Ժամանակը գործում է թշնամու օգտին

Ժամանակը գործում է թշնամու օգտին

Արևելքից բռնապետը հերթական սպառնալիքն է ուղղել մեզ՝ ասելով, որ եթե խաղաղություն ենք ցանկանում, ապա պետք է ընդունենք նրա բոլոր պայմանները: Այսինքն, վարչապետի աթոռից կառչած անձը կա՛մ պետք է համաձայնի դրանց, կա՛մ պատրաստվի նոր և ավելի լայնածավալ պատերազմի, քան 2020 թվականինն էր: Ասվածը նշանակում է, որ ինքը համաձայնելու է Իլհամի բոլոր պահանջներին: Որպեսզի խուսափի նոր պատերազմից, քանի որ դրա հետևանքը կլինի ավելի ծանր պարտությունը: Ինչը վստահաբար հանգեցնելու է իշխանազրկության: Նրան այլևս չեն փրկի ո՛չ վրեժի կոչերը, ո՛չ էլ նույնիսկ ձեռնասուն իրավապահ համակարգը: 

Դրանց մենք ծանոթ ենք. անկլավների հանձնում (1), Սևանա լճի արևելյան ափի հանձնում (2), ադրբեջանցիների վերադարձ «պատմական հայրենիք» (3), «Մեղրիի միջանցքի» տրամադրում (4): Առաջին պահանջի առումով արդեն խոսվում է Տավուշի մարզի 4 գյուղերի մասին: Դրան գումարենք այն հանգամանքը, որ ինքը ժամանակին հրապարակավ հայտարարել է, որ համաձայն է դրան: Եվ նոր համապետական ճանապարհ կառուցելը խնդիր չէ (Սյունիքում կառուցածը հակառակն է ապացուցում): Երկրորդ պահանջից դեռևս նորություն չկա, բայց այն հասատատ անհրաժեշտ պահին կսպրդի: Երրորդի և չորրորդի մասին բազմիցս է խոսվում, դրանք դարձել են ամենօրյա պաշտոնական խոսույթի մաս: Կազմակերպվում են քննարկումներ, հրատարակվում են ադրբեջանական «տեղանուններով» քարտեզներ: Նշվում են նույնիսկ Հայաստանի օգուտները (դա 4-րդ պահանջի մասով):  

Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ Իլհամն արդեն չի շտապում: Որովհետև տեսնում է՝ որքան անցնում է ժամանակը, այնքան փչանում են հայ-ռուսական հարաբերությունները: Եվ Ռուսաստանն էլ, բնականաբար, այլևս չի կանգնելու մեր թիկունքին, եթե ինքը որոշի դիմել ռազմական գործողության: Ավելի բարդ է Իրանի հարցը, սակայն կասկածում եմ, որ կփորձի պատերազմել Ադրբեջանի դեմ: Ինչ մնում է Արևմուտքին, ապա դրանից խոսքից բացի մենք այլ սպասելիք չունենք: Ու այդ ամենև հստակ գիտակցում է Իլհամը: Ու նա անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի կնքումը: Նախ, Նիկոլին և մեզ բոլորիս շարունակ ստորացնելով, ինչը նրան հաճույք է պատճառում: Դրա հետ միասին սեփական պահանջները պատերազմի վախով պարտադրելով, ինչը ևս գործուն մեխանիզմ է դարձել Նիկոլի պարագայում: Ժամանակն էլ, դժբախտաբար, գործում է նրա օգտին։

Իսկ Նիկոլն ու իր ենթականներն առանց հոգնելու խոսում են Իլհամի հետ համաձայնեցված 3 սկզբունքների մասին: Դրանք են՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ թվական տվյալներով հանդերձ, Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանագծման գործընթացի անցկացում, կողմերի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա տարածաշրջանային կոմունիկացիաների բացում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ դրանք արդեն պետք չեն Իլհամին: Դրանց նա համաձայնում էր այն ժամանակ, երբ առկա էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այդ խնդրի լուծումից հետո դրանք դարձել են ժամանակավրեպ: Ենթադրում եմ, սա հասկանում է Նիկոլը: Եվ փորձում է Իլհամին բերել նախկինում ձեռք բերված համաձայնությունների դաշտ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ինչ-որ երրորդ կողմ կանգնի Նիկոլի թիկունքին: Բայց այդ կողմը չկա. ռուսներին Նիկոլը թշնամացրեց, եվրոպացիները դրա տակ մտնել չեն ցանկանում: Ինչը բնական է, քանի որ հանուն ինչ-որ Հայաստանի նրանք չեն ցանկանում հարաբերությունները փչացնել հուսալի գործընկերոջ հետ:
Միակ բացառությունը Ֆրանսիան է, որը սակայն ոչինչ անել չի կարողանում: Ու դա գալիս է ավելի շատ ոչ թե Ֆրանսիայի թուլությունից, այլ նրա նախագահի ցածր հեղինակությունից: Դրա վկայությունն էր, օրինակ, Ուկրաինա արևմտյան զորքեր մտցնելու՝ վերջինիս անմիտ առաջարկը: Ինչը թե՛ քննադատվեց և թե՛ ձեռառնոցիի արժանացավ հենց Արևմուտքում: 

Հ. Գ. Հոդվածը գրվում է մարտի 8-ին, բայց բազմիցս եմ ասել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ տոնական օրերն ինձ համար որևէ նշանակություն չունեն: Դա կտևի այնքան, որքան ժամանակ մենք չենք վերականգնի մեր ազգային արժանապատվությունը: