Բլինքենն է՞լ է «նավոդկա» տալիս Հայաստանի դեմ

Բլինքենն է՞լ է «նավոդկա» տալիս Հայաստանի դեմ

Politico հանդեսում լույս էր տեսել «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հոդված։ Հաղորդվում էր, որ Բլինքենը փակ հանդիպման ժամանակ նշել է, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա։ «Ամերիկայի ձայնի» հայկական բաժինը Պետդեպի մեկնաբանություն էր խնդրել այս հրապարակման վերաբերյալ, իսկ արդյունքում Պետդեպը չէր ժխտել այս տեղեկությունը։ Նշել էին, որ անընդունելի են համարում ռազմական ագրեսիան, և որ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցությունների միջոցով պետք է ընդհանուր համաձայնության գան։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նույն խոսքերն ընդամենը օրեր առաջ ասել էր ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Տիգրան Բալայանը։

«Նա նույնպես ասել էր, որ շաբաթների ընթացքում Հայաստանի դեմ կարող է ռազմական սադրանք տեղի ունենալ, այսինքն՝ Արդբեջանը ներխուժի ՀՀ տարածք։ Տեսեք, եթե Politico-ում տրված այդ գնահատականն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, խոսքը գնում է այն մասին, որ այս ամսվա սկզբին էր եղել խոսակցությունը, բայց արդեն երկու շաբաթ անցել է, ուզում եմ հասկանալ, եթե ԱՄՆ-ն ասում է, որ իրենք մտահոգված են Հայաստանի դեմ ձեռնարկվելիք հնարավոր ռազմական ագրեսիայով և իրենք դրան դեմ են, գործնական ինչ աջակցություն են ցուցաբերել Հայաստանին․ կամ Ադրբեջանին հնարավոր սադրանքի, հնարավոր ռազմական ագրեսիայի հետ կապված ինչ մեսիջներ են հղել։ Ինչպե՞ս Ադրբեջանը կարող է պատժվել այս ամենի համար՝ սա իսկապես շատ կարևոր հարց է»,- նկատեց Մաթևոսյանը։

Ներհայաստանյան զարգացումների տրամաբանության շրջանակներում քաղաքագետը շեշտում է, որ այս իշխանությունների քարոզչամեքենան բավականին կացնային կերպով է աշխատում, և երբ որ Հայաստանից գնահատականներ են հնչում հարցի վերաբերյալ , թե Ադրբեջանն ինչ կարող է անել, ինչպես կարող է արձագանքել Հայաստանի հետ փոխհարաբերությունների տրամաբանության շրջանակներում տարբեր զարգացումներին, իշխանություններն ասում են, որ այս կամ այն մարդը «նավոդկա» է տալիս։

«Հիշո՞ւմ եք Հրանտ Բագրատյանի վերաբերյալ նման գնահատականներ էին տալիս, որ 44-օրյա պատերազմից առաջ տրամանաբանորեն մեկնաբանելով ադրբեջանական կողմի գործողությունները՝ մասնավորապես Բայրաքթարների գնման հարցերը, պայմանագրերը, նշում էր, որ արդբեջանցիները պատրաստվում են հարձակման։ Հրանտ Բագրատյանի անունն եմ տալիս այն առումով, որ հիմնական քննադատության թիրախ հետագայում դարձավ հենց Հրանտ Բագրատյանը։Այս հրապարակման համատեքստում հարց կարելի էր հղել այս իշխանություններին՝ Էնթոնի Բլիքնենը նույնպե՞ս նավոդկա է տալիս Հայաստանի դեմ։ Մենք պետք է հասկանանք, որ խնդիրն այն չէ, որ նախկին կամ ներկա պաշտոնյան, վերլուծելով իրողությունները բարձրաձայնում է սպասվող վտանգների մասին, այլ խնդիրն այն է, որ այդ վտանգների չեզոքացման հարցում Հայաստանի իշխանությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում»,-ասաց Մաթևոսյանը։

«Դժվար է ասել, արդյոք Հայաստանը կարձագանքի Պուտինի առաջարկին՝ ռուսական հարթակում քննարկել խաղաղության պայմանագիրը, թե ոչ, սակայն ակնհայտ է մի բան, Ադրբեջանը մշտապես օգտագործել է Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած ճգնաժամը՝ Հայաստանի և Արցախի վրա հարձակում իրականացնելու համար։ Դա եղավ 2020 թվականին, դա եղավ 2023 թվականին, և եթե ՀՀ իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունն ուղղված Ռուսաստանի և Իրանի դեմ մեր հարաբերությունների սառեցմանն ու սաբոտաժին, ապա զարմանալի չէ, որ Բլինքենի գնահատականները իրականություն դառնան։ Անկախ նրանից, ինքը ազդարարում է, որ իրենք նման ծրագրեր ունեն՝ դրանով իսկ դրդելով Հայաստանի իշխանություններին ստորագրել փաստաթուղթ արևմտյան հարթակում, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ առկա է վտանգ։ Հայաստանի իշխանական որոշակի շրջանակներ դա նույնպես հասկանում են, հիմա կարևորն այն է, թե Հայաստանի բարձրագույն իշխանությունները ինչ քայլեր կձեռնարկեն, որպեսզի կարողանան չեզոքացնել այս վտանգները։ Ցավոք, այս իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի մենք հետագայում նույնիսկ Հայաստանի հարցը չկարողանանք ապագայում բարձրաձայնել»,-եզրափակեց քաղաքագետը։