Մենք ոչխար չենք, որ համակերպվենք այս իրականության հետ. վաղը ժամը 1-ին կառավարության մոտ

Մենք ոչխար չենք, որ համակերպվենք այս իրականության հետ. վաղը ժամը 1-ին կառավարության մոտ

Զրուցել ենք հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ:

-Ի՞նչ բովանդակության ակցիա է, ի՞նչ խնդիրների մասին։

-Ակցիայի նպատակը հիմնական այն է, որ անցկացնելու ենք խորհրդակցություն, և ես հրավիրում եմ բոլոր այն մարդկանց, ում համար անընդունելի է այս իրավիճակը։ Փաստացի, քաղաքական ուժերը որևէ գործընթաց չեն իրականացնում վարչապետին անվստահություն հայտնելու համար, և ինձ համար անընդունելի է այս իրողությունները։ Մենք այս իրականության հետ չենք կարող համերաշխ գտնվել և պետք է մեր ընդվզումը, անհանգստությունը, բողոքը արտահայտենք։ Ես մեծ ռեսուրսներ չունեմ` կուսակցություն, որպեսզի մարդկանց մեծ խմբեր հավաքեմ, բաց ես գնում եմ կանգնեմ այնտեղ և հրավիրեմ ինձ պես մտածող մարդկանց` մեր անհանգստությունը հայտնենք օրվա իշխանությունների վարած քաղաքականության մասով և հեռացնենք։ Մենք չենք կարող նստել և տեսնել, թե ոնց է մեր հայրենիքը կործանվում՝ մեր համաքաղաքացիները զոհվում ու մեր պետությունը հանձնվում թշնամուն։ Ես ինքս որպես քաղաքացի անհաշտ եմ այս իրականության հետ, և գնում եմ 1 քաղաքացու ձայնը բարձրաձայնելու համար։ Եթե կլինեմ մենակ, ուրեմն մենակ ես եմ, որ դեմ է այս ամենին։

-Եթե Ձեր ակցիային հավաքվեն բավարար քանակի մարդիկ, ինչ եք անելու։

-Ես անցյալ տարի օգոստոսի 23-ին էլ եմ հանրահավաք հրավիրել և իմ օրակարգը եղել է՝ խոսել վարչապետի հետ։ Ես այս կարծիքին եմ մնում։ Ստացվել է այնպես, որ վարչապետը միայն խոսում է հանրային հեռուստատեսությունում, ինչ-որ տեսակետներ է հայտնում, պատասխան չի լսում։ ԱԺ-ում ընդդիմության հարցերը վերածում է ինչ-որ անհասկանալի բանավեճերի՝ կոռուպցիոն փոխադարձ անցյալները իրար ներկայացնելով և այլն։ Բայց, այդ ամեն ինչը ոչ մեկին հետաքրքիր չի։ Եթե լինի հանրային աջակցություն, պետք է գնալ և դեմ առ դեմ՝ ուղիղ եթերում, լրատվամիջոցների ներկայությամբ խոսել, ներկայացնել  իր ապօրինությունները, հանցանքները և հայտնել նրան մեր բոլորի անհանգստությունը, անվստահությունը։ Եվ եթե լինի հանրային մեծ պահանջ, մենք կունենանք արդյունք, եթե չէ` գոնե կիմանամ, որ ես դա արել եմ, արտահայտվել եմ, որ դեմ եմ այս ամեն ինչին։

-Բազմաթիվ ակցիաներ, հանրահավաքներ կայացան, վերջինը «Ազգային կոմիտեի» ձեռնարկածն էր։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ ընդդիմությունը հաջողություն չի ունենում։

