Պրիգոժինի ապստամբությունը բեմականացու՞մ էր․ ի՞նչ կտա այն Պուտինին

Պրիգոժինի ապստամբությունը բեմականացու՞մ էր․ ի՞նչ կտա այն Պուտինին

Ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, վկայակոչում են Ռուսաստանում ապստամբության երկու վարկած, որը կազմակերպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

Ըստ առաջին վարկածի՝ «Վագներ»-ին և անձամբ Պրիգոժինին սպառնում էր վնասազերծում, և նա չի կարողացել հանդիպել Պուտինի հետ, քանի որ ՌԴ նախագահի շրջապատն աջակցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և կանխել հանդիպումը, ուստի կազմակերպվել է «արդարության երթ»:

Ըստ աղբյուրի, Պրիգոժինը շատ նվիրված է Պուտինին, և «երթից» հետո Պուտինը հնարավորություն ստացավ ազատվել Շոյգուից և գեներալիտետի այլ ներկայացուցիչներից, որոնց այլ հանգամանքներում նա չէր կարող հեռացնել «անձնական ընկերական ամուր հարաբերությունների և իր ընկերների նկատմամբ սեփական պարտավորությունների պատճառով»:

«Վագներ»-ի, այսպես կոչված, շահառուներից մեկը Պուտինի նախկին անձնական թիկնապահ Դյումինն է (խոսքը Տուլայի ներկայիս նահանգապետ Ալեքսեյ Դյումինի մասին է)։ Պուտինը նախ հրապարակայնորեն խոստացավ խստորեն պատժել Պրիգոժինին, իսկ հետո ներեց։ Այս բոլոր բաղադրիչները հուշում են, որ իրականությունը կարող է նույնը չլինել, ինչ մենք տեսանք: Ներկայացում էր, բեմականացում…

Երկրորդ աղբյուրը հայտնել է, որ Պրիգոժինը երթից առաջ երկու ամիս չի կարողացել համաձայնություն ստանալ ՌԴ նախագահի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, թեև բազմիցս փորձել է դա անել․

«Այս ամբողջ ընթացքում իսկապես միջոցներ էին նախապատրաստվում «Վագներ» խմբավորմանն ու անձամբ Պրիգոժինին ոչնչացնելու համար։ Պրիգոժինն այլ ելք չուներ։ Նա սպասում էր, որ «երթի» մեկնարկից հետո Պուտինը կբռնի իր կողմը»։

Բայց Շոյգուն, անհապաղ հեռանալով Ռոստովից, կարողացավ արագ հասնել Պուտինի մոտ, ով, ինչպես գիտեք, չափազանց գնահատում է «առաջին ձեռքից» ստացվող տեղեկատվությունը։ 

Եվ միայն Դյումինի հետ Պուտինի զրույցից հետո իրավիճակը շրջվեց Շոյգուի և Գերասիմովի (ՌԴ բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմով) դեմ, նշել է մյուս աղբյուրը։