Մարդու իրավունքներն ու ՄԱԿ-ը

Մարդու իրավունքներն ու ՄԱԿ-ը

Այս տարի Ամանորին տոնական միջոցառումներ չկազմակերպվեցին, Հայոց բանակի օրը չնշվեց, փոխարենը նախօրեին մեծ շուքով` Օպերայում նշեցին «Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության եւ ՀՀ դիվանագիտական ծառայության 30 ամյակը»: Եղան ելույթներ` ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակով, ապա կայացավ համերգ եւ այլն: Նման շուքով մեզանում, որպես կանոն, կազմակերպվում են Անկախության կամ Հանրապետության տոները: Բայց համարենք, որ սա նորմալ է, եւ ՄԱԿ-ին մեր անդամակցությունը մեր բանակի ձեւավորումից առավել կարեւոր իրադարձություն է: Ի՞նչ է ասում ՀՀ վարչապետն իր ողջույնի խոսքում:

Մեր ուշադրությունը գրավեց հետեւյալ հատվածը. «Որպես արտաքին քաղաքական գործոն՝ կուզենայի նշել ժողովրդավարությունը: Մենք նպատակադրված ենք՝ կառուցել ժողովրդավարության, իրավունքի գերակայության, իրավահավասարության, մարդու իրավունքների պաշտպանության ու արդյունավետ կառավարման սկզբունքների վրա խարսխված ժամանակակից մարդակենտրոն պետություն»:

Հարց է ծագում` մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդակենտրոն քաղաքականության շրջանակներո՞ւմ եք կալանավորել Վանաձորի ընտրված քաղաքապետին: Պարզ է, որ նրան ուղղակի պատանդ եք վերցրել, որ քաղաքապետ չընտրվի, որովհետեւ Գյումրիում պարտությունից հետո որոշել էիք ամեն գնով այստեղ գրավել իշխանությունը` չստացվեց: Այդ սկզբունքների շրջանակներո՞ւմ եք կալանավորել Գորիսի քաղաքապետին, որը հանդգնել է չենթարկվել ձեզ:

Իսկ Դավիթ Տոնոյանի գործով ինչո՞ւ չեք փորձաքննություններն անում, որովհետեւ կպարզվի, որ մեղադրանքը կե՞ղծ է` քաղաքական նկատառումներով առաջադրվա՞ծ: Գառնիկ Իսագուլյանին ու Նարեկ Մանթաշյանին էլ ե՞ք ժողովրդավարության շրջանակներում կալանավորել: