Էլ ստեղ չզանգես․ Պետրոս Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Էլ ստեղ չզանգես․ Պետրոս Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Օրերս Փաշինյանը մի ընդարձակ հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին: Ցավոք, չկարողացա նրան կենդանի լսել, որովհետեւ խոհանոցում ռադիո չունեի, բայց հարցազրույցն ավելի ուշ կառավարության կայքում կարդացի եւ այդկերպ լրացրեցի այն մեծ բացը, որ ռադիո չունենալուս պատճառով գոյացել էր ընդհանուր տեղեկացվածությանս մեջ: Այս իմաստով հատուկ շնորհակալություն ՀՀ կառավարության պաշտոնական կայքին:

Որպեսզի հարցազրույցը մեծ ուշադրությամբ ունկնդրած ընթերցողը չձանձրանա, միանգամից ասեմ, որ հարցազրույցին համարյա չեմ անդրադառնալու: Անդրադառնալու բան էլ չկա` ջուր է: Բայց մի շատ վտանգավոր պահ ֆիքսեմ այդ հարցազրույցից: Փաշինյանը խոստովանում է, որ ինքը չգիտի՝ մենք պետակա՞ն ժողովուրդ ենք, թե՞ երկար տարիներ պետություն չունեցած ժողովուրդ: Իր խոսքով՝ պատճառը գիտնականներն ու մտավորականներն են, որոնց կարծիքներն այս հարցում բաժանվում են: Ի հավելումն իր այս «հանճարեղ» երկմտության՝ նաեւ արձանագրում է, որ ճեղք է գոյացել պետության եւ ժողովրդի միջեւ: Կհարցնեք՝ իսկ ի՞նչն է այստեղ վտանգավոր: Պետք է միշտ իմանալ, որ Փաշինյանը չի ասում կամ անում որեւէ բան, որի մեջ վտանգ չկա: Այս իրողությունը քննարկման ենթակա չէ: Փաշինյանը մի մարդ է, որ իր կյանքում երբեք եւ ոչ մի նշաձող չի բարձրացրել: Հակառակը՝ միշտ իջեցրել է: Դիցուք՝ ինչ երկիր ստացավ 2018-ին, ու ինչ երկիր ունենք մենք այսօր: Իջեցրե՞լ է… Իհարկե: Այսօր նա խոսում է մեր՝ պետական ժողովուրդ լինել-չլինելու մասին: Հիմա ինձ ասացեք՝ 2018-ից մինչ օրս նրա ո՞ր հայտարարություններն ու քայլերն են նպաստել մեր՝ պետական ժողովուրդ դառնալուն: Հակառակ քայլեր, որ մենք պետական ժողովրդից վերածվենք «երկար տարիներ պետություն չունեցած ժողովրդի», ինչքան ուզեք:

Այսինքն, նա անընդհատ իջեցնում է նշաձողը: Այնքան է իջեցրել արդեն, որ աշխարհն ու հարեւանները մեզ որպես ժողովուրդ (պետական կամ անպետություն) չեն էլ ընկալում, մեզ վերաբերվում են որպես նույն լեզվով խոսող փոքրաթիվ հանրույթի, սեփական իրավունքները պաշտպանել չկարողացող մի ցեղախմբի, որ անհարմար պահին հայտնվել է անհարմար տեղում: Մի «բառադի», անանցյալ, անպատմություն, անգիտություն, անկրոն ցեղախումբ, որի հաղթանակներն ու ձեռքբերումները բացառապես որսորդությամբ զբաղվելու հետեւանք են: Վտանգն էլ հենց սա է՝ Փաշինյանը մարդկության վիճակագրությունից հեռացնում է մեր ժողովրդի տվյալները: Մենք առաջին անգամ իր օրոք պետք է մասնակցենք հանրաքվեի, ընդունենք նոր սահմանադրություն եւ դառնանք պետական ժողովուրդ: Սրան ավելացրեք նաեւ, որ այդ նոր սահմանադրության պահանջն Ալիեւն է դրել Փաշինյանի առաջ, եւ ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա:

