Որքա՞ն հայ է լքել Խարկովը, և ի՞նչ խնդիրներ ունեն մնացողները

Որքա՞ն հայ է լքել Խարկովը, և ի՞նչ խնդիրներ ունեն մնացողները

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, ինչպես Ուկրաինայի շատ քաղաքներից, ռազմական բախումների թատերաբեմ դարձած Խարկովից եւս մեր շատ հայրենակիցներ ստիպված եղան բռնել պանդխտության ճանապարհը։ Պատերազմից ի վեր որքա՞ն հայ է լքել Խարկովը, որտե՞ղ են հիմնականում ապաստանել նրանք, եւ ի՞նչ խնդիրներ ունեն քաղաքի ու հարակից բնակավայրերի այն հայ բնակիչները, որոնք չեն արտագաղթել։ «Հրապարակ»-ի հարցերին պատասխանել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար, Ուկրաինայի «Մշակութային կապերի հայկական միություն» (АОКС) ՀԿ փոխնախագահ Համլետ Հովհաննիսյանը։

- Ուկրաինայում ընթացող պատերազմից տուժել եւ, ցավոք, շարունակում են տուժել նաեւ հայերը, որոնցից շատերն արտագաղթել են, ապաստանել ինչպես մայր Հայաստանում, այնպես էլ՝ օտար երկրներում։ Ի՞նչ վիճակագրություն կա այս մասով։

- Ճիշտն ասած, ստույգ վիճակագրական թվերի ոչ ոք չի տիրապետում, քանի որ մարդկանց ելումուտը տարերային գործընթաց է։ Կարող եմ ասել, որ պատերազմի հետեւանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, նախընտրել են եվրոպական երկրները։ Նրանց մի մասը մնացել է այնտեղ, մի մասը վերադարձել է Ուկրաինա կամ Հայաստան։ Նրանք, որոնք վերադարձել են Ուկրաինա, համակերպվել են պատերազմի պայմաններում ապրելուն, թեեւ անվտանգության երաշխիքների բացակայությանը։ Իրավիճակը Խարկովում այնպիսին չէ, ինչպիսին պատերազմի սկզբնական փուլում էր, լինում են ռմբակոծություններ, բայց դրանք զանգվածային բնույթ չեն կրում։ Անցած շաբաթ եւս ռմբակոծություններ եղան։ Այդուհանդերձ, մարդիկ հարմարվել են, աշխատում են։

- Իսկ ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ունեն մեր հայրենակիցները, ի՞նչ հարցերով են դիմում Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսություն։

- Ընդհանուր առմամբ, առաջին անհրաժեշտության հարցերի՝ սննդի, դեղորայքի եւ այլնի, խնդիր չկա, մարդիկ ամեն ինչից օգտվում են։ Իհարկե, կան բավականին թանկացումներ, բայց մարդիկ կարողանում են գոյատեւել։
Հյուպատոսարան դիմում են, հիմնականում, փաստաթղթերի հետ կապված, եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերադառնալ Հայաստան կամ դուրս գալ երկրից։ Եթե ունեն փաստաթղթի խնդիր, վերցնում են վերադարձի վկայական, ինչպես նաեւ մի շարք այլ՝ փաստաթղթային հարցերով դիմում են հյուպատոսությանը։

- Ի՞նչ ռեժիմով է աշխատում հյուպատոսությունը՝ հաշվի առնելով, որ անվտանգային ռիսկեր կան նաեւ մեր դիվանագիտական ներկայացուցչության համար։

- Պատվավոր հյուպատոսությունն աշխատում է առցանց ռեժիմով, շուրջօրյա, պատասխանում է քաղաքացիների առջեւ ծագած բոլոր հարցերին եւ տալիս խորհրդատվություն։

Արա Ալոյան