Քաղաքապետարանի աշխատողները 2020-ին ավելի լավ են ապրելու

Քաղաքապետարանի աշխատողները 2020-ին ավելի լավ են ապրելու

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վրա 2020 թվականին պլանավորում են ծախսել մոտ 9 մլրդ դրամ՝ անցյալ տարվանից մոտ 272 մլն դրամով ավելի։ Այս 9 միլիարդից 5,5 մլրդ-ն աշխատավարձն է, որը տրվելու է 1917 հաստիքի համար։ Կան խնայողական ծախսեր։ Կապի ծառայությունների համար՝ փոստ, քաղաքային հեռախոս, բջջային, ինտերնետ, մոտ 31 մլն դրամով պակաս են ծախսելու, մեքենաների ապահովագրության գումարը մոտ 2 մլն-ով քիչ պետք կլինի, քան 2019 թվականին էր։ Իսկ  արտասահմանյան գործուղումների վրա ավելի շատ են ծախսելու՝ 114,5 մլն, որը 2019 թվականին ծախսածից 1,7 մլն-ով ավելի է։ Այս փողով արտասահման են մեկնելու ոչ միայն քաղաքապետն ու նրա տեղակալները, այլեւ վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց աշխատողները։ Ներկայացուցչական ծախսերը եւս աճել են։

Հյուրերի ուտել-խմելու, նվերներ տալու, ման տալու համար 13 մլն դրամով շատ են ծախսելու։ Ճոխ բյուջե են նախատեսել նորոգումների ու հիմնանորոգումների համար՝ 130 մլն։ Անցյալ տարվա 37 մլն-ի համեմատ սա 92 մլն-ով ավելի է։ Նորոգվելու ու հիմնանորոգվելու են Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների շենքերը։