Վիտալի Բալասանյանը եթե պոպուլիզմով զբաղվեր, այս տարի կընտրվեր Արցախի նախագահ

Վիտալի Բալասանյանը եթե պոպուլիզմով զբաղվեր, այս տարի կընտրվեր Արցախի նախագահ

Արցախի Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նախօրեին աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել, ասելով․«Ուզում եմ ժողովրդին հայտնել, որ լինելու են սահմանների ճշտում եւ մեր ստատուսի հստակեցում։ Ասկերանի մի մասը եւ Հադրութի շրջանը, ՀՀ եւ ՌԴ հետ աշխատանքներ տանելուց հետո, վերադարձնելու ենք»։

Ինչպես է տեղի ունենալուՀադրութի եւ Ասկերանի վերադարձը, որոնք 44-օրյա պատերազմի հետեւանքով հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, փորձեցինք մանրամասներ իմանալ Բալասանյանի կուսակից, «Ադրարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ զրույցում։

-Ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր վերադարձնել այդ տարածքները, երբ պատերազմից հետո եռակողմ հայտարարություն կա ստորագրված։

-Դուք մի մոռացեք, որ այդ հայտարարությունը ստորագրել է ոչ թե Արցախը, այլ Հայաստանը։ Ես հարցազրույցից հասկացա այնպես, որ եթե համաձայնագրում չկա Արցախը որպես կողմ, մենք ունենք ԼՂԻՄ-ի ինքնավար մարզ, որի ինքնորոշման հարցն էր դրված միջազգային բանակցությունների սեղանին եւ այդ ինքնավար մարզի մեջ էին մտնում Հադրութը, Ասկերանը, դեռ կարելի է Շուշիի մասին էլ խոսել, Մարտունու եւ Մարտակերտի մասերը, որոնք 94-ին մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, ճիշտ քաղաքականության արդյունքում, իհարկե, հնարավոր է հետ վերադարձնել։ Ինչպես որ սխալ քաղաքականության հետեւանքով կորցրեցինք այդքան տարածքը։

- Ինչպես է այդ քաղաքականությունն իրականացվելու եւ ի՞նչ ժամկետներում է հնարավոր արդյունքի հասնել։

- Մենք այլեւս չպետք է ասենք «Արցախը Հայաստան է եւ վերջ», ժողովրդի ինքնորոշումը պետք է դնել առաջին պլան, պետք է հիշեցնել ԼՂԻՄ-ի սահմանները, ճիշտ շեշտադրումներ դնել, ու վստահ եղեք, ամեն ինչ էլ հնարավոր է լինելու։Միջազգային հանրությունն այսօր հետեւում է, Ֆրանսիան խոսում է Հադրութի մասին, որ չկա, Ռուսաստանը խոսում է, որ Շուշին չկա պայմանավորվածությունների մեջ, որը եղել է մինչ պատերազմը, մենակ Նիկոլ Փաշինյանն է ասում, որ բոլոր դեպքերում այս ելքն էինք ունենալու։Սա ի՞նչ է նշանակում, եթե միջազգային հանրությունն ընդունում է, որ Հադրութը հայկական տարածք է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Բերձորից այն կողմ Ադրբեջան է, ստացվում է, որ Ֆրանսիան ավելի շա՞տ է հայի մասին մտածում, քան ինքը։

-Բայց եռակողմ համաձայնագրում հստակ նշվում է, որ կողմերը մնում են այն կետում, որտեղ դադարեցվել է պատերազմը, իսկ Հադրութը, Ասկերանի որոշ համայնքներ մենք կորցրել ենք ռազմական գործողությունների արդյունքում։

-Բայց այդ միտքը շարունակություն է ստանում, որ հետագա բանակցություններ պետք է լինեն։ Հենց այդ բանակցությունների ընթացքում էլ կլուծվի այս հարցը։

-Իսկ ո՞վ է բանակցում, եթե սահմանները ճշգրտելու ընթացքում մենք տեսանք, որ ոչ Արցախից, ոչ Հայաստանից ներկայացուցչություններ չէին մասնակցում, մեր սահմանները գծվեցին ռուսների եւ ադրբեջանցիների կողմից։

-Վիտալի Բալասանյանի ասածն էլ այդ մասին էր, որ պետք է վերանայվեն սահմանները։

-Առանց պատերազմի Դուք մտածում եք, որ Ադրբեջանը պետք է զիջումների գնա՞, տարիներ շարունակ էլ իրենք էին պայքարում տարածքների վերադարձի համար։

-Այսինքն, դուք մտածում եք հնարավոր էր առանց մի կրակոցի տարածքներ զիջել, քանի հազար քկմ է հանձնվել մեր հայրենիքից, իր սխալ քաղաքականության հետեւանքով անելանելի վիճակում է դրել ու հանձնել մեր հայրենիքից։ Իսկ ճիշտ քաղաքականության արդյունքում հնարավոր չէ վերականգնե՞լ։

-Մարդիկ անհանգստություններ ունեն, կրկին պատերազմ է սպասվում։

- Ինձ թվում է՝ճիշտ քաղաքականության դեպքում պատերազմ չի լինի, բայց եթե հանկարծ պատերազմի վտանգ լինի, ես միանշանակ համոզված եմ, որ Վիտալի Բալասանյանը չի տանի պատերազմի, նա միշտ կողմնակից է եղել դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն։ Մենք պետք է հասնենք նրան, որ Արցախն ինքնուրույն սուբյեկտ դառնա։ Այսինքն համանախագահներին պետք է բերենք 94 թվականի կնքած պայմանագրի շուրջ, որ, այո, կար Ադրբեջանի տարածք, որը մենք վերցրել ենք եւ մեզ համար անվտանգության գոտի ստեղծել, իսկ այսօր այդ անվտանգության գոտին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաեւ ԼՂԻՄ-ի մեծ մասը։ Մենք այսօրվանից սկսած պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ ես կարծում եմ, դա տասնամյակների հարց չէ, այլ մոտ ապագայում լուծվելու խնդիր։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ Վիտալի Բալասանյանը երբեւէ պոպուլիզմով չի  զբաղվել, հակառակ դեպքում այս տարի կընտրվեր Արցախի նախագահ։