Ազգակործան պատուհասները նեղվել են «հակահայ վիժվածք»-ից

Ազգակործան պատուհասները նեղվել են «հակահայ վիժվածք»-ից

Լեւոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին պատերազմից հետո անվանեց ազգակործան պատուհաս: Ոչ մեկի եւ մանավանդ Ալեն Սիմոնյանի մտքով չանցավ Տեր-Պետրոսյանին մեղադրել խուլիգանության մեջ եւ պատիվ պահանջել: Հավանաբար, կա՛մ շատ անսպասելի պոռթկաց առաջին նախագահը, կա՛մ էլ բնորոշումն այնքան ճշգրիտ էր, որ Նիկոլի թիմը ո՛չ բռնելու տեղ ուներ, ո՛չ դատի տալու եւ դատը շահելու հույս: Ինչ որ է՝ անցավ գնաց: Հետո եկան ուրիշները, ուրիշ բնորոշումներ տվեցին․ մեկը՝ ավելի խիստ, մեկը` ավելի թեթեւ: Այս 6 տարում այնքան բան լսեցինք ու իմացանք Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի մասին, որ էլ ասելու չի: Մնացել էր մի բան, որ չէր ասվել՝ «հակահայ վիժվածք», ու հենց այդ գնահատականի վրա սրանք ողջ կազմով «խույվորեցին»՝ հավանաբար չհասկանալով, որ «ազգակործան պատուհաս» ու «հակահայ վիժվածք» արտահայտությունները, ըստ էության, նույն բանն են: Եվ շատ անհարմար բան ստացվեց: Փաստորեն, Նիկոլին ասին «ազգակործան պատուհաս»՝ ոչ ոք չբողոքեց, բայց երբ մի ՔՊ-շնիկ պատգամավորի, այն էլ՝ ավտոբուսում, ուղեւորներից մեկն ասաց «հակահայ վիժվածք», ամբողջ ՔՊ-ն խառնվեց իրար, թե բա` մեր 3 պատերազմի մասնակցին բան են ասել:

Էդ ի՞նչ է, Նիկոլը 3 պատերազմի չի՞ մասնակցել: Ես շատ լավ հիշում եմ: 1992-96 թվերին, երբ ես առաջին դեսանտագրոհային բրիգադում БТР էի քշում, Նիկոլն այդ պատերազմին մասնակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կաբինետից: Հետո 2016թ. ապրիլյան պատերազմ եղավ, որին Փաշինյանը միացավ մայիս ամսից: Դա էլ եմ հիշում: Դե, իսկ 44-օրյա պատերազմին Փաշինյանի մասնակցության մասով ընդհանրապես կասկած չկա: Մարդն ընտանյոք հանդերձ է կռվել: Ճիշտ է, ինքը չէ, բայց կինն ու որդին աչքի են ընկել հերոսությամբ: Փոխարենը շատ քիչ բան է հայտնի խնդրո առարկա ՔՊ-շնիկ պատգամավորի՝ 3 պատերազմներին մասնակցելու մասով: Եթե Ալեն Սիմոնյանը, իսկ հետո նաեւ Վահագն Ալեքսանյանը չբարբառեին այդ փաստի մասին, այդպես էլ ոչինչ չէինք իմանալու: Եվ ուրեմն ինչո՞ւ, երբ Նիկոլին անվանեցին «ազգակործան պատուհաս», ոչ ոք ձայն չհանեց, իսկ ահա ՔՊ-շնիկ պատգամավորին «հակահայ վիժվածք» ասելու համար այսպիսի էշի հարսանիք սարքեցին խեղճ երիտասարդի գլխին: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այստեղ դեր են խաղացել Լեւոն Տեր-Պետրոսյանի անվիճելի հեղինակությունն ու ՀՀ առաջին նախագահ լինելու հանգամանքը, բայց ինչպե՞ս դա բացատրել իրավական տեսանկյունից: ՀՀ բոլոր քաղաքացիները, կարծեմ, օրենքի առաջ հավասար են: Եվ ահա, ես հակված եմ մտածելու, որ եթե Սամվել Վարդանյանը (ՔՊ-շնիկ պատգամավորին «հակահայ վիժվածք» անվանողը) ազդեցիկ պաշտոն ունեցած լիներ նախկինում, այս գործն էլ կջրեին, կգնար: «Ազգակործան պատուհաս» եւ «հակահայ վիժվածք» արտահայտությունները նույն բանն են, պարզապես մեկը բարձրաձայնվել է առաջին նախագահի, մյուսը՝ ՀՀ քաղաքացու կողմից: Տեր-Պետրոսյանին ոչ մի դատավոր տնային կալանք եւ մանավանդ 7 միլիոնի գրավ չտվեց, իսկ քաղաքացուն հա՛մ խոշտանգեցին, հա՛մ տնային կալանք, հա՛մ էլ 7 միլիոնի գրավ դրեցին վրան: Ո՞ւր եք, արդարադատության գուրուներ, ո՞ւր ես, դիվանբաշի Կարեն Անդրեասյան, ո՞ւր եք, ՄԻՊ-ուհիներ եւ դատախազուհիներ…

Այն, ինչ տեղի ունեցավ հանրային տրանսպորտում Սամվել Վարդանյանի եւ Հակոբ Ասլանյանի միջեւ, ինձ խորհելու առիթ տվեց նաեւ այլ տեսանկյունից: Դե, ես միշտ ավելի գլոբալ եմ մտածում: Այստեղ խնդիրը միայն Հակոբ Ասլանյանը չէ եւ նրա համարձակ որոշումը՝ օգտվել հասարակական տրանսպորտից: Խնդիրը շատ ավելի լուրջ է: Վաղը կարող է նույն բանը պատահել յուրաքանչյուր ՔՊ-շնիկի հետ, ով փորձի այդքան հանդուգն երեւալ հասարակության աչքին: Եվ, որպեսզի հասարակությանը զերծ պահենք նրանց հետ ընդհարվելու հետեւանքով հնարավոր գլխացավանքներից, առաջարկում եմ Երեւանում Բեռլինի պատի պես մի բան կառուցել, որի մի կողմում կպահվեն ՔՊ-շնիկները, մյուս կողմում՝ խաղաղ բնակիչները: Անցակետեր պետք չեն: Անցակետը նման դեպքերում շառի բուն ա: Այսքան ոստիկան էլ չենք պահի: Օդային պարեկների (օդապարեկներ) մի գումարտակը բավական է: Դա էլ՝ ՔՊ-ի կողմում, որ իրար չուտեն: Պարոն Ավինյան, այս մասին մտածեք եւ աշխատեք պարիսպն այնպես քաշել, որ քաղաքապետարանը մնա ՔՊ-ապատկան տարածքում: Դուք էլ, ի դեպ, մի բարի պտուղ չեք: Դա ի՞նչ քաղաքապետի պահվածք էր՝ ավագանու նիստում: Նիկոլին տվիք-անցաք, ախպեր:

Երկու բառ էլ արժե գրել այն մասին, թե ինչ տեղի կունենա, երբ Անդրանիկ Քոչարյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը միասին հայտնվեն հասարակական տրանսպորտում: Բանը որ գենոցիդի չհասնի, լավ է: Նրանց համատեղ ճեպազրույցը, ինչպես նաեւ Անդրանիկ Քոչարյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցը դրա բոլոր հիմքերը տալիս են: Այնպես որ, այնքան էլ անվտանգ չէ Երեւանում Անդրանիկ Քոչարյանի հետ շրջելը: Բանն այն է, որ հարցազրույցներ տալիս է ոչ միայն նա, հարցազրույցներ տվողներ կան, որ Անդրանիկ Քոչարյանի մասին են հարցազրույցներ տալիս, նրա անցյալի եւ գանգստերական «պախոդկաների» մասին են պատմում՝ մատնանշելով հավաստի աղբյուրներ…

Ավարտելով՝ դիմում եմ ՀՀ ԱԺ մեծարգո խոսնակ Ալեն Սիմոնյանին: Պարոն մեծարգո խոսնակ, խորհրդարանի գլուխ, խնդրում եմ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով ՔՊ-ի պատգամավորներին արգելել օգտվել ոչ միայն հասարակական տրանսպորտից, այլեւ երթեւեկել «պլյոնկաները» պոկած ավտոմեքենաներով: Շատ մեծ գումարների հետ կապված չէ, կարծում եմ, ամեն ՔՊ-շնիկ պատգամավորի համար մեկական շտապօգնության ավտոմեքենա գնելը, որ Կարմիր խաչի հովանու ներքո անվտանգ գան գործի, գնան տուն: ԱԺ-ի պադվալներում էլ կարելի է կլուբներ բացել, որ Երեւանի վերգետնյա սրճարաններում էլ շատ չերեւան: