Ադրբեջանը պարտավոր է պահպանել Ամարասի վանքի «ամբողջականությունը», «իսկությունը», «բացառիկությունը» եւ «մշակութային կարեւորությունը»

Ադրբեջանը պարտավոր է պահպանել Ամարասի վանքի «ամբողջականությունը», «իսկությունը», «բացառիկությունը» եւ «մշակութային կարեւորությունը»

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանության մասին՝ մասնավորապես հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Ամարասի բռնազավթման փորձերը երբեք չէին դադարել։ Ուղիղ 2 տարի առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 21-ին, ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերը 1200 մետրով առաջ էին մղել Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ եւ խրամատավորվելով չեզոք տարածքում՝ Ամարասի վանական համալիրի պարիսպների մոտ տեղակայել էին ադրբեջանական դրոշը, բայց ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ադրբեջանական դրոշները հեռացվել էին տարածքից։

«2023 թվականի սեպտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սկսված զինված բախումների արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Ամարասի վանքը՝ չթողնելով ժամանակ եւ հնարավորություն՝ անգամ մասունքների փրկության համար։ Արդյունքում վանքն իր նյութական եւ ոչ նյութական արժեքներով մնաց թշնամու վերահսկողության տակ։

Ադրբեջանը պարտավոր է հետեւել մշակութային ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներին եւ պահպանել Ամարասի վանքի «ամբողջականությունը», «իսկությունը», «բացառիկությունը» եւ «մշակութային կարեւորությունը»՝ սկզբունքներ, որոնք ամրագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄՕՍ-ի մի շարք դրույթներով։
Օկուպացված տարածքների համար ներկայում կիրառելի է դեռեւս 20-րդ դարասկզբին ընդունված՝ Հաագայի 1907 թ. օգոստոսի 18-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» կոնվենցիային կից կանոնակարգի 42-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Օկուպացված է համարվում այն տարածքը, որը փաստացի գտնվում է թշնամու բանակի իշխանության ներքո», եւ տարածվում է միայն այնտեղ, որտեղ հաստատվել եւ կարող է իրացվել, կամ, որ նույնն է, հնարավորություն է ստեղծվել՝ իրացնելու թշնամու բանակի իշխանությունը: Օկուպանտ տերության պարտավորությունները սահմանված են հիշյալ կանոնակարգի նաեւ հաջորդ՝ 43-56-րդ հոդվածներում:
Оկուպացված տարածքների իրավական հարաբերություններին են վերաբերում Ժնեւի 4 կոնվենցիաները եւ Հաագայի

1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունները (1954թ․ եւ 1999 թ․): Բացի այդ՝ ցանկացած օկուպացիայի օրինականությանն առնչվող հարցերը կարգավորվում են նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ «jus ad bellum» սկզբունքով։

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ օկուպացիայի կամ դրան հավասարազոր ցանկացած իրավիճակի («ներխուժում», «ազատագրում», «օկուպացիա») ստեղծման դեպքում կիրառվում է օկուպացիայի մասին վերոհիշյալ օրենքը (Հաագայի 1907 թ. կոնվենցիա, հոդված 42), եւ դրա կիրառելիության համար էական պայման չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օկուպացիայի օրինականության հաստատումը եւ դրա ընդունելի լինել-չլինելը, ռազմական գործողությունների նպատակի մասին պարզաբանումները»։