2013-ի ձմռանն ու 2018-ի գարնանը լռվածները

2013-ի ձմռանն ու 2018-ի գարնանը լռվածները

Նախորդ հոդվածներիցս մեկում ներկայացրել էի իշխանության ներկայացուցիչների՝ 2008 թ.-ի մարտի 1-ում լռված լինելու ֆենոմենը: Երևույթն, իսկապես, աննորմալ է. թեկուզ պաշտոնական՝ 4000 զոհերի ու անհայտ կորածների պարագայում խոսել 10 զոհի մասին կարող են միայն նրանք, ովքեր խնդիրներ ունեն բարոյականության հետ: Երկրորդ երևույթը պակաս աննորմալ չէ. 2022 թվականին դրսևորել այնպիսի վարք, որը կարող էր բնական երևալ 2018-ի ապրիլին: Այդ երևույթի «հերոսներին»  էլ կանվանեի 2018-ի գարնանը լռվածներ: Այդ երևույթը հատկապես անբնական է խայտառակ պարտությունից հետո: Այդ «հերոսները» (իրականում՝ հակահերոսները) չեն ցանկանում ընկալել, որ 2018-ի գարնանային հեղափոխությունն ավարտվել է 2020 թվականի աշնանը՝ վերջնական պարտությամբ: Եվ դրանից հետո իրենք բարոյական ոչ մի իրավունք չունեն առաջնորդվելու 2018-ի գարնանային տրամադրվածությամբ: Եվ այդ դեպքում որևէ նշանակություն չունի 2021 թ.-ի հունիս 20-ի «Ապագա կա ապագա» կարգախոսով հաղթանակը, քանի որ այն հաղթանակ էր սեփական ազգի և պետության ապագայի նկատմամբ: Դա էլ կարող են չընկալել միայն անգրագետ «պողոսների» քվեների հաշվին մանդատ ստացած անհայրենիք արարածները:
«Ապագա կա ապագա» կարգախոսով հաղթանակը (նիկոլիզմը) մեզ «պարգևում» է նորանոր պարտություններ: Այն նորանոր ստորացումներ ու վիրավորանքներ է բերում մեր գլխին:

Եվ փոխանակ մտածի այդ ողղությամբ՝ գործող իշխանությունը երկրի ներսում կտրիճ է կտրել: Այսքանն ընդհանրապես ուսապարկերի, նրանց առաջնորդի և նրանց հետ համագործակցող անձանց առումով: Այսօր նրանց միջից ցանկանում եմ առաձնացնել մեկին, որին մի ժամանակ բավական հարգել եմ: Խոսքը Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մասին է: Վերջինս ոչ միայն նրանցից է, ովքեր լռվել են 2018-ի գարնանը, այլև միաժամանակ լռվել է 2013 թվականաի դեկտեմբերի 9-ի օրը: Ֆիզիկապես, իհարկե, դա անհնար է, բայց մտածելակերպով ավելի քան հնարավոր է: Հետագա շարադրանքը կվկայի դրա հնարավորության մասին:

Դեկտեմբերի 9-ը հայտնի է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2013 թվականի այդ օրը ՄԻՊ Անդրեասյանն արտահերթ զեկույց էր հրապարակել, որում կասկածի տակ էր դրել Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը: Նշված զեկույցում մի մաս էլ նվիրված էր, հեղինակների ձևակերպմամբ, «դատական կաշառքի սակագներին»: Թե՛ Վճռաբեկ դատարանի առումով գնահատականը և թե՛ հատկապես կաշառքային սակագներն այդ ժամանակ չլսված-չտեսնված երևույթներ էին: Իհարկե, նրանից առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցրած Արմեն Հարությունյանին ՀՀ երկրորդ նախագան անվանել էր իր ամենավատ կադրը, սակայն Հարությունյանը նման արարք իրեն թույլ չէր տվել: Որպես կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպության անդամ և դրա աշխատակից՝ կաշառքային սակագների հրապարակումն ինձ համար որոտի ճայթյուն էր անամպ երկնքում՝ ինչպիսին ՀՀ երրորդ նախագահի կառավարման տարիներն էին:

Նախկին ՄԻՊ, իսկ այսօր ՀՀ արդարադատության նախարար Անդրեասյանը կոռուպցիայի դեմ պայքարի անվան ներքո աջակցում է իր վերադասին՝ գործադիր իշխանության ղեկավարին, որպեսզի դատական համակարգն ամբողջությամբ ենթարկվի նրան: Ինչն, իհարկե, անհեթեթություն է ժողովրդավարական երկրում, ինչպիսին ինքնահռչակվել է գործող իշխանությունը: Ընդ որում, նիկոլանպաստ այդ գործին նախարարը լծվել է թե՛ օրենսդրական և թե՛ պրակտիկ աշխատանքով: Առաջին դեպքում գործի է դրվում օրենսդրական դրույթների լրակազմը Նիկոլի հրահանգներին չենթարկվող դատավորներին վեթինգի (զտման) ենթարկելու նպատակով: Երկրորդ դեպքում գործում է անխափան մի սխեմա՝ նախարարը դիմում է ԲԴԽ (Բարձրագույն դատական խորհուրդ) այս կամ այն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առաջարկով: Ինչը սովորաբար ավարտվում է ոչ թե արդարացմամբ, այլ պատիժով. Իզուր չէր ԲԴԽ նախագահ կարգվել Ջհանգիրյանը՝ այն էլ օրենքի խախտումով:

Այդ ցուցակի մեջ են հայտնվում այն դատավորները, ովքեր իրենց իրավունք են վերապահում չենթարկվել իշխանության անօրինական հրահանգներին և իրենց վճիռներով անօրինական կալանքներից ազատում են ընդդիմադիր գործիչներին: Ստացվում է, որ արդարադատության նախարարը նախկին կաշառասուն (իր ասելով՝ թվով քառասուն) դատավորների դեմ պայքարի անվան ներքո այսօր փորձում է դատական համակարգն «ազատել» օրենքի տառին հետևող և իրենց անկախությունը պահպանած դատավորներից: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի զարգացում է տեղի ունեցել նրա դեպքում: Իսկ ես կասեի՝ որպես նիկոլիզմի տիպիկ օրինակ՝ ինքը լռվել է անցյալում: