Ռուսական անձնագրերի մասին

Ռուսական անձնագրերի մասին

2017-ի աշնանը «Ելք» խմբակցության ղեկավար Փ. Ն.-ն կազմակերպեց խորհրդարանական լսումներ մեր երկրի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ: Եթե 2018-ի գարնանը տեղի չունենար իշխանափոխություն, ապա կես տարի անց, ենթադրաբար, կկազմակերպեր ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկում: Բայց քանի որ կարգվեց վարչապետ՝ վերջինս կատարեց ավելի գործուն քայլ: ՀԱՊԿ հեղինակությունը գցելու նպատակով քրգործ հարուցել տվեց այդ կառույցի գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետի զինվորական կոչումով ՀՀ քաղաքացի Յու. Խաչատուրովի նկատմամբ: Իսկ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո, ռուսական սցենարով հրադադար հաստատելով՝ անընդհատ դիմեց արևմտյան միջնորդների օգնությանը: Որոնց «աջակցությամբ» էլ հասավ նրան, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Ու իրեն արդարացնելու համար անընդհատ կրկնեց, որ Արցախն արդեն տրվել էր նախկինների կողմից: 

Իսկ ոմանք մեզանում պնդում են, թե Փ. Ն.-ն ռուսամետ է, ինչ արևմտամետ: Ու ենթադրում են, թե իրենք, իրենց իրական արևմտամետությամբ, կպահեին Արցախը: Ու երբ, ժամանակ առ ժամանակ, խոսակցություն էր բացվում արցախցիներին ռուսաստանյան անձնագրեր տրամադրելու վերաբերյալ, վերջիններս անարգանքի սյունին էին գամում թե՛ նման ցանկություն հայտնած արցախցիներին և թե՛ այդ երևույթը պաշտպանող հայաստանցիներին: Հիմա ինչ՝ այսօրվա վիճակն ավելի ընդունելի՞ է, քան եթե արցախցիները համատարած ռուսաստանյան անձնագրեր ստանային ու պաշտպանված լինեին որպես այդ երկրի քաղաքացիներ: Թե՞ դեռևս ձեզ թվում է, որ արևմտյան հանրությունը չեղյալ է հայտարարելու Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու նիկոլական տեսլականը: Կա՛մ էլ պատժամիջոցներ կիրառելով և կա՛մ նույնիսկ ռազմական ուժի դիմելով՝ զսպելու է ադրբեջանաթուրքական նկրտումներն Արցախի նկատմամբ:

Չճանաչված պետական կազմավորումներից որպես օրինակ ներկայացնենք Մերձդնեստրյան հանրապետությունը: Մոլդովան, որի կազմի մեջ էր մտնում այդ տարածքը, վաղուց էր ցանկանում վերամիավորվել Ռումինիայի հետ: Վերջին մի քանի տարում անցել են գործուն քայլերի իրականացմանը: Օրինակ՝ փոխել են պետական լեզվի անվանումը. մոլդովերենը պաշտոնապես վերանվանվել է ռումիներենի: Միջանկյալ ասեմ, որ գրական ռումիներենի և գրական մոլդովերենի միջև էական տարբերություններ չկան՝ ո՛չ քերականական և ո՛չ էլ արտասանական: Սակայն Մերձդնեստրի առումով, մեծ հաշվով, խոսք չի գնում: Պատճառն այն է, որ ո՛չ դեռևս անկախ Մոլդովան, ո՛չ Ռումինիան և ո՛չ էլ Եվրոպական Միությունը, որի անդամ է Ռումինիան, ցանկություն չունեն պատերազմելու Ռուսաստանի դեմ, որը կանգնած է Մերձդնեստրի թիկունքին: Ի դեպ, չճանաչված պետական այդ միավորի բնակչության ճակատագիրը ևս, ճիշտ Արցախի նման, կախված է ռուս-ուկրաինական պատերազմի ելքից: Ավելի քան կես տարի նախապատրաստված ու լայնորեն փիառված ուկրաինական «կոնտրնաստուպի» նախաշեմին Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարության միջև խոսակցություն էր գնում Մերձդնեստրի վրա հարձակման մասին: Սակայն ուկրաինական հակահարձակման անհաջողությունը դադարեցրեց այդ խոսակցությունները:

Հ. Գ. Ինձ կարող են մեղադրել, թե որքանով է ադեկվատ «Հայաքվե»-ի գործընթացում խոսել ռուսաստանյան անձնագրերի ձեռքբերման մասին: Կարծում եմ, որ մեկը մյուսին ոչ թե խանգարում է, այլ լրացնում: Կարմիր ռուսական անձնագրերը կպաշտպանեն արցախցիներին հատկապես 2025 թվականի նոյեմբերի 8-ից հետո, երբ Ադրբեջանի կողմից դրվի ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման հարցը: Չմոռանանք, որ մեկ-երկու օր առաջ Թուրքիայի ղեկավարն Արցախի առումով հենց այնպես չէր հիշատակել 2025 թվականը: Իսկ որևէ այլ պետության կազմում Արցախը ճանաչելու օրենսդրական արգելքն օրակարգային կլինի թե՛ այսօր և թե՛ ապագայում: