«Հրապարակ». Ադրբեջանցիները ոչնչացրել են Շիկահողի անտառից մի քանի հազար հեկտար

«Հրապարակ». Ադրբեջանցիները ոչնչացրել են Շիկահողի անտառից մի քանի հազար հեկտար

«Աղետալի վիճակ է` ամբողջ Շիկահողի արգելոցն այլեւս կարգավիճակով չի համապատասխանում արգելոցին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Էկո Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը։ Նա նկատել է, որ Շիկահողի արգելոցի՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածում մեծածավալ հատումներ են իրականացվել՝ թանկարժեք ծառեր են ոչնչացվել, եւ դա երեւում է անգամ անզեն աչքով՝ Սյունիքի մի շարք հատվածներից։ 

«Մի քանի հազար հեկտար փորված է՝ չգիտեմ, թշնամու կողմից: Վերացվել է անտառը։ Այդ անտառի ամեն մի ծառը երկու հարյուր տարեկան, հարյուր տարեկան կաղնիներ են, շատ թանկարժեք ծառեր։ Ծառերը չկային, հատված էին նաեւ այնտեղ, որտեղ հող փորված չէր։ Այս գործողությունները կատարվել են մասնագիտական ձեւով, այսինքն՝ հաստաբուն ծառերը կտրվել են, հավանական է՝ վաճառվել են։ Շատ թանկ են այդպիսի կաղնիները, շատ բարձր արժեք ունեն։ Այստեղ հստակ դրվել է բիզնես, օգտվել են պատերազմական վիճակից եւ ոչնչացրել են թանկարժեք տեսակի ծառերը։ Դա մի քանի միլիոն դոլարի հասնող թվեր են։ Քանի որ ինվենտարիզացիա, իհարկե, չի արվել, եւ գործողությունները մենք չենք կարող հստակ, օբյեկտիվ գնահատել, ես կարող եմ ասել, որ եթե մի քանի հազար հեկտար անտառ է հատվում, պատկերացրեք, թե ինչ իրավիճակ է այնտեղ։ Բացի այդ, մենք ոչնչացնում ենք նաեւ Հայաստանի թոքերը, քանի որ Սյունիքը նաեւ օդ մաքրող ծառեր ունի՝ դա ասեղնատերեւներն են»,- ասաց Կիրակոսյանը։

Իսկ ասեղնատերեւները ֆիլտրում են օդը։ Շիկահողի արգելոցում մեծ տեխնիկա է աշխատել, հիմնականում ադրբեջանական կողմում՝ դեպի Քաշաթաղ, ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքներում։ Հայկական կողմի վերահսկողության տակ մնացած անտառի հատվածում ծառերը ոչնչացված չեն, սակայն բերրի շերտն են հանել՝ նոր ճանապարհներ են կառուցել։

«Իշխանություններն ասում են, որ այլընտրանք չկար, բայց, ամեն դեպքում, փաստը պետք է արձանագրել, որ մենք իսկապես զրկվել ենք մեր կուսական անտառների շատ զգալի մասից։ Ինչո՞ւ հայ հասարակությունն այս մասին չի խոսում․ ոչ ոքի չեմ ուզում մեղադրել՝ հոգնել եմ այդ մեղադրանքներից, մեկ է, ոչինչ չեն անի՝ մարդիկ կա՛մ դեպրեսիայի մեջ են, կա՛մ ուղղակի հասկացել են, որ իրենք այլեւս փող չեն աշխատում՝ գրանտներով կամ դրսի փողերով, ուղղակի չեն ուզում իրենց հասարակական պարտքը կատարել։ Դրա համար մենք ունենք նկարագիր, երբ Բերձորի կամ, այսպես ասած, Լաչինի միջանցքը փակել են կեղծ ադրբեջանցի էկոլոգները, իսկ մենք չենք գնացել ու չենք փակել, չենք լուսաբանում աշխարհի համար, թե մեր անտառները ոնց են ոչնչացվել։ Այն էլ այնպես են ոչնչացվել, որ տիեզերքից կարող են դա տեսնել»,- շեշտեց Կիրակոսյանը։

Լրագրողը կարեւորեց, որ գլոբալ ձեւով պատկերացնելու համար, թե ինչ է կատարվում Երասխից սկսած՝ Արարատյան դաշտավայրից դեպի Լեռնահայաստան՝ Վայոց Ձոր, Արարատի մարզից դեպի Սյունիք․ բնակավայրերը դարձել են փոքրիկ կղզյակներ, որոնք միավորված են փոքրիկ թելիկի նման ճանապարհով, իսկ շուրջբոլորը թշնամու զորքերն են, թշնամու դիտակետերն են ու շատ տեսանելի։

«Այսինքն, եթե նույնիսկ մենք այս թրքաբարո իշխանությանը դեմ գնանք,  ուզենանք պարտիզանական պատերազմ սկսել, մենք պետք է հաշվի առնենք, որ մեր բարձունքները թշնամու ձեռքում են։ Իսկ որ ասում են՝ բան մի ցույց տվեք թշնամուն, մեր դիրքերը եւ այլն, այդ գաղափարային ջարդն արվում է, որ մարդիկ լռակյաց լինեն, եւ դա արվում է միայն թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար, որպեսզի իրականությունը հայ ազգը չպատկերացնի ու անընդհատ հավատա կեղծ խաղաղության օրակարգին»,- ասաց Նարինե Կիրակոսյանը։