ԵՄ 40 դիտորդները չեն երաշխավորի Հայաստանի անվտանգությունը, բայց Ռուսաստանին կազատեն այդ պարտավորությունից

ԵՄ 40 դիտորդները չեն երաշխավորի Հայաստանի անվտանգությունը, բայց Ռուսաստանին կազատեն այդ պարտավորությունից

«Ուզում եմ ողջունել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- կառավարության նիստի ժամանակ ասել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե փորձագիտական շրջանակները կարծիք են հայտնում, որ առաքելության գործունեության ժամկետը պետք է երկարացնել կամ, ընդհանրապես, դարձնել անժամկետ: Ինչո՞վ է, ընդհանրապես, զբաղվելու այդ դիտորդական առաքելությունը, ի՞նչ նպատակով է այն ժամանել Հայաստան, եւ ի՞նչ արդյունք է ակնկալվում այդ առաքելությունից։ Այս հարցերի մասին ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ նրան կից փորձագիտական շրջանակները լռում են:

ԵՄ դիտորդական առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման շրջանակներում: Ի սկզբանե հայտնի է, որ առաքելությունը գործելու է 2 ամիս: Եթե ժամկետի առումով ամեն ինչ պարզ է, ապա առաքելության մանդատն ընդհանրապես հստակեցված չէ: Ամենահավանական տարբերակն այն է, որ դիտորդները պետք է օգնեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկին, քանի որ նույն Պրահայում որոշում է կայացվել՝ մինչեւ տարեվերջ պատրաստել եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը: Մինչդեռ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրում այս պահին բացառվում է. կողմերը տրամագծորեն հակադիր դիրքորոշում ունեն մի սկզբունքային հարցի շուրջ, որը Հայաստանը կոչում է ճանապարհների ապաշրջափակում, իսկ Ադրբեջանը՝ միջանցքի տրամադրում: Հայաստանը հայտարարում է, որ բացառվում է միջանցքային տրամաբանության մեջ որեւէ փաստաթղթի ստորագրումը, Ադրբեջանն ու Թուրքիան էլ պնդում են, որ Սյունիքով անցնող ճանապարհը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը, որն այս պահին չի վերահսկվում Ադրբեջանի կողմից. ճանապարհի վրա Ադրբեջանը մաքսային ու սահմանային հսկողություն չի իրականացնում: Նշանակում է՝ դիտորդները սահմանագծմանն ու սահմանազատմանը չեն կարող օժանդակել, քանի որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, եթե, իհարկե, կողմերից մեկը չփոխի իր դիրքորոշումը:

Ադրբեջանը սպառնում է, որ եթե Հայաստանը շարունակի ձգձգել միջանցքի տրամադրումը, ինքն ուժով կբացի այն. հերթական անգամ կմտնի Հայաստանի տարածք` կտրելով Սյունիքը մնացյալ Հայաստանից: Եթե Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան իրականացնի Հայաստանի դեմ, ի՞նչ են անելու ԵՄ քաղաքացիական դիտորդները: Մեծ հաշվով՝ ոչ մի բան. նրանք, առավելագույնը, արձանագրելու են ագրեսիայի փաստը: Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրագործված ագրեսիան արձանագրվել է նաեւ սեպտեմբերի 13-ին, առանց դիտորդների ներկայության: Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ անդամ երկրները, կոչ են արել Ադրբեջանին՝ դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ վերադառնալ մինչեւ սեպտեմբերի 13-ն առկա սահմաններին: Որեւէ արդյունք տվե՞լ են այդ կոչերը եւ հորդորները. զրո արդյունք: Նույնը տեղի կունենա, եթե Ադրբեջանը հերթական անգամ դիմի ագրեսիայի, եւ Հայաստանի զինված ուժերը չկարողանան հետ մղել հարձակումը: Բոլորը կարձանագրեն ագրեսիայի փաստը, կոչ կանեն՝ վերադառնալ նախկինում եղած վիճակին, հնարավոր է, որ նույնիսկ մի քանի պատժամիջոց կիրառեն Ադրբեջանի դեմ, ու դրանով ամեն ինչ կսահմանափակվի: ԵՄ-ն կշարունակի գազ եւ նավթ գնել Ադրբեջանից, իսկ Ադրբեջանն այդ փողը կծախսի ռազմական կարիքները հոգալու, այդ թվում՝ բանակն ամենաժամանակակից զինատեսակներով զինելու համար: Դիտորդներն էլ կվերադառնան իրենց երկրներ՝ համարելով, որ իրենց առաքելությունն իրականացրին՝ ֆիքսելով ադրբեջանական ագրեսիան:

Կարելի է մտածել, որ եթե դիտորդները ոչ մի օգուտ էլ չտան, նրանցից վնաս էլ չկա, առնվազն զսպող դեր կարող են կատարել Ադրբեջանի համար: Իրականում նրանց առկայությունը որոշակի ռիսկեր եւ վտանգներ է պարունակում, որը հաշվի չառնել չի կարելի: դիտորդներ հրավիրելով՝ Փաշինյանն ուզում է Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին դաս տալ, ասելով` տեսեք, քանի որ դուք չեք կատարում ձեր պայմանագրային պարտավորությունները, Ադրբեջանի ագրեսիայի դեպքում չեք օգնում մեզ, մենք այնքան էլ անճար չենք, կդիմենք ԵՄ-ին եւ այնտեղից աջակցություն կստանանք: Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ԵՄ-ն մեզ ավելի լավ դաշնակից է, քան ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը: Մինչդեռ ԵՄ դիտորդներ բերելով եւ տեղակայելով հայ-ադրբեջանական սահմանին՝ Փաշինյանը Ռուսաստանին ազատում է Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ունեցած պատասխանատվությունից:  Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ եւ ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ, բայց, մյուս կողմից, իր սահմաններին տեղակայում է Ռուսաստանին թշնամի երկրների դիտորդների՝ որպես այդ սահմանների անվտանգության հավելյալ բաղադրիչ: 

Երբ Ադրբեջանը դիմի հերթական ագրեսիային, եւ Հայաստանը փորձի Ռուսաստանին մեղադրել իրեն չօգնելու մեջ, Ռուսաստանը կարող է ասել, որ դուք արդեն դիմել եք ԵՄ օգնությանը, ձեր տարածքում տեղակայել եք ԵՄ դիտորդներ, թող նրանք էլ գան եւ լուծեն Հայաստանն ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու հարցը: ԵՄ 40 դիտորդ բերելով Հայաստան Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ազատում է Ռուսաստանին Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորություններից: Իրավական իմաստով Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, 1997 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված բարեկամության եւ փոխադարձ օգնության պայմանագիրը շարունակում է գործել, բայց իրական կյանքում Հայաստանը Ռուսաստանի կողմից այլեւս դիտարկվում է ոչ թե իր, այլ՝ ԵՄ դաշնակից:

Արդյոք ԵՄ-ն կամ դրա անդամ առանձին երկրներ պատրա՞ստ են երաշխավորել Հայաստանի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը: Իհարկե` ոչ, դրա մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետեւ ԵՄ անդամ ոչ մի երկիր, հանուն Հայաստանի, ռազմական կոնֆլիկտի մեջ չի մտնի Ադրբեջանի եւ, առավել եւս՝ նրա հովանավոր Թուրքիայի հետ: Նրանք առավելագույնը կարող են դատապարտել, կոչ անել, անընդունելի համարել: ԵՄ դիտորդների տեղակայման արդյունքը կարող է լինել այն, որ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո հայ ժողովուրդը կարձանագրի, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Եվրոպան մեզ միայնակ թողեց թուրքի դեմ: Մի խոսքով, մենք ոնց անտեր ու մենակ եղել ենք, այդպես էլ շարունակում ենք մնալ. խեղճ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ անի` դարերով է այդպես եղել:

Ավետիս Բաբաջանյան