«Հրապարակ». ՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին

«Հրապարակ». ՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին

Անցյալ տարվա հունվարին ՀՀ կառավարությունը կոտրեց բոլոր անտուն քաղաքացիների դիմադրությունը, խեղճ ու դժբախտ մարդկանց՝ հաշմանդամների, զոհված զինծառայողների մայրերի, տուն-տեղը կորցրած ազատամարտիկների, որոնք ապաստանել էին ՊՆ նախկին վարչական շենքում եւ մի կերպ գոյություն էին քարշ տալիս։ Ապա վռնդեց նրանց տարածքից, քանդեց նրանց վրանային քաղաքը ու հիմա` 2 օր առաջ էլ, բարեհաջող պայթեցրեց շենքը։

Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի հունվարին այստեղ ապաստանել էին հարյուրավոր ընտանիքներ։ Կային պատերազմի մասնակիցներ, կամավորականներ, դիրքապահներ, զոհվածների ու ազատամարտիկների ընտանիքներ, որոնք այն բանից հետո, երբ շենքն անտերության էր մատնվել, եւ անգամ պահակներն էին ազատվել աշխատանքից, ընդունել էին այն։ Նրանք անգամ ունեին ընդունման-հանձնման փաստաթուղթ։ Ո՞ւր են հիմա այս մարդիկ, որտե՞ղ են թափառում, ո՞ղջ են արդյոք՝ հայտնի չէ։

Տխուր ու միաժամանակ խորհրդանշական տեսարան ստացվեց։ Հայոց զինուժի փառքը մարմնավորող շինությունը թղթե տնակի նման երկու վայրկյանում փոշիացրին՝ թողնելով ափսոսանքի դառնահամը։ Երեւան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող այս շենքը` իր հսկա տարածքով, կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։ Պաշտպանության նախարարությունն այն ժամանակ հայտարարում էր, որ շենքի վրա պետությունը տարիներ շարունակ պատկառելի գումարներ է ծախսում, եւ եթե այն օտարվի, ապա հնարավոր կլինի տնտեսել դրանք եւ շենքի վաճառքից գոյացած գումարներն օգտագործել պաշտպանական խնդիրների լուծման համար։ Բայց կառավարությունը չկարողացավ անգամ տարածքը վաճառել՝ նախընտրելով այն նվիրել ՊԵԿ-ին, որն էլ այդտեղ պետք է մինչեւ 2027 թվականի ավարտը վարչական շենք կառուցի՝ ԱՏԳ կենտրոն, մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցելու համար։
ՊՆ մեր աղբյուրները պնդում են՝ շենքը վաղուց է դրված եղել վաճառքի։ «Շենքը 15 տարի շարունակ դրված է եղել վաճառքի, եւ ոչ ոք չէր առնում։ Բացի դա, որքան տեղյակ եմ, այն ժամանակ, երբ ընտանիքներ էին այնտեղ մտել` ապրում, հանձնարարել էին, որ գնան տեսնեն, ու գնացել էին, հետազոտել էին, իմացել էին, որ շենքը վթարային է, վատ վիճակում է»,- ասաց մեր աղբյուրը։

Ինչ խոսք, քանդելու հարցում այս իշխանությունները մասնագիտացել են։ Ինչքա՜ն անտուն մարդիկ կարող էին ապրել այս շենքում, Արցախից եկած ինչքա՜ն ընտանիքներ, որոնք տեղ չունեն մնալու։ Կարելի՞ էր այն վերանորոգել կամ գոնե փորձել ուսումնասիրություններ կատարել, հասկանալ, թե ինչ գումար կպահանջվի շենքը նորոգելու, ամրացնելու համար։

Իրավապաշտպան, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հանդիպել էր ՊՆ շենքում ապաստանած մարդկանց։ «Պետության խնդիրը հանրության մեջ ծնվող խնդիրները լուծելն է։ ԱՄՆ-ում, Ատլանտայում ես տեսել եմ, թե ինչպես էր պետությունը սոցիալական բնակարանների ծրագիր իրականացնում։ Ատլանտայի կենտրոնում էին կառուցում դրանք, որովհետեւ ավելի ապահովված մարդիկ այնտեղ նախընտրում են կենտրոնից հեռու բնակվել, դա նշան է բարեկեցության։ 96 թվականից մենք խոսում ենք այն մասին, որ պետությունը պետք է ունենա սոցիալական բնակարանաշինարարություն։ Մինչ այսօր դա չի արվում։ Պատրաստի շենք էր, ինչո՞ւ քանդեցին։ Չկա մարդ՝ չկա պրոբլեմ, չկա շենք` չկա ապրելու տեղ, ինչ ուզում եք արեք՝ ասում են»։ Ի՞նչ եք կարծում, չէ՞ր կարող նույն ՊԵԿ-ը, որն ամենահարուստ հիմնարկն է, այդ տարածքը վերցնելով՝ գոնե սոցիալական բնակարաններ սարքել։ «Մարդիկ պետության պատասխանատվության ներքո են գտնվում, եւ պետական մարմինները՝ կառավարությունը, նույն ՊԵԿ-ը նրա համար են, որ ծառայեն մարդկանց, իսկ իրենք կարծում են՝ նրա համար է, որ իրենք լավ աշխատավարձ ու թանկարժեք մեքենա ունենան»,- ասում է ՀՀ առաջին օմբուդսմենը։ Նա, դիտելով ՊՆ շենքի փոշիացումը, հիշել է բոլշեւիկյան օրհներգը, «Ինտերնացիոնալի» բառերը․ ««Այս հին աշխարհը կքանդենք մենք մինչեւ հիմքերը, եւ հետո․․․», իսկ «հետո»-ն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի։ ՔՊ-ն քայքայելու պայմանագիր է, ոչ մի ինստիտուտ չի աշխատում»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։ 

Նա հիշեցրեց, որ մենք երկար տարիներ պայքարել ենք, որ տարբեր գերատեսչություններ ունենան քաղաքացիական վերահսկողության ինստիտուտներ։ Դրանք եղել են ՊՆ-ին առընթեր երկու խորհուրդներ, քրեակատարողականների մոնիթորինգի խումբ, Սահմանադրությամբ ամրագրված ինստիտուտ՝ Հանրային խորհուրդ, որը սահմանադրական մարմին էր, որոնք այսօր փաստացի չկան, անտարբերություն է տիրում։ «Դրանք եղել են ինստիտուտներ, որոնք ոչնչացվում են, սա էլ նյութական արժեք էր՝ ՊՆ-ի շենքը։ Այն հաղթանակները, որոնք ունեցել ենք այդ տարիներին, դա է ոչնչացվում, ու հաստատությունները ոչնչացվում են ատելությամբ այն ամենի հանդեպ, ինչը ժամանակին բերել է ե՛ւ պատիվ, ե՛ւ հարգանք: Այն, ինչ կայացել է հասարակության, ժողովրդի պայքարի շնորհիվ, պայթեցվեց, ու բուռն զարգացան նեպոտիզմը՝ ազգայնականներին պաշտոններ բաժանելը, եւ պրոտեկցիոնիզմը, որն անձնական նվիրվածության դիմաց է լինում... Սա քննություն է մեզ համար, խնդիրը մեր մեջ է, ներսում է ծնվել, ներսում էլ պետք է լուծվի»։