Այսքանը, թերեւս, Հանրային ռադիոյին տված հարցազրույցի մասին: Անցնենք մեզ մտահոգող այլ հարցերի: Զորօրինակ՝ ինչո՞ւ Փաշինյանն այս հարցազրույցը չտվեց Հ1-ի Պետրոսին, այլ գնաց ռադիո: Նախ՝ Պետրոսի հետ ավելի էժան է նստում: Պետրոսն ինքն է գնում Փաշինյանի մոտ: Իսկ այս դեպքում մի ամբողջ վարչապետի են տարել Հանրային ռադիո՝ շարասյուն, ախրանկա, շենքի ստուգումներ՝ շներով եւ անշուն: Եվ հետո՝ Հանրային ռադիոյով մի քիչ դժվար է տեսնել Նիկոլի դեմքը, երբ նա խոսում է: Մինչդեռ նրա դեմքը շատ բան է ասում: Ես նրա դեմքից ի մասնավորի հստակ կարող եմ որոշել՝ մանիպուլացնո՞ւմ է, թե՞ թաքցնում ճշմարտությունը, անմեղ բա՞ն է ասում, թե՞ ասում է մի բան, որ շուտով աղմուկներ լռեցնող եւ ուշադրություն շեղող խոսակցության նյութ է դառնալու:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ Հանրային ռադիո եւ ոչ Հանրային հեռուստատեսություն, ինչո՞ւ Բարեղամ Ղուկասյան եւ ոչ Պետրոս Ղազարյան: Այս հարցը Հանրային ռադիոյի հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանին էլ էր հուզել, եւ նա չթաքցրեց իր զարմանքը. «Բարեւ Ձեզ, պարոն վարչապետ: Եթե չեմ սխալվում, հեղափոխությունից հետո սա Ձեր երկրորդ այցն է Հայաստանի հանրային ռադիոընկերություն, միգուցե՝ առաջին մեծ հարցազրույցը, եթե չհաշվենք, որ հեղափոխությունից մեկ տարի անց փոքր հարցազրույց ունեցել եք Լուրերին»: Իսկապես զարմանալի է: Իսկ չլինի՞ Պետրոսի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ինչ-որ «լիչնի նեպրիյազն» է սկսվել, եւ Պետրոսը, ասենք, Փաշինյանին հասկացրած լինի՝ Հ1-ի կողմերն այլեւս չերեւալ: Լինում են, չէ՞, այդպիսի դեպքեր՝ մարդիկ ճանաչում են միմյանց, մտերիմ են, մեկի կինը մյուսի մոտ նախարար է աշխատում, մեկը մյուսի մոտ՝ Հ1-ի լուրերի ղեկավար, ու մեկ էլ, հոպ՝ նրանց արանքով սեւ կատու է անցնում, ու հարաբերությունները, «քըռթ», փչանում են: Փորձեք մտնել Պետրոս Ղազարյանի վիճակի մեջ: Մարդը նստած՝ Հ1-ի լուրերն է անում, ու մեկ էլ, հոպ, հենց այդ լուրերից իմանում է, որ Նիկոլը կախիչ ու ցնցուղ է ջարդել, տվել ԿԳՄՍ նախարարի ձեռքը, թե տար, գինը պարզիր: Փաշինյանի հետ մարզեր գնացած ԿԳՄՍ նախարարն էլ ո՞վ է՝ Պետրոսի կինը: Ո՞վ լիներ Պետրոսի տեղը, որ Օթելլո չդառնար: Թե ինձնից ես դժգոհ՝ ինձ ասա, ի՞նչ գործ ունես կնոջս հետ՝ կարող էր մտածել Օթելլոն, ներողություն, Պետրոսը, եւ նեղսրտել: Փաշինյանն էլ, ահա, մտավախություն ունենալով, որ Պետրոսը նեղսրտած կլինի, խուսափել է Հ1-ից ու գնացել Հանրային ռադիո: Սա է այս հարցի իմ մեկնաբանությունը, որը, հնարավոր է, չհամընկնի ԱԱԾ մեկնաբանության հետ: Այս լուրջ կառույցում բավականին լավ են տեղեկացված Նիկոլի հանդեպ «լիչնի նեպրիյազն» ունեցող շրջանակների մասին եւ կարողանում են Փաշինյանին ճիշտ ուղղորդել դեպի այս կամ այն հարթակ: Ասել են` պետք չէ Պետրոսի մոտ գնալ, նա էլ չի գնացել: Իսկ թե ինչու է ԱԱԾ-ն այդպես ուղղորդել Նիկոլին, պետք է հարցնել պարոն Աբազյանին: Պետրոսը մի քիչ խառը դեմք է, էլի, հազար թելերով հազար մարդու հետ կապված: Բա որ իր իսկական բոսից հրահանգ ստանա՝ եթերում խայտառակել Նիկոլի՞ն: Նման բան Նիկոլի հետ եղել է, չէ՞: Ի՞նչ երաշխիք, որ Պետրոսը չի սարքի Նիկոլի գլխին:

ՀԳ. Չար լեզուներն ասում են, որ Նիկոլի վարչակազմի մեջ կռիվ է ընկել, որ դեռ շատ ջուր է քաշելու: Կռիվն այդ, ասում են, գցել են Փաշինյանի շրջապատի ամենակարկառուն դեմքերը, որոնք գործի ու բիզնեսի բերումով հաշվետու են Մոսկվային: ԱԱԾ-ն ու Փաշինյանն առաջիկայում ստիպված կլինեն լուրջ երկխոսություններ ունենալ այդ շրջանակի ներկայացուցիչների կանանց հետ, քանզի ամուսինների հետ խոսելը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ինչպես Նիկոլի, այնպես էլ պարոն Աբազյանի համար, որ մոռացել է ԱԱԾ-ի իսկական ծագումնաբանությունը: Այո, ակնարկս КГБ-ին է վերաբերում, որ աշխարհի եւ ոչ մի ծայրում ազգային տարազներ չի հագնում: