«Հրապարակ». Արցախին աջակցելու կոնկրետ ծրագիր

«Հրապարակ». Արցախին աջակցելու կոնկրետ ծրագիր

2021-ի ամռանը երիտասարդ գործարարներ Արմեն Մանուկյանն ու Գրիգոր Աբրահամյանը որոշեցին ստեղծել «Սերունդ» համահայկական հիմնադրամը։ Հայտարարվեց, որ նպատակը ծնելիության խթանումն է լինելու: Հիմնադրամի նպատակն է հատկապես Արցախում բարձրացնել ծնելիության թիվը եւ դեմոգրաֆիական լուծումներով նպաստել Արցախի հարցի լուծմանը: Հիմնադրամի կողմից սոցիալական աջակցության մեկնարկն արդեն իսկ տրված է Արցախի Չարեքտար, Եղցահող, Հին Շեն եւ Մեծ Շեն համայնքներում: Այսուհետ այս համայնքներում ծնված յուրաքանչյուր երեխայի համար ծնողները կստանան ամսական 50 հազար դրամ գումար։ Եվ նպաստի վճարումը կտեւի մինչեւ երեխայի 16 տարեկան դառնալը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը եւս այս հիմնադրամի ակտիվ շահառուներից է ու նախաձեռնողներից: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Ընտրվել են սահմանամերձ համայնքներ, լավ կլինի, որ հետագայում այս ծրագիրն իրականացվի նաեւ Հայաստանում` Սյունիքում, Վայոց Ձորում եւ այլն: Ցանկացած երեխա, որը կծնվի այս համայնքներում եւ կապրի այստեղ, մինչեւ 16 տարեկան դառնալը կստանա ամսական 50 հազար դրամ: Արդեն երկու երեխա ունենք Եղցահողում, երրորդ երեխան պետք է ծնվի Չարեքտարում: Նպատակն այն է, որ մարդիկ մնան իրենց համայնքներում: Եթե ստացվի այնպես, որ ինչ-ինչ պատճառներով մարդիկ հեռանան համայնքից, ապա աջակցությունը կդադարեցվի: Առայժմ երկու երեխա է ծնվել»,- նշեց Թեւան Պողոսյանը:

Մեր այն հարցին, թե ովքեր են միացել հիմնադրամին աջակցություն ցուցաբերելու գործին, Պողոսյանն ասաց, որ անուններ այս պահին տալ չի կարող, սակայն հիմնադրամին օգնություն կարող են ցուցաբերել բոլորն անխտիր` անգամ ամսական 50 դրամի չափով։ «Ավելի լավ է ամսական 50 դրամով օգնեն միշտ, քան մեկ անգամ 100 հազար դրամ փոխանցեն, ու վերջ»,- ասում է մեր զրուցակիցը: «Ուրախ կլինեմ, որ բոլորն այս ծրագրին միանան: Այն շարունակական բնույթ է կրելու, այնպես որ՝ լավ կլինի, որ փոխանցումներն ունենան շարունակական բնույթ, նորից եմ ասում` ամսական թեկուզ 50 դրամի չափով: Հետագայում Հայաստանում եւս պետք է ծրագիրը կյանքի կոչվի: Ծրագրի կարգախոսը հետեւյալն է` «Կիսվիր այսօր, վաղը կկիսվեն քեզ հետ»»,- նշեց Թեւան Պողոսյանը:

Մենք փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք հիմնադրամի պաշտոնական կայքէջում` հասկանալու համար, թե ովքեր են աջակցում հիմնադրամին: Որքան էլ զարմանալի թվա, որեւէ իշխանական պատգամավորի, քաղաքական գործչի անուն այստեղ չգտանք, փոխարենը գտանք բազմաթիվ ընդդիմադիր գործիչների եւ անգամ քաղաքագետների ու լրագրողների անուններ: Հիմնադրամին աջակցություն է ցուցաբերել «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ, իրավաբան Սոս Հակոբյանը, Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեռուստահաղորդավար Զառա Արամյանը, լրագրող Աննա Իսրայելյանը, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը, եւ այլք: