«Հրապարակ». ԳԽ պատգամավորներն անխտիր անհատական հրավերներ կստանան

«Հրապարակ». ԳԽ պատգամավորներն անխտիր անհատական հրավերներ կստանան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն օրերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանն ու Արցախը փրկելու նոր շարժման մասին։ Ղազարյանի խոսքով՝ «դանակը ոսկորին է հասել», այսպես շարունակել անկարելի է: Նա նշում է, թե օրվա իշխանությունները շեղվել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից, եւ այնտեղ ամրագրված դրույթներին հակասող գործողություններ են անում՝ Արցախի ինքնորոշումից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից են հրաժարվում, հետեւաբար, այդ փաստաթուղթն ընդունած առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները՝ ՀՀ հիմնադիր հայրերը, պետք է ոտքի ելնեն եւ պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչը տեղի է ունենում Արցախում: Ղազարյանի նախաձեռնած շարժումը կոչվում է «Անկախության շարժում»։ Այն կսկսվի օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, եւ մինչեւ անկախության ընդունման օրը` սեպտեմբերի 21-ը, ըստ Ղազարյանի, Փաշինյանը հրաժարական է տալու:

Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած շարժման վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է, սակայն ինքը վստահ է, որ Փաշինյանը հենց օգոստոսի 23-ին լքելու է վարչապետի աթոռը: Ղազարյանն օգոստոսի 23-ին հանդիպում է նախատեսել Գերագույն խորհրդի պատգամավորների հետ: Թե նրանցից ով է ընդունել հրավերը, ինչպես են արձագանքել նրանք, փորձեցինք պարզել նախկին պատգամավորներից: 

Պարզվում է` նրանցից շատերը դեռեւս հրավեր չեն ստացել: Հանրապետության առաջին վարչապետ, առաջին գումարման ԳԽ պատգամավոր Վազգեն Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Էդգար Ղազարյանից որեւէ հրավեր չի ստացել. «Հրավեր չեմ ստացել, սակայն Ղազարյանի կոչը կարդացել եմ»: Չե՞ք պատրաստվում միանալ նախաձեռնությանը, նախկին վարչապետը նշեց. «Ես բացարձակապես չեմ մտածել այդ ուղղությամբ, ոչ մի որոշում չեմ ընդունել, որովհետեւ ինձ համար լրիվ անորոշ է այս ամեն ինչը»:

Առաջին գումարման ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես ոչ մի հրավեր չեմ ստացել, ինձ հայտնի պատճառով: Պատճառն այն է, որ ես իսկապես Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կողմնակիցն եմ: Իմ պատկերացրած անկախությունն իրական է: Երբ ես ասում եմ անկախություն, հստակ գիտեմ, թե ինչ ասել է դա: Ես դեմ եմ բոլոր տեսակ ստրկամտություններին: Կեղծավորությանը եւս դեմ եմ, հենց այդ պատճառով էլ հրավեր չեմ ստացել: Ինչ վեաբերում է բուն շարժմանը, ապա այդ մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այն դեռեւս չի շարժվում տեղից: Դեռ չկա ոչ մի շարժում, ուստի ինչ-որ բան ասել չեմ կարող, սակայն կարող եմ ասել, որ, օրինակ, ինձ չհրավիրելն արդեն իսկ բնութագրում է այդ շարժումը: Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»: 

Նախկին վարչապետ, առաջին գումարման ԳԽ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ղազարյանի այս նախաձեռնության մասին առաջին անգամ մեզնից է լսում: «Ոչ մի հրավեր չեմ ստացել, նախաձեռնության մասին ոչինչ չգիտեմ, հենց նոր Ձեզնից իմացա այդ մասին»,- ասաց Հ. Բագրատյանը: Ապա նշեց, որ «եթե»-ներով խոսելը ճիշտ չէ, երբ ստանա հրավեր, այդ ժամանակ էլ կմտածի` մասնակցե՞լ, թե՞ ոչ:

Առաջին գումարման ԳԽ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ նշեց, որ դեռեւս չի ստացել հրավեր, սակայն ողջունում է այդ գաղափարը եւ ստանալուն պես կմիանա նախաձեռնությանը: 

Առաջին գումարման ԳԽ պատգամավոր Աշոտ Բլեյանը եւս նշեց, որ հրավեր չի ստացել: «Ես ընդհանուր դիմում եմ ստացել, ոչ մի անձնական հրավեր չեմ ստացել: Իմ պարագան այլ է, ես 1989-ի դեկտեմբերին էլ, 1990 թվականի օգոստոսի 23-ին էլ ունեցել եմ սեփական, ԳԽ պատգամավոր Աշոտ Բլեյանի վերաբերմունքը: Գոյություն ունի Գերագույն խորհուրդ ակումբ, որն այս ընթացքում տարբեր հավաքներ է կազմակերպել, կատարել տարբեր աշխատանքներ: Այդ ակումբը, կարծում եմ, կարող է նորից հավաքվել ու քննարկել այս հարցը: Եթե ինձ կոնկրետ հրավեր ներկայացնեն, խանգարող հանգամանք չեմ տեսնում: Ամեն դեպքում միտինգի չեմ մասնակցի»- ասաց Բլեյանը: 
Առաջին գումարման ԳԽ պատգամավոր Դավիթ Շահնազարյանն էլ, լսելով հարցը, չգիտես ինչու` վրդովված ասաց, որ մամուլին ասելու ոչինչ չունի այսօր: ԳԽ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ հրավեր ստացել է, ողջունում է Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը եւ անպայման մասնակցելու է հավաքին:

Մենք նաեւ զրուցեցինք «Անկախություն» շարժման հեղինակ Էդգար Ղազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչու առաջին ԳԽ պատգամավորներից շատերը հրավեր չեն ստացել: Էդգար Ղազարյանը շեշտեց, որ մոտ օրերս բոլորն անխտիր ստանալու են անհատական հրավեր: Այժմ իրենք հենց այդ հարցերով են զբաղվում:

ՀԳ․ Հանգստյան օրերին, մեր տեղեկություններով, Էդգար Ղազարյանը ԳԽ նախկին անդամների մի փոքր խմբի հետ նախնական հանդիպում-քննարկում է անցկացրել, որին մասնակցել են ՀՀԿ-ից Արտակ Զաքարյանը, ՀՅԴ-ից` Հրայր Կարապետյանը եւ ԳԽ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը: Մոտ մեկ ժամ է տեւել քննարկումը, տարբեր առաջարկներ են հնչել։ Թե դրանցից որը կընդունի շարժման նախաձեռնողը, կերեւա առաջիկա օրերին: