2021 թվականի օգոստոսի 9-ին ՔՊ քաղաքական թիմն այլ կարծիք ուներ 

2021 թվականի օգոստոսի 9-ին ՔՊ քաղաքական թիմն այլ կարծիք ուներ 

Ազգային ժողովում 2021 թվականի օգոստոսի 9-ին նիստ կար, քննարկում էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ՔՊ թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն էր, նրա թեկնածությունը ներկայացնողը նախկին ոստիկան, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը: 

Հարցը ներկայացնողին ելույթից հետո հարցեր են ուղղում եւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց է տալիս. «Պրն Խաչատրյան, քանի որ այս կարևոր հանձնաժողովի նախագահի թեկնածությունն եք ներկայացնում, վերջին շրջանում շատ է քննարկվում Տավուշում առկա անկլավների հարցը։ Վերջերս նաև պրն Վահե Ղալումյանը խոսեց դրա մասին, չբացառեց, որ դրանք կարող են հանձնվել Ադրբեջանին։ Ուզում եմ շեշտել, որ երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորները գտնվել են Տավուշի մարզում, շփվել են տավուշցիների հետ և միանշանակ արձանագրել, որ դա անթույլատրելի է իրենց համար։ Ձեր կարծիքն է ինձ հետաքրքիր Տավուշում առկա անկլավների և նրանց ճակատագրի վերաբերյալ»։ 

Արմեն Խաչատրյանը պատասխանում է. «Թեև հարցը քննվող հարցի հետ որևէ կապ չունի, սակայն կփորձեմ պատասխանել այս հարցին, և շատ լավ կլինի, որ այսուհետ հարցերը հնչեն կոնկրետ քննարկվող խնդրի շուրջ։ Եթե ուզում եք իմանալ կոնկրետ իմ կարծիքը, ապա ես ընդունելի չեմ համարում որևէ տարածքի հանձնում Ադրբեջանին։ Եթե ուզում եք իմանալ, իմ կարծիքը սա է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման իրավիճակներ չստեղծվեն»:

Ապա արձագանքում է Խամոյանը` շարունակելով. «Ես կարծում եմ կամ հուսով եմ, որ դուք ձեր այս դիրքորոշումը կբարձրաձայնեք նաև ձեր քաղաքական թիմում։ Շատ հստակ պատասխանեցիք, շնորհակալ եմ այդ հստակ պատասխանի համար»։

Եւ ուշադրություն` Արմեն Խաչատրյանի պատասխանը. «Շնորհակալություն։ Քաղաքական թիմում բարձրաձայնելու անհրաժեշտություն այդքան էլ չկա, որովհետև քաղաքական թիմի մեծամասնության, գուցե բոլորի կարծիքը համարյա թե համընկնում է այն կարծիքին, ինչը ես արտահայտեցի»։