Ռուսաստանը վերածվում է Չինաստանի «կրտսեր եղբո՞ր»

Ռուսաստանը վերածվում է Չինաստանի «կրտսեր եղբո՞ր»

The New York Times պարբերականը գրում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այժմ համարվում է «թիվ մեկ բարեկամը», քանի որ երկու երկրները միասին են պայքարում ԱՄՆ դեմ։ Սակայն Ռուսաստանի նախագահը, ում հեղինակությունը բավականին «սասանվել է» վագներականների ապստամբությունից հետո, հարկ է, որ հիշի ռուս-չինական հարաբերությունների ողջ պատմությունը եւ հատկապես՝ ռուս դիվանագետ Միխայիլ Կապիցայի արտահայտությունը՝ արված դեռ 1982 թվականին, թե՝ «չինացիները ոչ մեկի հետ երկարատեւ բարեկամություն չեն անում»։ Իհարկե, ըստ ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակի, ներկայումս Արեւմուտքն անհանգստանալու կարիք ունի, որովհետեւ եթե ռուսական ռազմական հզորությունն ու Պուտինի ռեւանշիստական-կայսերապետական նկրտումները զուգորդենք չինական տնտեսական հզորության հետ, արդյունքում կստացվի չափազանց վտանգավոր խառնուրդ ողջ մոլորակի համար։ Սակայն Պուտինը՝ հակա-արեւմտական իր տարերքի մեջ ակնհայտորեն «տեմպի տակ ընկնելով» չի նկատել, որ թույլ է տվել չափազանց լուրջ, չասելու համար՝ ճակատագրական սխալ՝ այրելով բոլոր կամուրջները Արեւմուտքի հետ, որով կկարողանար բալանսավորել ռուս-չինական հարաբերությունները։

Ներկայումս այդ բալանսը խախտված է եւ դա հասկանալով, Պեկինը դա օգտագործում է իր շահերը սպասարկելու համար։ Այսինքն՝ Պեկինը դիվանագիտական ոլորտում քողարկում եւ աջակցում է Մոսկվային եւ դրանով կարողանում խուսափել Արեւմուտքի սանկցիաներից։ Արդյունքում՝ չինական կողմը ստանում է զեղչված գներով նավթ, այլ հումքային ապրանքներ, առեւտուրն իրականացվում է յուանով, որը նվազեցնում է Ռուսաստանի՝ դոլարից ունեցած կախվածությունը, սակայն նպաստում է, որ Չինաստանը դառնալ գլոբալ ապագա հեգեմոն եւ խաթարի ամերիկյան տիրապետությունը։ Ու այս ամենը փաթեթավորվում է այն ծխածածկույթով, որ երբեմն-երբեմն Պեկինը հայտարարում է, որ պետք է ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով եւ այլն։

Այս ամենի հետեւանքն, ըստ The New York Times-ի այն է, որ Ռուսաստանը Պուտինի «թեթեւ ձեռքով» աստիճանաբար վերածվում է Չինաստանի «կրտսեր եղբոր»։ Վագներականների ապստամբությունից հետո, ի դեպ, դա ավելի ցցուն կերպով է սկսել երեւալ։ Ու որքան էլ, Մոսկվայում չընդունեն դա, միեւնույնն է, հոգու խորքում խոստովանում են, որ Չինաստանը մնացել է այն նույն փակ եւ խորամանկ, հաշվենկատ երկիրը, որպիսին էր Մաոյի ժամանակներում։