Դուրս եկեք, մարդիկ. այլ տարբերակ ու ժամանակ չկա

Դուրս եկեք, մարդիկ. այլ տարբերակ ու ժամանակ չկա

Երեկ ես հերթական անգամ մասնակցեցի Հանրապետության հրապարակում հանրահավաքին որպես շարքային ցուցարար՝ չնայած, որ բոլորը գիտեն, որ 2021 թվականի հունիսի 17-ից ես հավատարիմ եմ ցանցային՝ ընդհատակյա պայքարին ու ընդհանրապես իմ համոզմունք է, որ Հայաստանի փրկությունը մեր տարածաշրջանի երկրների՝ Իրաքի, Թուրքիայի իշխանափոխությունների ու հեղաշրջումների մոդելն է։
Ցավոք, մեր հասարակությունը մնում է անհաս ու մանկամիտ։ Մյուս կողմից ահռելի են դրսի քաղտեխնոլոգիաների ազդեցությունները, որովհետև մեր «բաց» հասարակությամբ մնում ենք որպես խայտառակ փորձադաշտ։

Հրապարակում կրկին այն նույն դեմքերն էին, ինչ որ հեռավոր 88-ին։ Կարծես պատմությունը կանգ է առել այս 35 տարիների ընթացքում։ Նույն դեմքերն էին խոր մտահոգված, բայց արդեն ծերացած։ Մեկ էլ քառօրյայի տղաները։ Իսկ միլիոնանոց Երևանն իր ակտիվ ու կենսունակ սերնդով անհաղորդ այս իրադարձություններին։
Երեկ վեճ եղավ այդ սերնդի մի ներկայացուցչի հետ։ Իմ այն նկատողությանը, որ ՈՄԱ֊ն ու մյուս աղմկոտ նախաձեռնությունները արժեք չեն ներկայացնում, որովհետև այդ սերունդը չի համարձակվում որևէ թթու բառ ասել պիղծ ռեժիմի և նրա ազգադավ ու դավաճան առաջնորդի հասցեին։ Տափուկ տեղավորվել է իշխանությունը բռնազավթնած ռեժիմի փեշի տակ ու հանդիսանում է նրա սոցիալական հենարանը։

«Բա մենք փոս ենք փորում», ֊ արդարանում էր այդ սերնդի ներկայացուցիչը ցույց տալով իբր ամրաշինական աշխատանքների մասնակցությունը։

Փոս փորեք։ Դուք այս հինգ տարիների ընթացքում ապացուցել եք, որ այլ բանի ընդունակ չեք։ Ձեր բարձր կրթությամբ ու մասնագիտական որակներով կարող եք միայն աննպատակ փոս փորել։ Իհարկե սա բացառություններին չի վերաբերում, որոնք ամեն մեկն ադամանդ են; 
Իսկ հույսը կրկին 88-ի սերունդն է։

Ես կոչ եմ անում այս օրհասական պահին հավաքել մնացած ուժերը և դուրս գալ փողոց պայքարի։ 

Այսօր վճռվում է Հայաստանի ճակատագիրը։ Մենք հույս չենք կարող դնել հասարակության այլ շերտերի վրա, որոնք ուղղակիորեն կառավարվում են դրսի քաղտեխնոլոգիաներով։

Հազար անգամ կոչ արեցինք տեղափոխվել զուտ ազգային ու լավ պաշտպանված ցանց՝ «Միտանիք»։ Բայց չէ, ատոմացված ամբոխի վերածված հանրությունը նախընտրում է բաց, թիրախավորված դաշտը, ուր միանշանակ գործում է դրսի քաղտեխնոլոգիաների ուղղորդմամբ։
Մի հատ նայեք ձեզ կողքից, թե ոնց եք կուրորեն ենթարկվում ու շարժվում դրսի ուժերին հատելով ամեն կարմիր գիծ ու պայթեցնելով մեր ազգային ու ավանդական արժեքները։ 
«Չալաբյանը, ռսի/սորոսի ագենտ է», «Վազգեն Մանուկյանը հատուկ քանդում է ընդդիմությունը․․․»
Ի՛նչ հիմարություն։

Կարելի իհարկե է խիստ քննադատել այս մարդկանց արած֊չարածների համար։ Ես ինքնս էլ կոշտ քննադատում եմ մինչև այսօր։ Սակայն առնվազն հիմար պետք է լինել այս մարդկանց համարել ապազգային ու կախյալ մյուսների՝ ներսի ու դրսի ուժերի կամքից։ Ի՞նչ փողերի ու ապագա պաշտոնների դիմաց պետք է վտանգել սեփական կյանքը բանտերով՝ ռեժիմի սպառնալիքներով ու ճաշակել դիվանների վրա փռված անուղեղների անհիմն՝ մանիպուլյացված ատելությունը։

Այս մարդիկ կայացած մարդիկ են և որևէ կարիք չունեն իշխանության ու հանրային ճանաչման։ Նրանք գիտակցում են, թե ինչ ծանր է լինելու այն մարդկանց վիճակը, որոնք գալու են փոխարինելու պիղծ արարածներին։

Ինչքան էլ անասելի ծանր լինի ճգնաժամը, իմ սերունդը պայքարում է մեծ հավատով։ Նա ամեն անգամ նայում է անտարբեր դեմքերին և պատկերացնում հաղթանակի այն մեծ խինդը, որ անպայման լինելու է այդ դեմքերին, ինչպես 88֊ին։ Հետո կամաչեն, թե չեն ամաչի իրենց այսօրվա հակա կամ պասիվ արարքների ու գործողությունների համար, դա այնքան կարևոր չէ։

Այսօր պատմություն արարելու ժամանակն է։ Բոլոր պիղծ ուժերը փորձում են ջլատել, մասնատել՝ ատոմացնել հանրային համախմբածությունը։ Այն համախմբածությունը, որին, օրինակ, ականատես ենք լինում այս օրերին, թե ինչպես են օգնում Արցախի մեր եղբայրներին ու քույրերին։ Սա խորքային ուժերի ամենամեծ թիրախն է, որպեսզի դադարեցնեն բնականոն պատմական զարգացումը և իրենց ուղիով տանեն այն։ 
Ամենասարսափելին այս ուժերի համար մեր հասարակական համախբվածությունն է, որը կճեղքի և կխորտակի դավադրությունների պատը և լավայաձև կտանի պատմական զարգացումները։

Դուրս եկեք, մարդիկ։ Այլ տարբերակ ու ժամանակ չկա։

Արտակ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից