Արտաբյուջետային միջոցները պետք է ավելացնենք

Արտաբյուջետային միջոցները պետք է ավելացնենք

Երեւանի Հյուսիսային պողոտայում երեկ հայաստանյան շուրջ 30 թանգարաններ կազմակերպել էին հուշանվերների եւ գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը փոխանցվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Այսօր տեսնում ենք, թե ինչպես է գիրքը, ալբոմը, բացիկը մեր աչքի առաջ վերածվում զենքի, տանկի, հրանոթի,- ասում է Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ու ընդգծում, որ այս պահին դա է առաջնայինը,- իսկ կոնկրետ մեր թանգարանի տպագիր արտադրանքը որ ստեղծվել է խաղաղ ժամանակներում, միշտ ընդգծված հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական բնույթ է ունեցել։ Այդ մեկ ժամը, որ շրջում էի տաղավարներով, նորից հարյուրերորդ անգամ հիացա մեր հայրենակիցների տրամադրվածությամբ, նույնիսկ գին չեն հարցնում, չեն սակարկում, շատերը կրկնակի են տալիս՝ այն գիտակցումով, որ իրենց փոքրիկ ներդրումն ուղղվելու է մեր զինվորին, մեր բանակին»։

Թե ինչպես կանդրադառնա այս պատերազմը թանգարանների ֆինանսական եւ ստեղծագործական գործունեության վրա, ապա․ «Պարզ է, որ մյուս տարի, եթե ինչ-որ բաներ պետք է տնտեսվեն, կրճատվեն, դա վերաբերելու է հիմնականում պետական աջակցությանը։ Վստահաբար, աշխատավարձերը կպահպանվեն, շենքի պահպանման ծախսերը՝ եւս։ Ենթադրում եմ՝ տնտեսումները, կրճատումները կվերաբերեն այլ եւ այլ ծրագրերի։ Այստեղ է, որ թանգարանների կենսունակությունը պետք է երեւա։ Այդ միջոցները մենք՝ ինքներս պետք է ստեղծենք, ինչպես նախկինում ենք ստեղծել, պարզապես ջանքերը պետք է կրկնապատկենք։ Խոսքն արտաբյուջետային միջոցներ ստեղծելու մասին է՝ թե՛ դասական եղանակով՝ այցելուների քանակն ավելացնելով, թե՛ բոլոր հնարավոր եւ օրենքով չարգելված այլ միջոցներով, լինի դա նորից տպագիր արտադրանք, հուշանվերներ, թե կրթական ծրագրեր»։

Պատերազմի առաջին օրվանից, երբ ռազմական դրություն հայտարարվեց հանրապետությունում, գրեթե ամեն օր Արցախից եկած երեխաների համար ԳԱԹ-ը ներկայացումներ է կազմակերպել թանգարանի դահլիճում։ «Այնքան շատ սիրեցին արցախցի բալիկները մեր «Հեքիաթերեն» թատրոնի ներկայացումները, որ ընթացքում մեզ միացան մի շարք կազմակերպություններ, ովքեր զբաղվում են մանկական խաղալիքների, գրականության արտադրությամբ եւ վաճառքով, ովքեր հիմա գրեթե ամեն ներկայացման խաղալիքներով գեղեցիկ փաթեթավորված պայուսակներ են ուղարկում մեզ։ Այնպես որ, ամենօրյա եռուզեռը թանգարանում ավելի շատ առնչվում է տիկնիկային թատրոնի ներկայացումներին՝ արցախցի երեխաների համար։ Գալ տարի արտաբյուջետային միջոցները բոլոր հնարավոր եղանակներով կավելացնենք, որպեսզի մեր ծրագրերը կարողանանք կյանքի կոչել»,- նշեց Կ․ Վարդանյանը։