Ի՜նչ սկզբունքներ, ի՜նչ համամարդկային արժեքներ

Ի՜նչ սկզբունքներ, ի՜նչ համամարդկային արժեքներ

Բազմիցս եմ անդրադարձել արեւմտյան երկրների երկակի ստանդարտներին եւ սահմանած երկակի չափանիշներին: Եվ պատճառն այդ երկրների նկատմամբ բացասաբար մտասեւեռվելը չէ: Հատկապես որ նախորդ ավելի քան երկու տասնամյակում տարվել եմ այդ արժեքներով: Պատճառն Արեւմուտքում բարձրաձայնված համամարդկային արժեքների եւ դրանց իրականացման միջեւ հակասությունն է: Եվ արեւմտյան քաղաքական գործիչների վարքը՝ եզակի բացառություններով: Իսկ վարքն այդ անընդհատ նորանոր օրինակներ է մատուցում, թե ինչպիսին չպետք է լիներ վերը նշված արժեքների վրա հիմնված հասարակությունը եւ այդ հասարակության ընտրած իշխանությունը: Հատկապես երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը:

Իսկ այդ քաղաքականությունն էլ միտված է այլ երկրների գործողություններին՝ ներքին եւ արտաքին ոլորտներում, գնահատական տալուն: Մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որպես հասարակական կազմակերպության անդամ, այդ գնահատականները միամտորեն համարում էի օբյեկտիվ՝ ոչ էական շեղումներով հանդերձ: Պատերազմը փոխեց ամեն ինչ: Ավելի ճիշտ՝ պատերազմի ընթացքում Արեւմուտքի քար լռությունն ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: Եվ նույն Արեւմուտքի վրդովմունքը Գյանջայի մեկ-երկու տուն ավերելու կապակցությամբ: Իսկ Արեւմուտք կոչվածը, օրինակ, անգլիական «Բրիթիշ Պեթրոլիում» նավթագազային ընկերությունն է, որն արտահանում է ադրբեջանական նավթն ու գազը Մեծ Բրիտանիա եւ եվրոպական այլ երկրներ:  
Բայց նույն Արեւմուտքը հսկայական քանակի պատժամիջոցների դիմեց ընդդեմ Ռուսաստանի: Որ համարձակվել է պաշտպանել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ռուս ազգաբնակչությանը: Ռուսական զինուժի հատուկ ռազմական գործողության արդյունքում Արեւմուտքը Ռուսաստանին ագրեսոր ճանաչեց, որին անհրաժեշտ է պատժել: Իսկ Ադրբեջանը 2020-ի աշնանը, ենթադրաբար, ոչ թե ագրեսոր էր, այլ երեւի՝ ազատարար: Չնայած պարզ չէ, թե որ ժողովրդին էր ազատում հայկական երկրորդ պետության լծից: Վերջինս չդիտարկվեց որպես ագրեսոր, ու այդ պատճառով էլ մարդկայնության դեմ բազմաթիվ հանցագործություններ կիրառած այդ երկրի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց: Չնայած այդ երկիրը խախտեց արեւմտյան քաղաքականության կողմից ընդունված 3 սկզբունքներից առաջինը՝ ուժի չկիրառման սկզբունքը: Իհարկե, ռեալպոլիտիկի շրջանակում խնդիրն ընդամենը աշխարհաքաղաքական շահերի տիրույթում է: Եվ, բնականաբար, տարբեր պետություններին դասակարգելու խնդիրն էլ պետք է դիտարկվի դրա շրջանակում: Ինչն էլ հենց արեւմտյան երկակի չափանիշների դրսեւորում է՝ ի՜նչ սկզբունքներ, ի՜նչ համամարդկային արժեքներ…  

Իսկ ես ու ինձ նմանները երկու տասնամյակ միամիտ-միամիտ դավանել են արեւմտյան արժեքներ: Եվ ոչ միայն դավանել, այլեւ փորձել ենք դրանք տարածել թե՛ անձնական օրինակով եւ թե՛ փողոցային պայքարի միջոցով ստիպել իշխանություններին, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Եվ դրանց թվում մեզ համար առանցքայինը ժողովրդավարությունն էր՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններով հանդերձ: Մի դեպքում մենք տեսանք, թե ուր տարավ մեզ այդպիսի ընտրությամբ իշխանության եկած անձը: Եվ ինչ է անում նույնպիսի ընտրություններով անցած ընդդիմադիր համայնքապետերի գլխին: Եվ ինչպիսի հովանավորություն է վայելում այդ իշխանությունն Արեւմուտքի կողմից: Մեկ այլ դեպքում բացահայտվեց վերը նշված արժեքների գծով արեւմտյան աշխարհի սնանկությունը: Եվ այն էլ ինչ մասշտաբի:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին մարդկային կենսագործունեության համարյա բոլոր ոլորտների (ֆինանսատնտեսական, գիտական, տեղեկատվական, սպորտի, մշակույթի եւ այլն) ուղղությամբ՝ բացառությամբ նավթի եւ գազի գծով փոխանցումների, որոնք կշարունակեն գործել այնքան ժամանակ, որքան ժամանակ ռուսական նավթն ու գազն անհրաժեշտ կլինեն Եվրոպային: Բա հո Եվրոպան չի՞ մնալու առանց վառելիքի, եւ եվրոպացիք չեն մրսելու գարնանային ցրտահարությունների ժամանակ:

Իսկ Հայաստանում դեռեւս բազմաթիվ մարդիկ եւ քաղաքական ուժեր կան, որոնց թվում է, թե ադրբեջանա-թուրքական կիսաօղակի մեջ գտնվող մեր երկրին ձեռնտու է Ռուսաստանի պարտությունը: Դրանով մեզ հնարավորություն կընձեռվի ազատագրվել Ռուսաստանից եւ միանալ Արեւմուտքին: Մնում է պարզել այդ հարցի առումով թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքորոշումը: Քանի որ մեծ հավանականություն կա, որ մինչեւ հասցնենք միանալ Արեւմուտքին, արդեն կդադարենք գոյություն ունենալ որպես անկախ պետություն: Վկա՝ Արեւմտյան Զանգեզուր, Իրեվան, Բասարգեչար, Գոյչա լիճ եւ այլ անվանումները, որոնք օգտագործվում են Ադրբեջանի իշխանության կողմից եւ ընդունելություն գտնում ադրբեջանական հասարակության մեջ: Ինչպես նաեւ մեր սեփական պատմությունը մոռացության մատնելու՝ թուրքական պահանջը: Եվ այդ ամենի լույսի ներքո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի անսասան խաղաղասիրությունը… 

ՀԳ. Կարծիք կա, որ Արեւմուտքին միանալու դեպքում ԱՄՆ-ն մեզ կօգնի 8 րոպեի ընթացքում: Եվ թուրք-ադրբեջանական տանդեմը չի հասցնի վնաս պատճառել մեզ: Արդեն չեմ հիշում, թե ինչու հենց այդքան ժամանակահատվածում եւ ամենակարեւորը՝ ինչպես: Բայց հաստատ գիտեմ, որ մեր լուսատուից՝ Արեգակից, լույսը մեզ հասնում է հենց այդքան ժամանակում: Երեւի արեւմտյան օգնության առումով ընդունվել է ուղղակի խորհրդանշական ժամանակահատված: