Վաղը Հայաստանի հետ պայմանագիր կկնքենք՝ ֆրանսիական զենք տրամադրելու համար

Վաղը Հայաստանի հետ պայմանագիր կկնքենք՝ ֆրանսիական զենք տրամադրելու համար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կկնքեն համաձայնագրեր ֆրանսիական զենք գնելու վերաբերյալ, խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցների մասին է։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով  Parisien պարբերականին, որին էլ հարցազրույց է տվել Լըկորնյուն։

«Հայաստանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը՝ պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա Հայաստանին ապահովել իր օդային տարածքի պաշտպանությունը»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան էր հայտարարել, որ Ֆրանսիան   Հայաստանի հետ պայմանագիր կկնքի, որով  ռազմական տեխնիկա կտրամադրվի Հայաստանին։