերը եւ այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր երեք տարի շարունակ, օրինական հիմունքներով բնակվել են Հայաստանի Հանրապետությունում կամ ամուսնացած են ՀՀ քաղաքացիություն ունեցող անձի հետ, կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Սակայն այստեղ եւս «բայց»-եր կան: Կարող են դիմել միայն այն դեպքում, եթե ամուսնությունն ունի առնվազն երկու տարվա պատմություն»,- նշում է Արա Մկրտչյանը:

Հարցին, թե վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում քանի դիմում են ստացել ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով, մեր զրուցակիցն ասաց. «Ես կարող եմ ասել, թե վերջին ինը ամիսների ընթացքում քանի դիմում ենք ստացել քաղաքացիություն ստանալու համար: Ստացել ենք ավելի քան 18 հազար դիմում»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե հիմնականում որ երկրների քաղաքացիներն են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նրանց շարքերում կա՞ն Թուրքիայի քաղաքացիներ։ «Գերակշռում են ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները: Թուրքեր չկան, սակայն Թուրքիայի հայեր հնարավոր է լինեն, քանի որ ազգությամբ ցանկացած հայ իրավասու է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Այս պահին չունեմ վիճակագրական տվյալներ, որպեսզի հստակ ասեմ այդ մասին»,- ասաց Մկրտչյանը: Այս ընթացքում քանի՞ ՀՀ քաղաքացի է հրաժարվել քաղաքացիությունից՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով։ «Դադարեցման դիմումները ստատիստիկ առումով նախորդ տարվա համեմատ փոփոխության չեն ենթարկվել:

Վերջին ինն ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2 հազար 794 քաղաքացի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էլ ունեցել ենք մոտավորապես նույն պատկերը` 2 հազար 515 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»: