Միավորվել «Մայր Հայաստան»-ի շուրջը

Միավորվել «Մայր Հայաստան»-ի շուրջը

Այսօր մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, որ, ինչպես ժողովուրդն է ասում, թշնամուս անգամ չէի ցանկանա: Ավելի քան ութ ամիս է, ինչ ամբողջությամբ շրջափակված է Արցախը: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած Նիկոլն այդ հարցով ինչ անում է՝ արդյունք չի տալիս: Ինչը բնական է, քանի որ նրա նախորդ բոլոր գործողությունները հանգեցրին այսօրվա իրավիճակին: Նախ, ո՛չ ինքը լքեց պաշտոնը խայտառակ պարտությունից հետո և ո՛չ էլ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հեռացրեց նրան պաշտոնից՝ բավարարվելով անիմաստ հայտարարությամբ: Երկրորդ, որպես պարտված երկրի ղեկավար՝ լռելյայն կրեց Իլհամի հետպատերազմյան բոլոր վիրավորանքներն ու ստորացումները: Երրորդ, ՌԴ միջնորդությամբ Մոսկվայում կնքված եռակողմ հայտարարության ձևաչափը փոխարինեց բրյուսելյան ու վաշինգտոնյան բանակցություններով: 

Եվ հենց վերջին երկու ձևաչափով բանակցությունների արդյունքում ընդունեց ադրբեջանական տեսակետը Արցախի վերաբերյալ: Սկզբում հրաժարվեց Արցախ անվանումից՝ փոխարինելով այն Լեռնային Ղարաբաղով: Այնուհետև հրաժարվեց թեկուզ Լեռնային Ղարաբաղ անվանումով երկրամասի կարգավիճակի հարցը քննարկելուց: Եվ որպես դրա տրամաբանական ավարտ՝ վերջին երկու ձևաչափով բանակցությունների արդյունքում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ արցախահայությունը՝ այդ երկրի ազգային փոքրամասնություն: Որի կենսագործունեությունը, բնականաբար, պետք է կարգավորվեր ադրբեջանական օրենսդրությամբ: Այդքանից հետո փորձեց առաջ մղել միջազգային ինչ-ինչ երաշխիքներով Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների անհեթեթ գաղափարը՝ առանց հասկանալու, որ միջազգային երաշխիք կոչվածը Բաքվի կողմից պետք է մերժվեր՝ ընկալվելով միջամտություն իր ներքին գործերին: 

Այդ ամենը կատարվեց հանուն, ինչպես ինքն էր ասում, 29800 քառ/կմ տարածքով Հայաստանի Հանրապետության անվտանգության: Սակայն 2021 թվականի մայիսյան և 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց տվեցին, որ այլևս գոյություն չունի 29800 քառ/կմ տարածքով Հայաստանի Հանրապետություն: Եվ քանի գնա, այն ավելի է փոքրանալու, քանի որ հերթի վրա են Սևանա լճի արևելյան, հյուսիսային ու հարավային ափերն ու, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»: Եվ եթե վերհիշենք նաև ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցումն ու ՀՀ տարածքից ՀՀ քաղաքացիների առևանգումը, ապա կբացահայտվի անվտանգության բացարձակ բացակայությունը: 

Իսկ այժմ անցնենք ընդդիմությանը: Կարծում եմ, որ այսօրվա ընդդիմությունը լավագույն նվեր է Նիկոլին: Մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել Երևանու ավագանու ընտրություններին: Վերը նկարագրվածի պարագայում ի՞նչ պետք է աներ հայաստանյան խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմությունը: Ճիշտ եք՝ պետք է միավորվեր՝ փորձելով օգտագործել այդ հնարավորությունը՝ սկզբում մայրաքաղաքը, իսկ այնուհետև երկիրը Նիկոլի իշխանությունից ազատելու նպատակով: Իսկ իրականում ի՞նչ արեց ընդդիմությունը: Արեց նախատեսվածի կամ որ նույնն է՝ տրամաբանականի ճիշտ հակառակ գործողությունը: Պառակտվեց: Եվ այդ հարցում նույնիսկ գործող իշխանության կամ անձամբ Նիկոլի «օգնության» կարիքը չզգացվեց:

