Ե՞րբ կտպագրվի Փաշինյանի «Բանտային օրագիրը»

Ե՞րբ կտպագրվի Փաշինյանի «Բանտային օրագիրը»

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը որոշել է գրքի տոն կամ «գրքի մայիսի 32» կազմակերպել։ Նրա առաջարկությամբ տեղի ունեցավ գրքի հետ կապված հերթական ակցիան․ դեկտեմբերի 13, 14, 15-ին «Դարան» գրախանութում ընթերցողները կարող են ձեռք բերել գրքեր՝ 20-70 տոկոս զեղչով՝ իրար նվիրելու համար։

Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում բացատրեց նախաձեռնության իմաստը․ «Այս ամսաթվերը տոն չեն, մենք առաջարկում ենք սարքել տոն։ Մենք դեմ ենք, որ Մարտի 8-ին են միայն շնորհավորում կանանց, մենք դեմ ենք, երբ գրքի մասին հիշում են փետրվարի 19-ին, դեմ ենք, երբ Սահմանադրության մասին խոսում են միայն հուլիսի 5-ին։ Մենք ուզում ենք ինքներս տոն սարքել։ Մենք սարքում ենք «մայիսի 32»։ Մենք տոն ենք սարքում»։

Մարտիրոսյանին հարցրինք նաեւ՝ ի՞նչ վիճակում է Նիկոլ Փաշինյանի «Բանտային օրագրի» տպագրությունը։ «Դեռ չենք տպում, հեղինակը դեռ չի ստորագրել, երեւի ժամանակ չունի։ Չեմ կարող մեկնաբանել հեղինակին, մեր վարչապետն ա»,- ասաց Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի առաջին՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի վաճառքը ռեկորդային է եղել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանի պատմության մեջ։