Ինչ ազդակ էր պարունակում Ալիեւի թիկնազորի պետի անակնկալ մահը

Ինչ ազդակ էր պարունակում Ալիեւի թիկնազորի պետի անակնկալ մահը

Վերջին 10 օրերին Ադրբեջանում 3 ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ, որոնք գուցեեւ առաջին հայացքից մեկմեկու հետ կապված չեն, սակայն կարծում ենք՝ որոշակի կապ կա։ Եվ այսպես․

• Հունվարի 22-ին  հայտնի դարձավ, որ Բաքվում, մարզասրահում անակնկալ հանկարծամահ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թիկնազորի պետ Թառլան Գադիրովը։ 

• Հունվարի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները որոշել են վերահսկել պետության տարածքում գործող կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող դրամական հանգանակությունները։ Օրենսդրական փոփոխությամբ, կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող հանգանակությունները վերահսկվելու են կրոնական կազմակերպությունների հետ աշխատող պետական կոմիտեի կողմից, որն Ադրբեջանի գործադիր իշխանության մաս է կազմում։ Պաշտոնական վարկածի համաձայն, նպատակը թափանցիկության ապահովումն է, սակայն հասկանալի է, որ իշխանությունները որոշել են մտնել կրոնական կազմակերպությունների «գրպանը»։

• Փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում առաջարկել են Կովկասի մուսուլմանների վարչությանը զրկել իսլամական սրբավայրերի եւ ծիսական արարողությունների կատարման համար պատասխանատու կրոնավորների նշանակման իրավունքից։ «Կրոնական դավանանքի ազատության մասին» օրենքի փոփոխությունը քննարկվում է Ադրբեջանի խորհրդարանում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանում ցանկանում են կրոնական առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին զրկել ինքնուրույն կադրեր նշանակելու լիազորությունից, եւ դա կփոխանցվի վարչատարածքային գործադիր իշխանությանը։

Որեւէ մեկի համար գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, որ Ադրբեջանը նախեւառաջ տիպիկ ասիական-արեւելյան բռնապետություն է, եւ իշխանությունն ունի կլանային համակարգի տրամաբանություն։ Ադրբեջանի կլանների շարքում գերիշխողն իշխանության ղեկին գտնվող ընտանիքինն է՝ իր կապերով։ Սակայն, ինչպես Ռուսաստանում են ասում, «Կրեմլը մեկն է, բայց ունի բազմաթիվ աշտարակներ», այդպես էլ Ադրբեջանում առկա է բավական լավ զարգացած «խորքային պետություն», որտեղ Աստված գիտի, թե ինչ ինտրիգներ ու դավադրություններ են նյութվում։ Բացի այդ, Ադրբեջանը մահմեդական երկիր է, որտեղ բնակչության մեծ մասը հարում է շիա մահմեդականությանը, եւ մեծ է իրանցի կրոնավորների դերակատարումը։

Կովկասի մուսուլմանների վարչությունը ստեղծման օրվանից եղել է պետության ձեռքին խամաճիկային կառույց եւ շարունակում է մնալ այդպիսին։ Տարբերությունն այն է, որ վարչության նախագահ, Ադրբեջանի շեյխ ուլ-իսլամի վրա (Ալլահշուքյուր Փաշազադե) մեծ է Իրանի գերագույն կրոնապետի` Ադրբեջանի ներկայացուցչի ազդեցությունը։ Այսինքն, ադրբեջանական պետության մեջ գործող կլանային համակարգին պետք է ավելացնել նաեւ կրոնական երանգավորումը։ 
Նաեւ՝ պետությունների ղեկավարների թիկնազորի պետերն ամեն օր չէ, որ մահանում են, այն էլ` հանկարծամահ լինում։ Նման մահերը, որպես կանոն, իրենց մեջ պարունակում են որոշակի «ուղերձներ»։ Ու այս դեպքում կարեւոր է հասկանալ, թե Թառլան Գադիրովի անակնկալ մահն ինչ «ուղերձ» էր պարունակում իր մեջ, հասկանալի է՝ հղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Ապա՝ ով կամ ովքեր էին «ուղերձի» հեղինակները։ 

Մենք բազմիցս անդրադարձել ենք 2021 թ․ Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունների սրման թեմային, որը հարթվեց հասարակության համար անհասանելի մնացած որոշակի գործարքի գնով։ Այդ սրացման որոշ դրվագներից Ադրբեջանի նախագահը, կարելի է ասել, դասեր է քաղել եւ հիմա փորձում է հնարավոր կենտրոնախույս ուժերին, կոնկրետ դեպքում՝ շիա մահմեդական կրոնավորներին, պատին սեղմել։ Հատկապես Գադիրովի մահը կարող էր ազդակ լինել, որ իր դեմ ինչ-որ բան է նյութվում, եւ հնարավոր է՝ Ադրբեջանում իշխանափոխություն է հասունանում, ու Ալիեւը փորձում է հիմա դրա դեմն առնել, անգամ կրոնական ոլորտի տոտալ վերահսկողության ձեւով։ Չենք պնդի, թե իրանցի կրոնավորներն են Ադրբեջանում իշխանափոխություն նախապատրաստում, սակայն ադրբեջանական քաղաքական վերնախավում կարծիք կա, որ հենց նրանք են Ադրբեջանում ստեղծել ու ղեկավարում «5-րդ շարասյունը»։ Պետք չէ բացառել, որ շահերի համընկնումը կարող է բերել նրան, որ ձեւավորվի «ադրբեջանական կոնսենսուս մինուս մեկ», եւ բոլորը դուրս գան Ալիեւի դեմ ու «սողացող հեղաշրջման» կամ «պալատական հեղաշրջման» սցենարով հասնեն իշխանափոխության։