Ստատուտ՝ հանուն անորոշության

Ստատուտ՝ հանուն անորոշության

Մինչ ԱԺ ՔՊ խմբակը պատեպատ է դիպչում Հռոմի ստատուտը (ստի տուտը) վավերացնելու համար, Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ջանք չի խնայում՝ ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը չէր ուզում, որ արցախցիները տեղահանվեին, ամեն ինչ անում էր՝ դրա դեմն առնելու համար, բայց… բայց «Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն արեց հնարավոր ամեն բան՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը եւ այլ հանցագործությունները»։

Այսպես է խոսել Էդմոն Մարուքյանը՝ ապացուցելով, որ ինքը շատ վատ պատմաբան կլիներ, եթե պատմաբան լիներ: Մարդը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչու հանկարծ ՄԱԿ-ի, այսպես կոչված, «դիտորդները» լցվեցին Ստեփանակերտ, ինչ անցքեր էին տեղի ունեցել մինչ այդ՝ 44-օրյա պատերազմ, ազատագրված տարածքների, Հադրութի եւ Շուշիի հանձնում, հայկական զորամիավորումների փախուստ Արցախից, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում եւ միջազգային ասպարեզում արդեն երեք տարի «ցռան Վերգոյի» լայն համարում ունեցող իր շեֆի՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու» հայտարարությունը, որ հատեց մտագարության անգերազանցելի բոլոր սահմանները: Հետաքրքիր է իմանալ, թե Ստեփանակերտում այդ ինչ պետք է արձանագրեին ՄԱԿ-ի դիտորդները, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նրանց ցույց է տալիս բարեկարգ Ստեփանակերտն ու բացատրում, որ հայերն այստեղից փախել են Նիկոլ Փաշինյանի «ցռան» կառավարության մեղքով: Մենք պատրաստ էինք նրանց համար անել ամեն ինչ, խնդրեմ, այս մեքենաների մեջ հումանիտար բեռներ են, մյուս բեռնատարներում՝ ալյուր, սրանք էլ՝ մեր պաշտոնյաները, որ պատրաստված եկել էին՝ արցախցիներին Ադրբեջանի քաղաքացիություն եւ սահմանադրական իրավունքներ շնորհելու համար:

ՄԱԿ-ի դիտորդները, պարոն Մարուքյան, ոչ մի պատճառ չունեին Ադրբեջանի ղեկավարությանը չհավատալու համար: Բայց, ահա, Հայաստանի ղեկավարներից այնտեղ ոչ ոք չկար, որ պատմեր ադրբեջանցիների գազանությունների ու ձեռնարկած էթնիկ զտումների մասին: Եվ ոչ միայն Հայաստանի ղեկավարներից ոչ ոք չկար, եւ ոչ միայն այդ ժամանակ Ստեփանակերտում չէր մեր հատուկ դեսպանը, այլեւ Արցախն էր այլեւս լուծարված՝ որպես քաղաքական միավոր: Պատմաբանը պետք է որ այս ամենը բերեր իրար մոտ եւ հետո միայն գնահատական տար ՄԱԿ-ի, «այսպես կոչված, դիտորդական առաքելության» գործունեությանը: Թե բա՝ օրինականացրին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը եւ այլ հանցագործությունները:

Լավ պատմաբան լինելու հարցում Էդմոն Մարուքյանին ուրիշ բաներ էլ են խանգարում: Օրինակ… Էդմոն Մարուքյանը վատ հիշողություն ունի: Նա մտահան է արել միջազգային դիտորդների, այսպես կոչված, «առաքելությունը» ՀՀ սահմանամերձ շրջաններ, իսկ իրականում՝ Երեւանի եւ Գորիսի սրճարաններ: Եթե Էդմոն Մարուքյանը ջանք թափեր ու հիշեր սույն փաստը, նաեւ այն, թե ում «ցռան» կառավարությունն էր, ի հեճուկս Ռուսաստանի, հրավիրել այդ դիտորդներին, այսօր անգրագետ-անգրագետ գնահատականներ չէր տա ՄԱԿ-ի առաքելության դիտորդներին: Բա հաթաթա՞ն… «Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ նմանակելով Նիկոլին: Ի՞նչ ասեմ, մնում է, որ մի հատ էլ ՀՀ ՔԿ-ն մի հատ քրեական վարույթ սկսի ՄԱԿ-ի դիտորդների դեմ:

Բայց գամ Հռոմի ստատուտին: Նայում եմ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության շարքերին ու մտածում՝ տեսնես մինչեւ 2018թ. թավշյա խեղկատակությունից առաջ նրանցից քանի՞սը գիտեին Հռոմի ստատուտի մասին: Բայց դու տես, որ այսօր նրանք ճռվողում են այդ փաստաթուղթը վավերացնելու օգուտներից: Իրավունք ունեն առանց Սահմանադրություն փոխելու անել դա, չունեն, այն անդրադառնալու է իրենց ու իրենց քրմապետի հետագա ճակատագրի վրա, չի անդրադառնալու, միակ դաշնակիցը դա թշնամական քայլ է որակել, չի որակել… ՔՊ-ի տանձին չեն այս հարցերը: Ասել են՝ անում են: Ասել են՝ վավերացրեք, վավերացնում են, որ վաղն ասեն՝ հետույքներդ բաց լցվեք փողոց, լցվելու են… ՄԱԿ-ի, «այսպես կոչված», դիտորդական առաքելությունն էլ պիտի գա եւ Մարուքյանի ասած՝ օրինականացնի Հայաստանում տեղի ունեցած «հեղաշրջումը», որի մի մասը կիրականացնի դաշնակիցը, իսկ մյուս մասը՝ այդ դաշնակցի դաշնակիցը՝ Ադրբեջանը, յա թե չէ՝ Թուրքիան:

Պարոն Արծվիկ Մինասյան, զուր ջանքեր են, սրանք հասկացողը չեն: Նրանք պարզապես չգիտեն, թե իրենց ինչ են ասել, եւ իրենք ինչ են անում: Լսել են միայն, որ այդ փաստաթուղթն իրենց հնարավորություն է տալու միջազգային դատարանի առջեւ կանգնեցնել Ադրբեջանին, բայց չգիտեն, որ Ադրբեջանն այդ դատին ներկայանալու է ոչ միայն ՄԱԿ-ի, այլեւ ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ եւ բոլոր հնարավոր միջազգային կազմակերպությունների, «այսպես կոչված», փաստաբաններով ու նավթադոլարների սպասող դատավորներով: Դրանից հետո կհասցնի՞, արդյոք, Էդմոն Մարուքյանը մի նոր հարցազրույց տալ ու փնովել միջազգային դատարանին: Չգիտեմ, չգիտեմ: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, հավանաբար, Երեւանը տված ու Վանաձոր փախած կլինեն:

ՀԳ. Դեռ գրվում էր այս հոդվածը, երբ լուր տարածվեց, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ հերթական թշնամական քայլը կատարելով Ռուսաստանի Դաշնության դեմ: Կարող էին, իհարկե, չանել այդ քայլը, եւ դեռ շանս կմնար երկիրը պահելու: Արձանագրենք՝ 3 հոկտեմբերի, 2023թ., ՀՀ իշխանությունները տվեցին Անկախ Հայաստանի դեկոմունիզացիայի մեկնարկը: