Ուզեն- թե չուզեն՝ լսելու են
Չարաչար սխալվում են նրանք, ովքեր ասում են, որ անիմաստ է պայքարը, դա ոչինչ չի տալու, մեկ է` իրենց ուզածն անելու են: Իհարկե, կան գլոբալ հարցեր` մեծ պարտավորություններ ու խոստումներ, որոնք այս իշխանությունների «ճիտին պարտքն» են եւ արվելու են ցանկացած գնով, անգամ եթե մի քանի միլիոն մարդ դրան դեմ լինի: Բայց այլ հարցերում, որտեղ հանրային բողոքի լուրջ ալիք է բարձրանում, իշխանությունը գնում է զիջումների, նահանջում է իր որոշումներից: Ժամանակին նման բողոքի ալիքով Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը կանգնեցրին:
Օրեր առաջ Երեւանի տրանսպորտի գնի հետ կապված աղմուկը ստիպեց, որ գոնե առայժմ հրաժարվեն թանկացման նախագծից եւ եթե անգամ նորից բերեն, ապա փոփոխություններով կլինեն` հօգուտ երեւանցիների: Դասագրքերի հետ կապված աղմուկն էլ է ինչ-որ վերանայումներ պարտադրել: Երեկ տեղեկացանք, որ խոպանչիների հարկման հետ կապված են ուզում հետողորմյա անել: Ատեստավորման համակարգում էլ հընթացս փոփոխություններ արվեցին` անսալով բողոքողների պահանջին:
Այսինքն, հանրային պահանջին, ուզեն-չուզեն, ականջալուր են, ուստի հանրությունը պետք է պահանջատեր լինի: Եվ ոչ միայն կենցաղային հարցերում, երբ իր գրպանին ու մաշկին է դա դիպչում, այլեւ կարեւոր հարցերում: Ցավոք, մենք ազգային վեհ նպատակներ ունեցող, գաղափարական ազգից վերածվել ենք օրվա հոգսով ապրող, օրվա հացը հայթայթող եւ վաղվա մասին չմտածող հանրության: Եվ մեր պահանջներն ու հանրային ընդվզումն էլ հենց այդ հարթությունում են ծավալվում: Այ, երբ վեր կանգնենք մեր նեղ անձնական շահերից, մի քիչ ավելի բարձր նպատակներ դնենք մեր առաջ եւ որպես հանրություն ձեւակերպենք մեր պահանջը՝ ուղղված երկրի կառավարումը տապալած անձանց, հաստատ կհասնենք հաջողության:
Կարծիքներ