«Կորել է» Սասուն Միքայելյանը

«Կորել է» Սասուն Միքայելյանը

Վազգեն Սարգսյանի ստեղծած Երկրապահ կամավորականների միությունը երկար տարիներ լուրջ գործոն է հանդիսացել հայաստանյան քաղաքական-հասարակական կյանքում: ԵԿՄ-ն իր բոլոր դրական ու բացասական դսեւորումներով հանդերձ` ազդեցիկ կառույց էր, ուներ իր ծանրակշիռ խոսքը: Այն գրեթե միշտ եղել է իշխանամերձ կառույց: Արցախի հարցում ցանկացած անզգույշ շարժում կամ արտահայտություն կարող էր իրար խառնել ԵԿՄ-ին, նրա հետ հաշվի էին նստում: Անգամ շարքային ԵԿՄ-ականները որոշակի ազդեցություն ունեին իրենց նեղ շրջանակում: «Երկրապահի» հանդեպ հարգանք ու ակնածանք կար. Հասարակությունը, երբեմն, երկրապահներին երես էր տալիս, աչք փակում «անկարգությունների» նկատմամբ, վերաբերվում էր որպես ընտանիքի երես առած տղաների: Պատճառն այն էր, որ մարդիկ գիտակցում էին՝ պատերազմի դեպքում այդ երես առած տղաներն են նորից կանգնելու երկրի պաշտպանության համար: 

Սա այսպես էր մինչեւ Փաշինյանի իշխանության գալը: Ու, քանի որ Փաշինյանը ընդգծված բացասական վերաբերմունք ունի այն ամենի նկատմամբ, ինչը կապված է բանակի ու զինվորականության հետ, նա, բանակի նման, սկսեց արժեզրկել նաեւ ԵԿՄ-ն: Տուշոնկա շոուվ դրվեց ԵԿՄ-ի քանդման սկիզբը: 2018-ից հետո անգամ ԵԿՄ-ի փաստացի լուծարման վարկածն էր շրջանառվում: Սակայն, Փաշինյանը որոշեց այս կառույցը վերաձեւավորել եւ դարձնել իր հերթական խամաճիկ կառույցը` ինչպես ոստիկանությունը, ԱԱԾ-ն, իրավական համակարգը: Ու բերեց ԵԿՄ-ի նախագահ նշանակեց 2018-ի հեղափոխությունը արցախյան պատերազմից բարձր դասող Սասուն Միքայլեյանին: 2020-ի 44-օրյա պատերազմի պարտությունից ու նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարության ստորագրումից հետո, հասարակության ստվար մասը սպասում էր, որ Սասունն ու նրա ղեկավարած ԵԿՄ-ն վերջապես խելքի կգան ու կհասկանան, թե Հայաստանում ովքեր են եկել իշխանության:

Սասուն Միքայելյանը լռեց: Նա լուռ է Փաշինյանի աղմկահարույց թրքահաճո ելույթներից հետո, Արցախը հանձնելուց հետո: Լուռ է, երբ Փաշինյանը Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» անվան տակ դնում է տոտալ շրջափակման ու վտանգի տակ: Նախկին «Երկրապահը» ոտքի կկանգներ ու իշխանությունից դուրս կշպրտեր իր ազատագրած երկիրը մաս-մաս թշնամուն նվիրաբերողներին: Այո, երկրապահներից եղան մարդիկ, ովքեր ընդվզեցին, հայհոյեցին, հոխորտացին իշխանության դեմ, բայց դա գործնական միս ու արյուն չստացավ, քանի որ ոչ բոլորն էին պատրաստ դուրս գալու փաշինյանական իշխանության դեմ, քանի որ Սասունը «Նիկոլի մարդն է»: Երբեմնի հաղթանակած երկրապահները հանդուրժեցին թուրքի առջեւ նվաստացող ու ամեն օր պարտվող իշխանությանը: Անգամ Արցախի հայաթափումից առաջ, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի խաղաղ բնակչության վրա, շարքային շատ երկրապահներ շտապել են ԵԿՄ տարածքային կառույցներ եւ ցանկություն հայտնել մեկնել Արցախ` պաշտպանելու: Սակայն, նրանց տուն են ուղարկել, ասելով, թե` դա արդեն մեր կռիվը չի: Մարդիկ հուսահատված ու հիասթափված ետ են վերադարձել իրենց տները` լուրերով ցավով հետեւելու եւ տեսնելու, թե ոնց են հայաթափվում իրենց պաշտպանած հողերը: 

Սասուն Միքայլեյանը շարունակում է լռել. նա լուռ էր երեկ, լուռ է այսօր... Տպավորություն է, թե Միքայելյանը չկա, գոյություն չունի...կորել է...