-Ես կարծում եմ, որ հասարակության ակնկալիքները ինչ-որ գործընթացի վերաբերյալ քաղաքական ուժերից է՝ մասնավորապես նրանցից, ովքեր քաղաքական հայտ են ներկայացրել և հայտնվել են ԱԺ-ում և ներկայացված են որպես ընդդիմադիր ուժ։ Բայց նրանք էլ օբյեկտիվորեն` թե չեն ուզում, թե չի ստացվում, չեն կարողանում ձևավորել քաղաքական օրակարգ և մարդկանց մոտ անորոշության զգացում է առաջանում։ Երբ մարդիկ հավաքվում են իրենց վրդովմունքն արտահայտելու համար, չեն տեսնում հաջորդ քայլը՝ քաղաքական օրակարգը, որը պետք է տանի հիմնական խնդրի լուծման։ Հիմա, մենք կրակը չենք ընկել իշխանության կամ իրենց ընդդիմադիր հռչակած պատգամավորների, կամ մյուս քաղաքական ուժերի ձեռքը։ Ի վերջո, այս պետությունը բոլորինս է՝ մեր քաղաքացիներինը, ժողովրդինը, և եթե իրենք չեն կարողանում լուծել այս խնդիրները, ուրեմն պետք է մի կողմ դնել իրենց և փորձենք մենք վերցնել նախաձեռնությունը մեր վրա և իրականություն դարձնել։ Երբ իրենք ասում են, թե մարդիկ չեն գալիս, պարզվեց, որ դա միֆ է, դա մենք երկու անգամ տեսել ենք՝ մեկը անցյալ տարի սեպտեմբերի 14-ին, մյուսն այս տարի սեպտեմբերի 19-ին և դրա հաջորդած օրերին, երբ մարդիկ դուրս էին գալիս և իրենց ընդվզումը, բողոքը ցույց տալիս, բայց հանդիպում էին մարդկանց, ովքեր  առաջնորդի դեր են ստանձնում` չունենալով քաղաքական օրակարգ, որին կհաջորդի գործընթաց։ Իմ կարծիքով, ընդդիմությունը և քաղաքացիական պայմանագիրը պետք է ԱԺ-ում անվստահություն հայտնեն վարչապետին։

Եթե իրենք չեն գիտակցում, որ նման քայլի պետք է գնան, մնում է մենք՝ քաղաքացիներով գնանք պահանջենք, որ պատասխան տան իրենց գործունեության համար։ 2021թ-ին քաղաքացիական պայմանագիրը իշխանության է եկել  ծրագրով և իշխանություն ստանալուց հետո չեն իրականացրել իրենց ծրագիրը։ Վերջի վերջո, սա խորհրդարանական երկիր է, և չպետք է հարցերը ուղղել միայն վարչապետին։ Պառլամենտը կարող է մի քանի անգամ վարչապետ փոխել, կախված կառավարության ծրագրից` արդյոք ի վիճակի՞ է իրագործել, թե չէ։ Այսօր մենք մի փաստի հետ գործ ունենք, որ գործող վարչապետը կառավարության ծրագիր է ներկայացրել, որը չի իրականացրել և իրականացնում է այլ ծրագիր։ Սա խաբեություն է, ինչը նշանակում է, որ ժողովրդին խաբել են, իշխանություն են վերցրել` այլ բան են անում։ Հիմա, մենք ոչխար չենք, որ համակերպվենք այս իրականության հետ։

-Իրենց ծրագրում ի՞նչ են խոստացել, որ չեն իրականացրել։

-Օրինակ՝ Արցախի վերաբերյալ խոստացել էին, որ Հայաստանը պետք է մնա Արցախի անվտանգության երաշխավորը։ Հայաստանը պետք է ջանքեր գործադրեր, որ արցախահայությունն ինքնորոշման իր իրավունքը իրացնի և պայմաններ ունենա իր հայրենի երկրում ապրելու համար։ Խոստացել էին՝ անջատում հանուն փրկության։ Բացեք իրենց նախընտրական քարոզարշավի ծրագիրը, կառավարության գործունեության մասին ծրագիրը և կտեսնեք, որ այս մարդիկ ասել են այլ բան, արել են` այլ բան։  Եվ եթե իրենք իրենց խոստումները չեն իրականացրել, Արցախը ենթարկվեց էթնիկ զտման, այս դեպքում մնում են իշխանության, որ ի՞նչ անեն` թշնամու շահը սպասարկե՞ն։ Թող գնան Ադրբեջանում  իշխանության ստանան, Ալիևը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի վարչապետ նշանակի...Բայց այս մարդը Հայաստանի վարչապետ չի կարող լինել։