Երկունք

Երկունք

Երկունքի մեջ ենք բոլորս: Մեկս մյուսին հանդիպելիս առաջին հարցը, որ տալիս ենք, սա է. «Վերջն ի՞նչ է լինելու…»: 
Առայժմ ընդդիմությունն անզոր է ժողովրդին զորաշարժի ենթարկելու: Մինչ այժմ կատարված փորձերը գոհացուցիչ չեն: Իշխանական մարդիկ էլ, ի տես սրան, երեւի հրճվում են: Բայց պետք է ասել, որ նրանց հրճվանքը խորք չունի: Նրանց շարքերում խոշոր ճաքեր են բացվել: Բոլորն էլ հասկանում են, որ այս իշխանությունն ապագա չունեցող իշխանություն է: Սրանք ինչքան ուժ ունեին, հարվածեցին մեր ժողովրդի միասնությանը, նրանց մեջ կոտրեցին հավատն ու վստահությունը: Նայեք աշխարհում տեղի ունեցող ընտրություններին: Որեւէ ճամբարից հնչող առաջին խոսքը լինում է ժողովրդի բոլոր հատվածներին ուղղված միասնության կոչը: Ցավոք, սրանք շատ հեռու են այս կուլտուրայից: Թշնամու ճամբարից հասնող լուրերն ու միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների քաղաքական վերլուծությունները վկայում են այն մասին, որ այս իշխանությունը, ավելի ճիշտ՝ այս վարչապետի մնալն առայժմ անհրաժեշտ է հենց Ադրբեջանի ղեկավարությանը:

Ստիպված՝ հայացքներս ուղղել ենք դուրս: Վերլուծում ենք դրսի քաղաքական կամ, ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական հարցերը. Ռուսաստան, Ամերիկա, Իրան, Հնդկաստան կամ Չինաստան: Ճիշտ է, ոմանք համոզված են, որ ամեն ինչ կատարվում է մեծերի կողմից նախամտածված սցենարով: Թող այդպես լինի: Իսկ մենք ի՞նչ պիտի անենք, եթե դա այդպես է: Ձեռքներս ծալենք ու սպասե՞նք…

Ո՞ւր են այն հայորդիք, ովքեր պիտի հայտնվեն հարթակում ու ստանձնեն փոթորկի մեջ հայտնված այս նավի ղեկը եւ նրան հասցնեն խաղաղ ջրերին: Բայց մինչ այդ ո՞րն է մեր անելիքը, մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս: Դրա համար պետք են սառը դատողություն, Հայաստանի ու հայության ապագայի նկատմամբ հավատ, կուռ տրամաբանություն եւ, իհարկե՝ հավաքական կամք ու միասնություն:

Մեր հարցերով շահագրգռված դրսի երկրները՝ թշնամի լինեն կամ բարեկամ, նայում են մեզ: Անկախ աշխարհաքաղաքական դասավորումներ մտմտացող կամ ձեւավորող ուժերից, նրանց խաղաքարտերի վերջնական դասավորման գործում վճռական դերը վերապահվում է մեզ: Չպիտի մի վայրկյան իսկ կասկածել, որ նրանք, ի տես մեր այս վերջին ընտրության, Արցախի հարցի ռազմական լուծումն առաջաձգեցին:

Մոտ անցյալի պատմության մեջ քիչ չեն այն դրվագները, երբ աշխարհակարգ ճշտող մեծերն ու աշխարհաքաղաքական հանգուցալուծում առաջադրող գերպետությունները միշտ էլ իրենց մտքի ետեւում հաշվի են առնում տվյալ ժողովրդի կամեցողության ու վճռակամության դերը: Դա հենց տվյալ ժողովրդի կամքի դրսեւորումներն են, որ վերջին վայրկյանին կարող են խառնել նրանց խաղաքարտերի ողջ համակարգը: Այդպիսի վառ օրինակներից է հենց մեր հարեւան, բայց թշնամի երկրի պարագան՝ Առաջին աշխարհամարտի ավարտի օրերին, երբ աշխարհի գրեթե բոլոր գերմեծերը որոշել էին մեկընդմիշտ փակել «Եվրոպայի հիվանդ մարդու» հարցը: Սակայն թուրքերը վերջին պահին կամք դրսեւորեցին եւ սարսափելի կորուստների գնով կարողացան ստիպել մեծերին, որ հաշվի նստեն նաեւ իրենց հետ: Եվ այսօր նրանք պատրաստվում են նշելու այդ օրվա 100-ամյակը:

Նույնը՝ նաեւ մեր բարեկամ երկրի՝ Իրանի մասին: Երկրորդ աշխարհամարտի ավարտին սովետական զորքերը, առանց մի գնդակ կրակելու, անարգել մտան Հյուսիսային Իրան եւ երկրի հյուսիսարեւմտյան նահանգներում ստեղծեցին սովետական կողմնորոշումներով երկու հանրապետություն: Իսկ Սովետական Միությունն այդ օրերին դաշնակիցների ամենահզոր կռվանն էր` Եվրոպայի փրկարարը ֆաշիստական Գերմանիայի ճիրաններից: Իրանի այդ օրերի ղեկավարությունը, հանձին պատանի տարիքի նորանշանակ թագավորի, անկարող էր դիմագրավել այդպիսի ծանր փորձանքները: Իսկ երկիրը հյուծված ու քայքայված էր: Իրանի ժողովուրդը կամք դրսեւորեց՝ իր քաղաքական այրերի հանձնառու կեցվածքով բանակցությունների մեջ մտավ մեծերի հետ եւ կարողացավ ճկուն դիվանագիտությամբ մասամբ հարթել դրսի հարցերը, որից հետո Իրանի բանակը՝ ժողովրդի անվարան աջակցությամբ, ընդամենը մի քանի օրում մաքրեց այդ նորաստեղծ սովետական սոցիալիստական ռեսպուբլիկաներին եւ վերականգնեց երկրի ամբողջականությունը:

Մեր պատմության մեջ եւս պակաս չեն այդպիսի դրվագները: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ցեղասպանության ենթարկված, համաճարակներով հիվանդ եւ հուսահատ ժողովրդի ծոցից ելած հայորդիներն «անձեւ քաոսից» անկախ հանրապետություն կերտեցին:
Միայն այս դեպքում է, որ կարող ենք հավակնել, որ վերջը լավ է լինելու...

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