Արժանապատվության տոտալ դեֆիցիտ

Արժանապատվության տոտալ դեֆիցիտ

Մեր մի քանի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բակում 3-ից 5 տարեկան տղաները կռիվ էին անում: «Դուն իմ պապային բան չասես»՝ ասում էր մեկը: «Դուն էլ իմ պապային բան չասես»՝ կրկնում էր մյուսը: Մի երկուսն էլ կողքից դիտում էին: Հետո ինչ-որ ձևով հաշտվեցին ու շարունակեցին խաղը: Մի խոսքով՝ սովորական կենցաղային տեսարան: Իրական տեսարանն ավարտվեց, բայց մեջս մնաց մանկական աժանապատվության դրսևորման պատկերը: Հետո եկավ հարցը՝ կենցաղային մակարդակում մանուկ թե պատանի, ջահել թե ահել պաշտպանում կամ գոնե փորձում են պաշտպանել իրենց արժանապատվությունը: Իսկ ավելի բարձր մակարդակում այն չգիտես թե ուր է կորչում: Իսկ ավելի բարձր մակարդակը հայի՝ որպես հավաքականության, արժանապատվության զգացման խնդիրն է: Այն այսօր չի երևում՝ առանձին անհատներինը չհաշված: Բացակայում է հատկապես նրանց մոտ, ովքեր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում: Որոնք պետական կարևորության որոշումներ են կայացնում կամ գոնե մասնակցում են դրանց իրականացմանը: «Գոնե»-ն այն դեպքի համար է, երբ որոշումն ընդունվում է միանձնյա՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից:   

Ազգային արժանապատվությունը բացակայում է այն անձի մոտ, ով պետք է այդ երևույթի էտալոն հանդիսանար հանրապետությունում՝ որպես գործադիր իշխանության ղեկավար: Դրա բացակայության վկայությունները բազմաթիվ են: Վերջինն էլ՝ զուտ հերթականության տեսակետից, նրա հրաժարումն է ադրբեջանական հերթական հանցագործություններին գնահատական տալուց: Դե, եթե ինքը հրաժարվում է գնահատական տալուց, ապա նույն վարքագիծը կդրսևորեն նաեւ նրա ուսապարկերը: Իսկ նրանք, ովքեր արժանապատվության զգացում ունեին՝ թեկուզ չնչին չափով, 2020 թվականի պատերազմի խայտառակ պարտությունից հետո հրաժարվեցին պաշտոններից կամ մանդատներից: Զարմանալին այն էր, որ հրաժարվողները հատուկենտ մարդիկ էին: Որպես նախկինում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ՝ ես կարծում էի, թե նախկին իշխանավորներն արժանապատվության խնդիրներ ունեն: Եվ դրանք այնքան խորն են, որ ավելի վատը լինել չի կարող: Սակայն պետք է գար Նիկոլը, ավելի ճիշտ` բերեինք Նիկոլին, որպեսզի հասկանայինք, որ վատից ավելի վատը լինելու մասին խոսքը հենց այսօրվա մեր իրականության մասին է: Այնպես որ կարող ենք արձանագրել՝ իշխանական միջանցքներում մեր օրերում տիրում է արժանապատվության բացարձակ բացակայություն:

Զարմանալի է, որ այս հարցում առկա է տարբերություն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա «ուսապարկային» խորհրդարանի և կառավարության միջև: Փաշինյան Նիկոլն այնքան է տարված «խաղաղություն կերտողի» իր դերակատարությամբ, որ բացարձակ չի ընկալում դրա ոչ բանական լինելը: Բայց դա ընկալվում է գործող իշխանության մյուս ներկայացուցիչների կողմից: Եվ նրանք փորձում են ինչ-որ բացատրություն հորինել ընդդիմադիր լրագրողների այս կամ այն հարցին: Բայց քանի որ ոչ բանական երևութին բանական պատասխան տալն անհնար է, պատասխանողներն ընկնում են հիմար իրավիճակի մեջ:

Բայց դե, ստիպված են դիմանալ, քանի որ օգտվում են իշխանավոր լինելու բոլոր արտոնություններից՝ ընդդիմադիր Նիկոլի կողմից այդքան չսիրված «պադավատներից», «մեծարգո» Փաշինյանի կողմից ժամանակին գաղտնի հատկացված պարգևավճարներից,  ընդդիմադիր Նիկոլի կողմից այդքան քննադատված, սակայն նիկոլական ուսապարկերի կողմից նույնքան սիրված արտերկրյա անիմաստ գործուղումներից և այլն: Եվ կամ կանգնում են Թուրքիայի նման պետության ԱԳ նախարարի կողքին և լայն ժպիտով դիմավորում ՔՊԿ-ական ապագան: Ինչ է, դրանց տեսակետից, արժանապատվության կորուստը, որ իրենք չգնան դրան հանուն վերը թվարկված նյութական բարիքների…  

Իսկ արժանապատվության կորուստը հանգեցնում է հոգևոր ու բարոյական այլ արժեքների կորստին: Իսկ երբ որևէ հասարակությունում ընթանում է հոգևորի ու բարոյականի վերացման գործընթաց, ապա դա տանում է հասարակության վերջնական դեգրադացմանը: Ինչն ուղիղ ճանապարհ է դեպի դրա վերացումը: Մենք այսօր արդեն բռնել ենք այդ ճանապարհը՝ ՔՊԿ-ական ապագայով և հուրախություն թուրք-ադրբեջանական տանդեմի: