Ումից ինչ ակնկալել Արցախյան հարցում 

Ումից ինչ ակնկալել Արցախյան հարցում 

Ադրբեջանը երեկ կեսօրից, ըստ էության, իրականացնում է Արցախյան հարցի լուծման իր պատկերացմամբ վերջին փուլը՝ վերջնականապես զինաթափել Արցախի պաշտպանական ուժերը եւ կազմալուծել Արցախի պետական ինստիտուտները, դրանք փոխարինելով ադրբեջանական մոդելի ինստիտուտներով։ Ու պատահական չէ, որ Բաքվից բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարություններում այս մասին խոսվում է ուղիղ տեքստով՝ նշելով, թե Բաքուն արցախահայությանը «ազատագրում է տիրապետող «խունտայից» եւ հանգեցնում ինտեգրմանը Բաքվի հետ»։

Ադրբեջանի նպատակը առավել քան հստակ ու պարզ է ձեւակերպված եւ հասկանալի է։ Մեծ հաշվով այլեւս ոչ ոք էլ չի խառնվի այս հարցին, հատկապես՝ նկատի ունենալով այն, որ նույնիսկ Հայաստանն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հանգամանք, որ աչքաթող անել չի կարելի, քանի որ դրանով ըստ էության, գոնե դիվանագիտական հարթակում արձակվել են Ադրբեջանի ձեռքերը, ինչի մասին հայտարարում են Մոսկվայի ամենատարբեր մակարդակներից։ Այս իրականության պայմաններում պետք է հասկանալ, թե ով ումից ինչ ակնկալիք ունի։ Հայաստանի իշխանությունները երեկ երկրի ղեկավարի մակարդակով պարզեիպարզ հայտարարեցին, որ չեն ներքաշվելու Ադրբեջանի դեմ հերթական ռազմական բախման մեջ։ Այսինքն, Երեւանը կողքից դիտելու է, թե ինչ է կատարվում Արցախում, ինչպես, ասենք՝ Վրաստանն է դիտում։

Ըստ էության, ՀՀ իշխանությունը համարում է, որ այն, ինչ իրականացնում է Բաքուն Արցախում, մեծ հաշվով Ադրբեջան պետության ներքին գործն է։ Հայտարարությունները՝ կապված արցախահայության էթնիկ զտման մանդատ ունենալ-չունենալու կամ այլ նմանատիպ լոլոներ, ընդամենը քաղաքական հանրային խոսքի բաղադրիչ են, որ ավելին չեն, քան, օրինակ, որեւէ եվրապաշտոնյայի արտահայտած «խոր մտահոգությունը»։ Դեռ սկզբից էլ մեծ հաշվով հասկանալի էր, որ Երեւանը կբավարարվի քաղաքական հայտարարություններով (դա որպես դատարկախոսության ենթաժանր լավ է ստացվում ներկայիս հայաստանյան գործող իշխանությունների մոտց)։ Ռուսաստանից ունեցած ակնկալիքների մասին․ Այն պահից սկսած, երբ Հայաստանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ վերջում էլ փորձ արվեց Արցախի հանձնման մեղքը բարդել Մոսկվայի վրա, ռուսական կողմից տասնյակ անգամներ ասվել է, որ այդ ճանաչումը փոխում է շատ բան եւ ինչպես նկատել է ՌԴ Դումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին, այդ ճանաչումը հիմք է տալիս Բաքվին՝ կատարվողը մեկնաբանելու որպես ներադրբեջանական հարց։

Մյուս կողմից, Մոսկվան եւ Բաքուն ռազմավարական դաշնակիցներ են, ինչպես Մոսկվան եւ Երեւանը, գուցե եւ որոշ հանգամանքներ հաշվի առնելով, այս պահին ավելի մոտ դաշնակիցներ։ Ռուսաստանին արդարացնելու նվազագույն ցանկություն իսկ չունենալով, սակայն քաղաքական անմտություն կլինի չարձանագրել, որ ինչպես ցանկացած նորմալ երկիր, Ռուսաստանն էլ առաջնորդվում է իր շահերով։ Ու ակնկալել, որ Կասպիական ռուսական ռազմական նավատորմիղը ուր որ է կմտնի Բաքու կամ ռուսական ուժերը կմտնեն Ադրբեջանի տարածք, ինչպես մի առիթով նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը, պարզապես երեխայություն է։ Ռուսաստանի համար, ծայրահեղ դեպքում, մեծ խնդիր չի լինի, օրինակ, 120 հազար արցախահայությանը տեղափոխել Ռուսաստան, ցրելով իր անծայրածիր տարածքում՝ ապահովելով բառացիորեն ամեն ինչով, սկսած էթնոմշակութային ինքնավարությամբ, որպես տեղի հայ համայնքի մաս եւ օգտագործել որպես որակյալ աշխատուժ, դրանով իսկ լուծելով Արցախի հարցը։ Ու հաշվի առնելով, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները քաղաքական առումով ինչ մակարդակի են իջեցվել, պետք է առնվազն Մոսկվայից ունեցած ակնկալիքները ձեւակերպելուց առաջ ամեն ինչ դնել կշեռքի նժարներին ու մի լավ ծանրութեթեւ անել։ 

Արեւմուտքի համար տեղի ունեցողը նշանակություն ունի այնքանով, որքանով այն կարելի է օգտագործել սեփական շահերի համար՝ լինեն դրանք ռեգիոնալ կամ գեոպոլիտիկ շահեր։ Թե ԵՄ-ի, թե ԱՄՆ-ի համար առաջնայինը ոչ այնքան արցախահայերն են, այլ այն, թե իրավիճակը ինչպես կարելի է օգտագործել ընդդեմ Ռուսաստանի, օրինակ՝ վերջինիս ռեգիոնից հեռացնելու, ռեգիոնը վերաբաժանելու գործընթացում։ Այսինքն, սպասել, որ ամերիկյան զորակազմ կգա ու արցախահայերին կփրկի, ռեալ չէ։ Թուրքիայի համար այս իրավիճակը հերթական առիթն է սեփական դիրքերը ինչ որ կերպ ամրապնդելու, որոնք նկատելիորեն սասանվեցին Սոչիի վերջին բանակցություններից հետո, եւ տարբեր խաղացողների, ներառյալ նաեւ Ռուսաստանի հետ իր քաղաքական առեւտուրը շարունակելու համար։ Իրանն առայժմ սպասում է, եւ չի խառնվի այնքան ժամանակ, քանի դեռ իր բարձրաձայնած «կարմիր գծերին» խնդիրը չի մոտեցել։ Մոտենալու դեպքում՝ այաթոլլաների ռեժիմը վստահորեն ունի գործիքակազմ՝ ներազդելու եւ խառնվելու։ Իրավիճակը մոտավորապես այսպիսին է ակնկալիքների մասով։