«Հրապարակ». Կառավարման այս «մանկապարտեզը» մենք արդեն մի անգամ տեսել ենք վերջին պատերազմի ժամանակ

«Հրապարակ». Կառավարման այս «մանկապարտեզը» մենք արդեն մի անգամ տեսել ենք վերջին պատերազմի ժամանակ

Նախօրեին հայաստանյան հանրությունը շունչը պահած հետեւում էր «Սուրմալուի» կրակի հետագծին: Մինչ փրկարարները մեկուսացնում էին կրակն ու կորածներին  որոնում, սոցհարթակներում եռում էր հրդեհի թեման՝ զոհերի ու փրկվածների, պաշտոնական ցավակցական հեռագրերի մասին լուրերին հաջորդում էին վարկածներն ու ենթադրությունները՝ արդյոք սա տեռա՞կտ էր, թե՞ ոչ, սալյո՞ւտն է մեղավոր, թե՞ թաքցրած տրոտիլի արտադրությունը «Սուրմալուում», եւ գործարարներից ո՞ւմ բիզնես հետաքրքրություններին էր համահունչ կրակը:
Նորություն այս առումով չկա: Նույն իրարանցումն ու վարկածների լայն սպեկտրն ի հայտ են գալիս մեզ պատուհասած բոլոր աղետներից հետո՝ կլինի դա հրդեհ, երկրաշարժ, փլուզում, խոշոր ավտովթար կամ պատերազմ: Բայց դասեր չենք քաղում, միջոցներ չենք ձեռնարկում ապագայում զոհերից ու կորուստներից խուսափելու համար, իսկ հակազդումը զուտ իրավիճակային է, օպերատիվ:

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն արդարացավ, որ անցյալ տարի ստուգել է «Սուրմալուն», ինքն իր գործն արել է, եւ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում, որը նույն «Սուրմալու» տոնավաճառն է, հրդեհային անվտանգության եւ այլ օրենսդրության պահանջների պահպանման տասնյակից ավելի խախտումներ են հայտնաբերվել:

Բացակայել են հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգն ու հակածխային պաշտպանության համակարգը, հանրային սննդի օբյեկտները հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգեր չեն ունեցել, եղածներն էլ չեն աշխատել, շինություններում կրակմարիչներ չեն եղել, դռները դեպի դուրս չեն բացվել, հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով անցկացված են եղել օդային էլեկտրագծեր, շինարարական հիմնատարրերը պատված չեն եղել հրապաշտպան լուծույթով, կրպակաշարերը, տաղավարները տեղակայված են եղել շենքից 8 մ-ից պակաս հեռավորության վրա, արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյեկտների տարածքում հակահրդեհային ջրավազան չի եղել, շենքերում չեն եղել հրշեջ ծորակներ եւ այլն:

2021 թվականին, եթե հավատանք տեսչական մարմնին, «Սուրմալուի» տնօրինությանը խախտումները վերացնելու ժամանակ է տրվել: Այսպիսով, տեսչական մարմինն ուզում է ասել, որ պատասխանատվությունը բացառապես առեւտրի կենտրոնի տնօրինության վրա է:
Հետաքրքիր է, որ նույն ստուգումների իրականացման ժամանակահատվածում՝ 2021 թվականի ապրիլին, «Սուրմալուում» հրդեհ էր բռնկվել, որը մեկուսացնելու համար պահանջվեց 3 ժամ: Զոհեր այն ժամանակ չեղան, քանի որ տաղավարները բռնկվել էին ուշ գիշերով, բայց մարդիկ զրկվեցին տարիներով ստեղծած բիզնեսից: Իսկ տեսչական մարմինը հետեւություններ չարեց, հսկողությունը չխստացրեց: Մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանն իր տեսուչներին մի ավել անգամ չուղարկեց «Սուրմալու», որ տեսնեն, թե ինչ վիճակ է, արդյոք վերացվե՞լ են խախտումները, գոնե տարրական կրակմարիչներ կա՞ն, թե՞ ոչ: 

