Գյումրիում տուրիզմը պասիվ է․ ինչն է պատճառը

Գյումրիում տուրիզմը պասիվ է․ ինչն է պատճառը

Գյումրին իր պատմամշակութային նշանակություն ունեցող, նաև ֆիլմերից ճանաչված շենքերով իդեալական քաղաքային տուրի կենտրոն է : Տարվա այս սեզոնին քաղաքն զբոսաշրջային բում է ապրում, մանավանդ՝ մեկնարկել են դպրոցական էքսկուրսիաները, եւ օր չկա, որ քաղաքը չհյուրընկալի աշակերտների  մեծ խմբաքանակ: Բայց, այնուամենայնիվ, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները նկատում են, որ իրական զբոսաշրջության զարգացման համար քաղաքում դեռևս անելիքները շատ-շատ  են, եւ ամեն ինչ շատ հեռու է իդեալական լինելուց: «Այս տարի եղանակային պայմանները բավականաչափ խանգարեցին տուրիզմի շուտ մեկնարկին, եւ արդեն ամռան առաջին ամիսը կիսում ենք, սովորաբար այս շրջանում զբոսաշրջային բում էինք ապրում, բայց դեռ, կարելի է ասել,  պասիվ վիճակ է : Ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին ակտիվանում էր ներգնա, արտագնա տուրը, իսկ Շիրակի մարզը ներքին ցուցանիշների վրա է աշխատում: Նոր-նոր է ակտիվացել դպրոցական-ճանաչողկան էքսկուրսիան, քաղաքի կենտրոնում նկատում ենք տուրիստական ավտոբուսների առատություն, բայց ես միշտ ասել եմ, որ դպրոցական էքսկուրսիաները թեպետ տուրիզմի բաղադրիչ են, այնուամենայնիվ, տուրիզմի ցուցանիշ համարել չենք կարող, քանի որ դրանք էկոնոմ որակի են, գալիս են, մեկ-երկու թանգարան այցելում, շատ դեպքերում առանց զբոսավարի քաղաքում շրջագայում»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզում գործող «ՄարՄար» զբոսաշրջային ընկերության մարքեթինգի պատասխանատու Լիզա Գասպարյանը՝ խոսելով նաև ոլորտի խնդիրներից: «Եթե համեմատում ենք, անցյալ տարվա ցուցանիշների հետ, անշարժ գույքի շուկայում զգալի անկում ենք ունեցել, շուկան մի տեսակ տեղը չի գտնում:

Նախ պատճառներից մեկը, ինչպես նշեցի, տուրիզմի մեկնարկը հետաձգվեց, եւ երկրորդ՝ ռուսական շուկան է պասիվ: Երկու անգամ մոբիլիզացիայից հետո, երբ Ռուսաստանի քաղաքացիները եկան, հյուրատները հագեցված էին, բայց դրանից հետո գնացին, անգամ դուրս են եկել երկրից, շատ քիչ քանակությամ ռուսներ են մնացել, նրանք էլ  ավելի էժան եւ մատչելի կացարաններ են փնտրում: Ինչ վերաբերում է այլ խնդիրներին, նշեմ, որ էս պահին չկան խնդիրներ, որ ասեմ՝ ընթացքում լուծվելու են, մի տեսակ հարմարվել ենք, սովորեցինք այլընտրանքային տարբերակներից օգտվել:Օրինակ ՝ հանրային զուգարանների խնդիրը, ինչպես կա, այդպես էլ շարունակում է մնալ: Ռուսների ներկայությունը սրճարանյաին, փաբային ակտիվություն ձևավորեց, բայց հիմա իրենց մոտ էլ է պասիվություն նկատվում: Մյուս բոլոր խնդիրները՝ ենթակառուցվածքների առումով,  դեռևս կան,դեռ տապակվում ենք այդ ցավով: Կումայրի պատմական արգելոցի տարածքում անխնա տեղադրում են այդ անճաշակ սուրճի ապարատները: Չգիտեմ՝ քաղաքապետարանի որ բաժինն է թույլատրել, բայց նման պատմական միջուկ ունեցող ոչ մի քաղաք չի կարելի այդպիսի անճաշակությամբ ողողել եւ աղճատել պատմական միջուկի տեսքը, դա ուղղակի անգրագիտություն է:Քաղաքում մեծ տեմպով շինարարություն է ընթանում, բոլորը ներդրում են անում անշարժ գույքի շուկայում՝ հուսալով այդկերպ գումար աշխատել,բայց ես միշտ ասում եմ, որ բավական է անիմաստ գումար ներդնել անշարժ գույքի շուկայում, շինություններն այնքան գրավիչ պետք է լինեն, որ ծառայեն ինչու չէ՝ որպես ֆոտոզոն կառույցներ,  հետաքրքիր  կանգառներ  լինեն, որ մենք կարողանանք մարդկանց գրավել, քանի որ այսօր սոցիալական ցանցերի դերը շատ մեծ է»,-ասաց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ նախորդ ամիսներին չապրած զբոսաշրջային պիկը գոնե կփոխհատուցվի ամռան առաջիկա ամիսներին: