Ասպրամ Կրպեյանը կվերցնի պատգամավորական մանդատը

Ասպրամ Կրպեյանը կվերցնի պատգամավորական մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով`քանի որ Առուշ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից, ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին, ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է։

Նշենք, որ Ասպրամ Կրպեյանը ծնվել է 1990 թ. փետրվարի 20-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Ավարտել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիան՝ ստանալով միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան։ Ավարտել է նաև Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով դիվանագիտական գիտությունների մագիստրոսի աստիճան։

Աշխատել է կառավարական և կրթական հաստատություններում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում (Ժնև), ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում, Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում:

Արժանացել է մի շարք գերատեսչական պարգևների և պատվոգրերի: Արտերկրում մասնակցել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերի: Այժմ «Թաթուլ Կրպեյան խաղաղություն» հիմնադրամի համահիմնադիր տնօրենն է:

Հիշեցնենք` հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն է արել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը։ Ցուցակում հաջորդը, որը պիտի վերցներ պատգամավորի թափուր մանդատը, Գորիս համայնքի ՏԻՄ ընտրություններում վերընտրված Առուշ Առուշանյանն էր, որն այժմ կալանավորված է։