Բաց նամակ կրթության պատասխանատուներին

Բաց նամակ կրթության պատասխանատուներին

Նկատառումներ եւ որոշ մտահոգություններ ուղեղային նոր կենտրոնի՝ «Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն» նորաստեղծ հիմնադրամի շուրջ։

Այո՛, Կրթության ազգային ինստիտուտի «ջախջախիչ» լուծարումից հետո, ուր իրենց գործունեությունն էին ծավալում հանրապետության հանրակրթական գործի լավագույն մասնագետները, հանրակրթության դասագրքերի, ուսումնական եւ մեթոդական ձեռնարկների, ուղեցույցների ու բազմաթիվ գիտամանկավարժական հոդվածների հեղինակների մի փայլուն համաստեղություն, փոխարենը հանրակրթության համակարգում հայտնվեցին անձեր, որոնք գրեթե անհաղորդ ու անտեղյակ էին հանրակրթությունում տիրող ցավոտ ու կնճռոտ խնդիրներին, ուստի այս պարագայում իսկապես որ հրամայական ու ողջամիտ պահանջ էր առաջացել այդպիսի կենտրոնի ստեղծումը, նրա առկայությունը:

Կրթությունն այն ոլորտն է, որտեղ, բացի մանկավարժական գիտելիքներից ու կրթության մասին փիլիսոփայելուց, պահանջվում է նաեւ երկար տարիների գործնական աշխատանք:
Աշակերտի եւ ուսուցչի առջեւ «կանգնելուց» հետո է երեւում, թե դու ով ես:
Գործող առարկայական չափորոշիչների՝ նրա թերությունների ու առավելությունների մասին կարող են լուրջ դատողություններ անել միայն նրանք, ովքեր տարիներ շարունակ գործող չափորոշիչներով ու ծրագրերով աշխատել են ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներում՝ բազմաթիվ ուսուցիչների հետ:

Կրթության համակարգում կիսագրագիտությունն ու դիլետանտությունը պարզապես կործանարար են համակարգի համար: Ըստ այդմ էլ՝ ուրախալին այն է, որ այժմ կրթության նախարարությունը հետադարձ հայացքով նկատում է, որ առանց փորձառու ու ճանաչված մասնագետների հեռու գնալ չես կարող, պարզապես կեսճանապարհին կմոլորվես:

Բայց միայն այսպիսի խնդրանք ու հուշում-զգուշացում․ այս նոր կենտրոնի աշխատակազմը ձեւավորելիս մեծագույն պատասխանատվությամբ հետեւել տվյալ անձի անցած ուղուն ու գործունեությանը, նրա ձեռքբերումներին ու ճանաչվածությանը (իհարկե, եթե իսկապես ուզում եք հանրակրթությունը դուրս բերել այս վիճակից): Կա մտավախություն:
Օրինակ, ի՞նչ կատարվեց հանրակրթության առարկայական նոր չափորոշիչների ստեղծման համար հայտարարված մրցույթի հետ. դա պարզապես ծիծաղելի էր եւ ամոթ էր մեր կրթական համակարգին: Նույնիսկ մրցույթին դիմող չափորոշիչներով զբաղվող հայտնի մասնագետներին ու քաջատեղյակներին չհրավիրեցին մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլին: Ինչ է՝ չէի՞ք ուզում մեր երեսը տեսնել, ինչո՞ւ…

Այդպես էլ պարզ չեղավ, թե ինչ սկզբունքներով ու պահանջներով նրանք «հաղթեցին»: Ինչեւէ: Ծաղրական այս վերաբերմունքը կայացած մասնագետների նկատմամբ նախեւառաջ թիկունքից մեծ հարված էր բարեփոխումների ճանապարհը բռնած մեր կրթական համակարգին: Իսկ մրցույթի կազմակերպիչների տգիտության մասին խոսելն այժմ, կարծում եմ, ավելորդ է:
Իհարկե, որոշ բացառություններ եղան (գուցե իրենց տգիտությունը թաքցնելո՞ւ համար):

Ժամանակն է, որ սթափվենք ու զգաստանանք, որ երկիրը կառուցվում ու զարգանում է միայն ու միայն մասնագիտական դաշտում: Իսկ հատկապես կրթության դաշտում նաեւ առանց փորձառության, փորձառու անձի ու տարիների իմաստության չես կարող ցավերը տեսնել, խոչընդոտներն ու թերությունները բացահայտել ու հիմնավորել, ուստիեւ՝ հաղթահարել բարդ ու դժվարին այս ճանապարհը: Մեզ անհրաժեշտ է ետ նայել՝ միայն անցյալի սխալներից դասեր քաղելու ու մեր վաղվա օրը այլեւս կեղծիքներով չկառուցելու համար:

Ձեր բարեկամ՝ Ռոմեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ 

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների  թեկնածու
Կրթության ազգային  ինստիտուտի  գլխավոր  մասնագետ