Առաջին, բաց թողեց ժամանակը: Իշխանության թեկնածուն՝ օրենք խախտելով, արդեն շուրջ մեկ տարի զբաղված է իր քարոզարշավով: Օրենք խախտել ասելով նկատի ունեմ կենդանի, սակայն ոչ գործուն՝ քաղաքապետի առաջին տեղակալի գոյության պայմաններում դրա գործառույթների իրականացումն իշխանության թեկնածուի կողմից: Երկրորդ, վերը նշված ընդդիմությունը չհայտարարեց ավագանու ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին: Երրորդ, ընդդիմադիր բազմանդամ խմբակցության կազմից առանձնացավ՝ լքելով մանդատը, նրա անդամը և ընդդիմադիր անձանց որոշակի շրջանակ համախմբելով իր շուրջը՝ ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց «Մայր Հայաստան» դաշինքով: Չորրորդ, փոխանակ լեզու գտներ Ռուբեն Վարդանյանի կողմից հովանավորվող «Ապրելու երկիր» կուսակցության հետ՝ սկսեց կատաղի պայքար մղել դրա դեմ: Ընդ որում, լեզու գտնելու խնդիրը մեկ անգամ արդեն փորձարկվել և հաջողվել էր 2021 թվականի հունիսյան ընտրության օրերին:

Իսկ այս օրերին՝ թե՛ Ռուբեն Վարդանյանի և թե՛ Մանե Թանդիլյանի վերջին երկու-երեք տարվա գործունեությունը համարյա թե մանրադիտակով զննելով՝ նրանց համարեցին թաքնված նիկոլականներ: Մոռանալով, որ իրադարձության փոփոխություններով փոփոխվում են նաև մարդկանց հայացքները: Մոռանալով, որ մի ժամանակ հենց իրենք էին թունդ նիկոլականներ, և ֆեյսբուքում կռիվ էին տալիս տողերիս հեղինակի հետ: Ու եթե իրենք ավելի շուտ էին հեռացել Նիկոլից, ապա ուրիշներն ինչ-ինչ պատճառներով դա արել էին ավելի ուշ: Դա ինձ համար ավելի քան հասկանալի է, քանի որ երկու տասնամյակ ընդդիմադիր եմ եղել նախկիններին՝ բնականաբար պաշտպանելով Սերժին մերժելու շարժումը: Բայց 2018-ի ընթացքում տարբեր միջոցներով փորձել եմ Նիկոլին հեռու պահել սխալներից: Սակայն անհաջողություն եմ կրել, ու դարձել եմ ընդդիմադիր նաև Նիկոլին:

Լավ, ի՞նչ ես առաջարկում՝ կհարցնի ընթերցողը: Ընդամենը՝ միավորվել «Մայր Հայաստան»-ի շուրջը: Դա, նախ, խորհրդարանական ընդդիմության պարագայում նշանակում է օգտագործել ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը: Երկրորդ, ողջ ընդդիմության պարագայում՝ «Մայր Հայաստան»-ին ապահովել վստահված անձանց բանակով: Երրորդ, աջակցել «Մայր Հայաստան»-ի քարոզարշավին՝ առանց թիրախավորելու «Ապրելու երկիր» կուսակցությունը: Բայց, ինչպես արդեն երևում է, այս առաջարկները ևս կմնան ձայն բարբառո հանապատի: 

Հ. Գ. Որպես վերջաբան տեղադրում եմ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի հարցազրույցի վերջին հատվածը «Caucasus Watch» պարբերականին: «Երկու տարբերակ կա. առաջինը՝ քաղաքապետի ընտրությունն է՝ առանց «ազգային օրակարգի», երկրորդը՝ ժողովուրդը կարող է առաջին քայլն անել դեպի ազգային տեսանկյունից ավելի նշանակալից ինչ-որ բանի, ինչը հաճախ է լինում այլ երկրներում։ Ակնկալում եմ և հույս ունեմ, որ ժողովուրդը կընտրի երկրորդ տարբերակը, և ընտրողները ոչ թե պարզապես կաջակցեն իրենց քաղաքի լավագույն կառավարչին՝ հաշվի առնելով նրա հմտությունները կամ արժեքները, այլ կխորանան այս ընտրապայքարի ազգային նշանակության մեջ։ Ես հուսով եմ, որ այս ընտրությունները մեզ թույլ կտան վեր հանել համապետական նշանակության մի շարք վիճելի հարցեր։ Եվ այդ գործընթացն ավելի նշանակալից կդարձներ այս ընտրությունները, քան պարզապես քաղաքապետ ընտրելը։