Ալիեւը շատ լավ հաշվել է Նիկոլ Փաշինյանի ատամները

Ալիեւը շատ լավ հաշվել է Նիկոլ Փաշինյանի ատամները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի դրոշը բարձրացրեց Ստեփանակերտում եւ Մարտակերտում, իսկ Ազգային ժողովի շենքում իր ոտքերի տակ էր փռել Արցախի Հանրապետության պետական դրոշը եւ ցուցադրաբար տրորում էր։ Ստեփանակերտի հրապարակից էլ հերթական սպառնալիքներն է ուղղել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ալիեւի բերմադրած ներկայացումն ուշ թե շուտ լինելու էր՝ խնդիրը ժամկետի մեջ էր։ Մենք արդեն հասցրել ենք համոզվել, որ Ալիեւը սիմվոլներին շատ է կարեւորություն տալիս՝ նրա տեսակն է այդպիսին, տոնական օրերին, նշանակալից օրերին է ինչ-որ գործողություններ անում։

«Այդ օրը, եթե չեմ սխալվում, իր՝ իշխանության գալու առաջին երդմնակալության 20-ամյակն էր։ Ինքը որոշել էր այդ օրը, որը որ նշվում էր Ադրբեջանում, եւ իրեն այնտեղ մեծարում էին, եթե նայեք իրենց իշխանական լրատվամիջոցները, քարոզչամեքենան այնպես է մեծարում Ալիեւին՝ այնտեղ անձի պաշտամունքի մակարդակի է այդ ամեն ինչը դրված, ու հենց այդ 20-ամյակի օրը որոշեց այդպիսի մի միջոցառում անցկացնել՝ անձամբ դրոշը բարձրացնել Ստեփանակերտում եւ մի շարք այլ արցախյան բնակավայրերում։ Այդ առումով մի օր այդ ամենն արվելու էր, որ Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը բարձրացվելու էր, գերբը փոխվելու էր։ Ցավոտ զգայական թեմա է, բայց դա փաստ էր՝ այն բանից հետո, երբ մենք այնտեղից դուրս եկանք եւ արձանագրեցինք մեր պարտությունը»,-ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարություններին, քաղտեխնոլոգն ասաց․ «Ալիեւը Հայաստանի իշխանությունների ատամները շատ լավ հաշվել է եւ անձամբ՝ Նիկոլ Փաշինյանինը։ Ինքն արդեն երեք տարուց ավելի է, ինչ այդ ոճով ու տոնով խոսում է թե՛ Նիկոլի հետ, թե՛ Հայաստանի հանրության մի մասի հետ, մի մասի զգացողությունների վրա է խաղում, մասնավորապես՝ նրանց, ովքեր կողմնակից են Փաշինյանի այն թեզերին՝ այսինչը հանձնենք, հանգիստ ապրենք, այնինչը հանձնենք, հանգիստ ապրենք։ Անընդհատ սպառնալիքի ֆոնի վրա, որը երբեմն ուղեկցվում է ինչ-որ գործողություններով, կրակոցներով։ Ինքը, ըստ էության, հայտարարում է ինչ-որ նպատակների մասին, ասում, որ եթե Հայաստանը սա հոժարական չզիջի, որպեսզի հանգիստ ապրի, ապա Ադրբեջանը կանի ուժով։ Սա սովորական մեխանիզմ է արդեն դարձել, հատկապես որ Ալիեւի մոտ ստացվում է։ Հայաստանի իշխանությունները բավականին հարմար եւ բավականին փափուկ կոնտրպարտնյոր են, եթե դրանք, իհարկե, կոնտր են, ավելի շուտ, ես կասեի՝ գործընկեր են, ոչ թե հակառակ կողմ՝ շատ դեպքերում։ Շատ փափուկ՝ պլաստիլինից պարտնյորներ են, որոնք ցանկացած նման հայտարարություններին, հռետորաբանությանը միանգամից արձագանքում են՝ «չեստ տալով» ու ի կատար ածելով Ալիեւի պահանջածը»։

Եթե դա Ալիեւի մոտ տարիներ շարունակ բավականին էֆեկտիվ ստացվում է, եւ, այսպես ասենք, իրենց աստվածն իրենց այսպիսի «հակառակորդ» է տվել, ինչո՞ւ Ալիեւը չպիտի շարունակի նույն ոճով խոսել, նույն ոճով չափել, որովհետեւ սա ոչ միայն հռետորաբանություն է, այլ նաեւ՝ էֆեկտիվ պրակտիկա։