Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից նախատեսված չի եղել

Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից նախատեսված չի եղել

«Ռուս խաղաղապահների հիմա դուրս գալն օրինաչափ չէր, որովհետեւ դրանից կարճ ժամանակ առաջ ռուսական կողմը հայտարարել էր, որ խաղաղապահներն օգնելու են ականազերծման աշխատանքներում»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուն՝ ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Նաեւ հայտարարում էին, որ տները, եկեղեցիները հսկողության կարիք ունեն։ Խոսակցություններ էին նաեւ գնում իրենց ներկայությունը երկարաձգելու մասին։ Հետո հայտարարեցին, որ չնախատեսված կերպով խաղաղապահներին հանում են։ Սա նշանակում է, որ ծրագրավորված գործողություն չէր՝ ճիշտ հակառակը, իրենք ցանկանում էին մնալ։ Սակայն դա տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցից հետո»,- ասաց քաղաքագետը։

Մի ենթադրությունն այն է, թե ինչ չնախատեսված դեպքեր են պատահել դրանից առաջ, եւ ՌԴ-ի ու Իրանի նախագահների խոսակցությունն ինչի շուրջ կարող էր լինել։ Ակնհայտ է, որ խոսակցությունը եղել է իրանա-իսրայելական կոնֆլիկտի հետ կապված, երբ որ աննախադեպ դեպքեր տեղի ունեցան, Իսրայելը հարվածեց իրանական հյուպատոսարանի վրա՝ դրանով խախտելով Վիեննայի կոնվենցիաները, այնինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրաժարվեց դա դատապարտել։ Սա նույնպես միջազգային կարգուկանոնի վերջին փշրանքների կորուստն էր նշանակում։ «Առաջին անգամ Իրանն ուղղակիորեն հարվածեց Իսրայելին, եւ դա նշանակում էր, որ կարող է կոնֆլիկտ լինել նաեւ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ Իսրայելը հարվածում էր Սիրիայում, Իրաքում հեղափոխության պահապանների կենտրոններին, եւ քանի որ կարմիր գիծն արդեն անցել էին, Իրանն ուղղակիորեն հարվածեց Իսրայելին։ Եթե հանկարծ Սիրիայում նորից հարվածեն իրանական կողմի ներկայացուցիչների վրա, ապա իրանցիներն Ադրբեջանում կհարվածեն իսրայելական հետախուզական կենտրոններին եւ դրանով պարիտետը պահեն։ Այսինքն՝ կարմիր գծեր են անցնել, ու քանի որ այդ հետախուզական կենտրոնները գտնվում են Զանգելանում, Կուբաթլուում, եւ այլ վայրերում, կարելի է ենթադրել, որ խաղաղապահները դուրս են եկել, որովհետեւ Ռուսաստանը ձեռքերը լվանում է, որպեսզի ներգրավված չլինի այդ կոնֆլիկտում»,- ասաց Դանիելյանը։

Արդյոք ՌԴ-ն դուրս կգա՞ր, եթե վստահ չլիներ, որ այդ բախումը լինելու է, մեր զրուցակիցն ասաց` այս իրավիճակում «վստահ լինել» բառերն օգտագործել չի կարելի, որովհետեւ աշխարհում տեղի են ունենում դեպքեր, որոնք ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Եվ հիմա ինչ-որ տարերային պրոցեսներ են գնում։ Ռուսաստանը հակված չէ ներքաշվել այդ կոնֆլիկտի մեջ, «որովհետեւ այդ կոնֆլիկտը ոչ միայն Իրանն ու Իսրայելն են, այլ նաեւ այլ հզոր կենտրոններ կարող են ներգրավվել այդ կոնֆլիկտում»։ Ինչ վերաբերում է Իսրայելի պատասխանին` ուղղված Իրանին, Դանիելյանը նկատում է, որ Իսրայելի վարչապետը քննադատության թիրախում է հայտնվել իր երկրում, այնտեղ ցույցեր են կազմակերպվում, ու արդեն նրան ծաղրում են, որ նա չի կարողացել պատասխան հարված հասցնել Իրանին, ուստի սրանք վարկանիշը փրկելու համար սիմվոլիկ հարվածներ էին, եւ իրանական կողմն ընդունում է, որ այդ հարվածները եղել են։ Դրանից հետո ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի իր կոլեգայի հետ կապի մեջ է եղել, հայտարարել է, որ Իրանը չի ցանկանում գնալ մեծ կոնֆլիկտի։ Այսինքն՝ եթե Նեթանյահուն այդ սիմվոլիկ հարվածներով փորձել է ինչ-որ բան պահել, Իրանը դրանով առաջարկում է սահմանափակվել եւ կոնֆլիկտը կանգնեցնել։ Եվ Ռուսաստանը, ըստ էության, միջնորդի դեր է կատարել՝ նկատեց քաղաքագետը։

Իրանա-իսրայելական կոնֆլիկտի սրացման այս փուլը հնարավոր է կանգնեցվի, որովհետեւ ո՛չ Իրանն է պատրաստ մեծ պատերազմի, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Իսրայելը։ Հարցին, թե արդյոք Հայաստանը ՌԴ-ի համար դադարե՞լ է հետաքրքիր լինելուց, Դանիելյանն ասաց, որ Հայաստանը եւ Հարավային Կովկասն իրենց հետաքրքրությունը չեն կարող կորցնել։ Առաջինը․ Հարավային Կովկասի միջով իր համար կենսունակ Հնդկական օվկիանոսի հետ կապի համար։ «Երկրորդը․ այս տարածաշրջանում կարող են տեղադրվել հեռահար հրթիռներ՝ Ռուսաստանի ուղղությամբ, եթե այն հեռանա, եւ այստեղ հրթիռների տեղակայման դեպքում արդեն Սեւ ծովում խնդիրներ կունենա Ռուսաստանը, որովհետեւ նրանց ռազմածովային ուժերը հարվածի տակ կլինեն։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ կարծում եմ, որ Ռուսաստանը չի կարող հետաքրքրված չլինել մեր տարածաշրջանով»,- նկատեց Դանիելյանը։

Սակայն, փաստացիորեն, Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից, եւ քաղաքագետը դա պայմանավորում է մեծ կոնֆլիկտում ներգրավված չլինելու ցանկությամբ․ ի դեպ, այդ կոնֆլիկտում կարող է ներգրավվել նաեւ Թուրքիան։ «Սակայն այդ դուրս գալը չի նշանակում, որ ամբողջովին հեռանում է եւ չի կարող վերադառնալ։ Թուրքիան էլ, սակայն, որքան ես եմ հասկանում, պատրաստ չէ այդքան մեծ կոնֆլիկտի»,- եզրափակեց քաղաքագետը։