«Սուրմալուի» ղեկավարությունը չի շտապում պարզաբանումներ տալ: Զանգերի կամ նամակների չեն պատասխանում: Առեւտրի բաժնի պետ Վարդան Մանուկյանի ֆեյսբուքյան էջում վարկած է գրված, որը, իհարկե, չի կարելի պաշտոնական տեսակետ համարել, բայցեւայնպես վկայում է, որ այստեղ չեն գիտակցում իրենց մեղքը կատարվածի համար: Նա վերարտագրել է օգտատերերից մեկի կարծիքը՝ որ պայթյունը նման չէ փաթեթավորված հրավառությունների պայթյունի, եւ որ հնարավոր է` տրոտիլը պարկերով բերել եւ տեղում լցոնել են: «Իսկ տրոտիլը պայթում է դետոնացիայից: Բավական է մոտիկ մի ուժեղ գմփուցիկ պայթի, ամբողջ տրոտիլի պահեստը մի ակնթարթում կպայթի: Տրոտիլը կոպեկներով առած կլինեն հանքերից, որտեղ որ մշտապես պայթյուն են իրականացնում: Իրենց գերշահույթի համար մարդկանց կոտորեցին: Գոնե կարող էին անմարդաբնակ վայրում իրականացնել իրենց արտադրությունը», - կարդում ենք «Սուրմալուի» առեւտրի բաժնի պետի էջում: Վարկածի հեղինակը մարտունեցի բժիշկ Արա Ալեքսանյանն է: 

Սուրմալու - 2022 պայթյունն ու դրա շուրջ կատարվող այս երկու օրերի իրադարձությունները դիտարկելիս աչք է զարնում այն, որ դեպքին արձագանքումն անկազմակերպ էր: Սովորաբար նման պատահարների ժամանակ գոնե արձագանքման օպերատիվ շտաբ է ստեղծվում, լրատվական կենտրոն, որտեղ հավաքվում եւ մեկ միասնական խողովակով պաշտոնական տեղեկատվությունը հաղորդվում է հանրությանը՝ առողջապահական, անվտանգային, իրավապահներից, գոնե մի տարրական կետ, վրան կարելի էր դրսում սարքել, որտեղից պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվեր կառավարության որեւէ ներկայացուցչի կողմից: 

Այս ամենի փոխարեն հանրության դեմքին է շպրտվել մի կիսատ-պռատ հաղորդագրություն` տեսչական մարմնից, նախկինում կատարված ստուգումների մասին: Ո՞նց կարելի էր այդքան մարդու թողնել աղետի վայրում, երբ կար ահաբեկչության վարկած, թույլ տալ, որ անպատրաստ մարդիկ Ֆեյսբուքով հավաքներ կազմակերպեին, կամ 911-ի օպերատորը որոշեր, թե ովքեր են անհետ կորածները եւ պարբերաբար տվյալներ հաղորդեր որպես վերջնական տեղեկություն: Չէ՞ որ ունենք աղետների արձագանքման ոստիկանության ՊՆ, ոստիկանության եւ ԱԻՆ համատեղ կազմված պլան, որն այս աղետի ժամանակ որեւէ կերպ չի իրագործվել: Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես են տարբեր ՀԿ-ներ վարժանքներ անցկացնում կամավոր հրշեջ-փրկարարների համար:

Ի վերջո, ունենք մոտ 100 պրոֆեսիոնալ փրկարարներ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի դասախոսների շրջանում, որոնց կարելի էր կազմակերպված ձեւով մոբիլիզացնել, ոչ թե Ֆեյսբուքով անպատրաստ մարդիկ կամավոր փրկարարների հավաք կազմակերպեին ու գնային մի վայր, որտեղ ամեն պահի ահաբեկչական ակտ է սպասվում: Մենք տեսնում էինք աղետի վայրում պաշտոնյաների, «կուտոկով» հավաքված` կանգնած, ոստիկանապետը՝ մի կողմում, ԱԺ նախագահը՝ մյուս կողմում: Ոչ մեկի գլխին սաղավարտ չկա, դեմքին դիմակ չկա, ոչ մեկը ժողովրդին չասաց՝ ծուխը վտանգավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ նյութ է վառվել սալյուտի պահեստներում, դրա հետեւանքը մարդու առողջության վրա որն է լինելու: Եթե պաշտոնյան անձամբ գնում, ծխահարվում է ու չի հասկանում, թե ինչ է անում, նա ո՞նց կարող է մտածել քաղաքացու առողջության մասին: 

Կառավարման այս մանկապարտեզը մենք արդեն մի անգամ տեսել ենք վերջին պատերազմի ժամանակ, երբ անկազմակերպ ու քաոսային մարտավարությունը մեզ համար հազարավոր զոհեր արժեցավ եւ հայրենիքի մի մասի կորուստ: Սա նույնպես ընդհանուր երկրի կառավարման թերացումների շարքից է: Եվ ոչ մի դաս, ոչ մի եզրահանգում: