Հաղթեցին «թշնամուն»

Հաղթեցին «թշնամուն»

Թերեւս կարող ենք շնորհավորել իշխանական քարոզիչների խմբին՝ ՔՊ-ական պատգամավորներին, ՀՀ պաշտպանության եւ տարածքային կառավարման նախարարներին, Արարատի մարզպետին եւ, իհարկե, 2018-ից հետո՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ իշխանական առաջին էշելոնում հայտնված Գարիկ Սարգսյանին՝ Վեդիում հաղթանակի համար։ Այս ծանր օրերին, երբ Արցախում ու ՀՀ սահմաններին իրավիճակը լարված է, Սուրեն Պապիկյանն ու Գնել Սանոսյանը վերը թվարկված անձանց հետ՝ Նիկոլ Փաշինյանի աչալուրջ հրամանատարությամբ, ոչ թե երկրի առաջ ծառացած բարդ խնդիրներով էին զբաղված, այլ իշխանության հերթական բաստիոնը գրավելով։ Նրանց հաջողվեց շանտաժի, վախի, առեւտրի ու անհուսության մթնոլորտ ստեղծել Վեդիի տարածաշրջանում, կոտրել վեդեցիների դիմադրությունն ու հաղթել «հակառակորդին»։

Ճիշտ է՝ այդ հակառակորդը ոչ թե ազգությամբ թուրք է կամ ադրբեջանցի, այլ հայ մարդիկ են՝ իրենց հողուջրին նվիրված, տասնյակ տարիներ այդ համայնքներում աշխատած, այդ տարածքներն ու այստեղ առկա խնդիրները շատ լավ ճանաչող մարդիկ, բայց Գարիկ Սարգսյանն ու Սուրեն Պապիկյանը հենց նրանց են թշնամի համարում, այլ ոչ թե սահմանի այն կողմում գտնվող հրոսակներին, որոնց նպատակը մեր երկիր մտնելն է, մեր հողը գրավելը, մեր երկիրը մասերի բաժանելը, իրենց հարմար ճանապարհի ու միջանցքի վերածելը։ Այնպես, որ հնարավորինս արագ եւ  ամուր հաստատվեն մեր երկրում, որ մի հարյուր, գուցե անգամ տասնյակ տարիներ հետո այնքան մեծ ներկայություն ունենան, որ Հայաստան պետության էթնիկ կազմը փոխեն, հանրային միտքը հաշտեցնեն իրենց գոյության հետ եւ տնտեսապես նվաճելուց հետո նաեւ քաղաքականապես նվաճեն Հայաստանն ու որպես ինքնուրույն միավոր՝ վերացնեն երկրագնդի երեսից՝ միացնելով իրենց, դարձնելով գավառ կամ վիլայեթ։