«Հրապարակ»․ Երկրի անվտանգությունն ապահովելու փոխարեն խզում է կապը միակ կառույցի հետ
Նիկոլ Փաշինյանը մի կողմից նոր պատերազմով է հայ հանրությանն ահաբեկում, մյուս կողմից փորձում է հարաբերությունները վերջնականապես խզել Ռուսաստանի հետ: Օրերս նա ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է: Ի՞նչ պատկեր կարող ենք ունենալ, եթե դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզվեն:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը հայոց պետականության դեմ դավադրություն էր: Ինչո՞ւ․ որովհետեւ նման կտրուկ հայտարարությունները ոչ մի լավ տեղ չեն կարող տանել Հայաստանին: Հակառուսականությունը մեր պետականության դեմ մեծ դավադրություն է: Ռուսաստանին իբրեւ վատ կամ լավ դաշնակից որակելու համար մենք կարող ենք շատ ժամանակ վատնել, բայց ես կարող եմ ասել, որ վերջին տարիներին, եթե զուտ օբյեկտիվորեն փաստեր ներկայացնենք, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանին կրավորական կեցվածք ընդունելու մեջ մեղադրելու առիթներ չունենք: Սկսած 44-օրյա պատերազմից` հայկական կողմին շահավետ առաջարկներ են եղել, սակայն դրանց մեծ մասը մերժվել ու անտարբերության է մատնվել: Պատկերացրեք՝ հիմա մեզ, որպես հայ մարդու, մի ռուս փորձագետ հարց ուղղի, թե մենք իրենց մեղադրելու ի՞նչ հիմք ունենք, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանին առաջարկվել է 7 հազար 450 կամավորական` Դոնբասից, Արցախում կռվելու համար, սակայն ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը մերժել է: Մենք ի՞նչ պատասխան կարող ենք տալ միայն այդ մեկ հարցին: Նման օրինակները շատ են: Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ էլ ՌԴ պաշտպանության նախարարը Թեհրանում էր, Իրանի ԶՈՒ շտաբի պետն առաջարկել է դելեգացիա ուղարկել` Արցախում իրավիճակը կայունացնելու նպատակով, սակայն շուրջ 2 անգամ Սուրեն Պապիկյանն այդ առաջարկը մերժել է: Այդ մասին անգամ խոսել է ռուսաստանաբնակ արեւելագետ Կարինե Գեւորգյանը: Հիմա մենք ումի՞ց ենք դժգոհ, չեմ հասկանում: Ենթադրում եմ, որ Իրանի տարածքով Արցախ կմտներ ռազմական անձնակազմ, բայց հայկական կողմն արգելք է դրել` չտրամադրելով իր տարածքը: Այսքանից հետո չգիտեմ՝ ումից ինչ կարող ենք պահանջել: Խնդիրը շատ հստակ է. Նիկոլ Փաշինյանի թիմն ունի մեկ հիմնական նպատակ` Ռուսաստանի հետ խզել կապերն ամեն գնով, ամեն եղանակով, անգամ մարդկային եւ տարածքային կորուստների գնով: Սրանք այդ նպատակով են եկել իշխանության: Փաշինյանը խոսում է պատերազմի մասին, որ այն անխուսափելի է, որ Ադրբեջանը Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան, ուստի խաղաղության պայմանագրի մասին խոսելն անհնար է... Եթե Փաշինյանի փոխարեն նորմալ ղեկավար լիներ, պետք է այսօր մոբիլիզացներ ողջ դիվանագիտական ռեսուրսը` Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար, բայց վարչապետ կոչեցյալը հայտարարում է, որ իր կապերը խզում է ՀԱՊԿ-ի հետ: Այսինքն` դու երկրի անվտանգությունն ապահովելու փոխարեն վերացնում ես երկրի պաշտպանությունն ամրապնդող կարեւոր կառույցներից մեկը: Այնպես չէ, որ մենք այնքան միամիտ ենք, որ կարծում ենք, թե ղազախներն ու կիրգիզները գալու են մեզ պաշտպանելու, բնավ, ՀԱՊԿ անդամակցությունն էլ ունեցել է պրագմատիկ նպատակ` ունենալ զինամթերքի մատչելի գներով մատակարարում: Մենք առաջ հասել էինք այդ նպատակին: ՀԱՊԿ անդամակցությունը ՌԴ-ից զենք ստանալու հավելյալ հնարավորություն է: Բայց հիմա կտրում ես սպառազինություն ստանալու այդ կապը, զուգահեռաբար անում ես կտրուկ հայտարարություններ, ստացվում է, որ նոր պատերազմ ես սադրում՝ թուլացնելով սեփական երկրիդ պաշտպանունակությունը: Այդ ամենն անհետեւանք չի մնալու»:
Կարծիքներ