Կասկածում եմ, որ կյանքի կկոչվի, քանի որ Թամանյանն այլ ծրագրով նախագծեց հրապարակը

Կասկածում եմ, որ կյանքի կկոչվի, քանի որ Թամանյանն այլ ծրագրով նախագծեց հրապարակը

Տարին սկսվեց Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու քննարկումներով, ավելին՝ ԿԳՄՍ նախարարն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ սա կարող է շուտով իրականություն դառնալ, իսկ հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում է մասնագետների հետ: Դրան հաջորդեց վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա նշել էր, որ այս տարի արդեն կմեկնարկեն աշխատանքները, արդյունքում, ըստ Փաշինյանի, Հանրապետության հրապարակը կդառնա շատ ավելի տեսարժան վայր:

ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ կոնկրետ ծրագիր չկա, նախարարի հանձնարարությամբ այժմ ստեղծվում է այն աշխատանքային խումբը, որը պետք է առաջարկի ծրագիրը։

«Այդ աշխատանքային խմբում պետք է ներգրավված լինեն հնարավոր բոլոր մասնագետները՝ հնագետներ, քաղաքաշինարարներ, ճարտարապետներ, կոնստրուկտորներ, ճանապարհային, տրանսպորտային հարցերի մասնագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ մասնագետներ։ Այդ մեծ ֆորմատով աշխատանքային խումբը պետք է նստի եւ մտածի՝ այս գաղափարը իրագործելի՞ է, թե՞ ոչ, եթե իրագործելի է՝ ինչպես է իրագործվելու։ Նախնական 2 կարեւորագույն խնդիր է դրված այդ խմբի առաջ, Հանրապետության հրապարակը սանտիմետր իսկ չի կորցնելու իր տեսքը, հրապարակը՝ որպես տրասնպորտային հանգույց, շարունակելու է իր աշխատանքը, եւ դրան չի կարելի խանգարել։ Հիմա այդ 2 պարտադիր պայմանը դնելով մեր առաջ՝ մենք պետք է տեսնենք՝ կարո՞ղ ենք այդ խնդիրը լուծել։ Եթե կարողանանք, ապա վատ չէր լինի»,- ասում է Ավետիսյանն ու հավելում, որ ինքը՝ որպես հնագետ, կողմ է այդ գաղափարին։

«Դա կլինի մի մեծ ծրագրի առաջին փուլը, այսինքն՝ Երեւան քաղաքի տարբեր ժամանակագրական շերտերը ներկայացնելու առաջին լուրջ քայլերից մեկը։ Սկսենք այդտեղից ու հետո անցնենք գնանք, ավելի հին շերտեր բացենք՝ Դալման, Կարմիր բլուրի քաղաքային թաղամասերը, որ արժե ցույց տանք աշխարհին։ Այսինքն՝ այսօրվա Երեւան քաղաքին ադապտացնենք այն ամենը, ինչը որեւէ կերպ պահպանել ենք, ճիշտ է՝ շատ բան ավիրել ենք, բայց ինչ-որ բան էլ պահպանել ենք՝ պետք է կարողանանք դա ցույց տալ։ Կարծում եմ՝ եթե այդ հայեցակարգով մոտենանք, վատ չէր լինի, որ սա էլ բացեինք, եւ որպես Երեւանի պատմության մի դրվագ՝ ցուցադրվի շատ հետաքրքիր տեղում։ Բայց էլի եմ ասում՝ այսօրվա հրապարակի տեսքին մի մազաչափ անգամ փոփոխություն չպետք է բերի»,- հավելում է Ավետիսյանը։

Հնարավո՞ր բան է, որ հնագիտական այդ շերտը բացելուց հրապարակի տեսքը չտուժի։ «Եթե տեխնիկապես ինչ-որ ձեւով գետնի տակ դա արվի, իհարկե, հնարավոր է։ Բացի այդ, պահանջ կդրվի, որ առանց որեւէ բան փոփոխելու, բացվի այդ շերտը, խոսքը միջավայրային փոփոխությունների մասին է, եւ պարզ է, որ շենքերին չեն կպնելու»,- ասում է նա ու հավելում, որ ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել էր 2003 թվականին՝ Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ։

«Դա ռուսական կայսրության շրջանի Երեւանի քաղաքային հրապարակի եւ Աստաֆյան, Ղուկասովի փողոցի շուրջ եղած երկհարկանի, եռահարկ շինություններն են, դրանց նկուղային հարկերը։ 99 տոկոսով դա 19-րդ դարի Երեւանն է, բայց չի բացառվում, որ այնտեղ կարող են պահպանված լինել 17-18-րդ դարերից ինչ-որ բաներ՝ պարսկական շրջանից, բայց ո՛չ պարսկական։ Քաղաքի այս հատվածում պարսիկներ կամ մուսուլմաններ չեն ապրել, հիմնականում հայաբնակ է եղել։ Դա եղել է Երեւանի հին թաղը՝ մահլան»։

Այն, որ վարչապետն իր գրառման մեջ նշել էր, որ աշխատանքներն այս տարի կսկսվեն, Ավետիսյանը դժվարանում է կոնկրետ ժամկետներ ասել՝ նշելով միայն, որ մի քանի օրից նոր ձեւավորվող աշխատանքային խումբը կսկսի իր նիստերն անել, որի անդամ է նաեւ ինքը։ Բոլորի կողմ եւ դեմ կարծիքը հաշվի առնելուց հետո էլ նոր կկազմի կոնկրետ ծրագիր։ Այսինքն՝ հնարավոր է, որ այդ ծրագիրը նաեւ չլինի՞։ «Եթե ձեւ չգտան խնդիրը լուծելու, ապա պետք է հետաձգենք, ինչպես որ ժամանակին հետաձգվեց։ Բայց միանշանակ է, որ այսօրվա Երեւանի ոչ մի շերտ չպետք է վնասվի այդ աշխատանքների ընթացքում, եթե այսօրվա հրապարակի ճարտարապետական տեսքին վնաս չենք հասցնում, ապա այդ աշխատանքների մեջ իմաստ կա, եթե պետք է վնաս հասցնենք, ուրեմն ես դեմ կլինեմ դրան»։  

Այս պահին վաղ է ասել նաեւ, թե մոտավորապես ինչ գումարների մասին է խոսքը, քանի որ չկա ծրագիր, այլ միայն՝ գաղափար եւ ցանկություն։

Ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը դեմ չէ նման գաղափարին, երբ ցանկացած քաղաքում մշակույթը, պատմությունն ուզում են վերակենդանացնել, որպեսզի նաեւ զբոսաշրջիկները տեսնեն, թե ինչ շերտեր կան տվյալ քաղաքում․ «Այդ հատվածը, որ ուզում են վերականգնել, Աստաֆյան փողոցի շարունակությունն է եղել, երբ դեռ հրապարակը գոյություն չուներ։ Այդտեղ ժամանակին կարեւորագույն կառույցներ են եղել, գեղեցիկ միջավայր է եղել, այն բարբաջանքները, որ թուրքական, ազերական շինություններ կան այդտեղ, անհեթեթություններ են։ Եթե Մեղրիում ունենք պարսկական ազդեցությամբ կառույցներ, հիմա ի՞նչ է նշանակում, դրանք պարսկակա՞ն են, դա ուղղակի ազդեցություն է, որը մեկը մեկին փոխանցվել է հատկապես նկուղային հարկերում»։

Նալբանդյանը դեմ չէ այդ նախաձեռնությանը, բայց խիստ կասկածում է, որ դա հնարավոր է իրագործել եւ կյանքի կոչել, քանի որ Թամանյանը լրիվ ուրիշ ծրագրով է նախագծել հրապարակը․ «Այսինքն՝ հետիոտնի, միջոցառումների, տրանսպորտի եւ այլնի համար է այդ ամեն ինչն արվել, հրապարակն իր նշանակությունն ունի, հիմա թե ոնց են դա իրականացնելու, դժվար է հասկանալ։ Մարդիկ պետք է մտնեն գետնի տակ ու նայե՞ն այդ ամեն ինչը, անհեթեթություն է ապակիով ինչ-որ բան ծածկելը, ապակիով ծածկում են փոքրիկ հատվածներ, բայց այստեղ տարածք է բացվելու, եթե նախկին լուսանկարները նայեք։ Ես խիստ կասկածում եմ, թե ինչ մասնագիտական խմբեր պետք է աշխատեն, նկատի ունեմ, որ պետք է շատ լուրջ հնագիտական աշխատանքներ իրականացվեն այնտեղ, որովհետեւ այդ շերտի տակ եւս շերտեր կան՝ Ուրարտուի պահպանված գոտիներ կան, այգիների մնացորդներ, ինչ ասես կարող է լինել։ Հիմա մի կողմից ես կողմ եմ, որ պատմությունը վերականգնվի, ի ցույց բոլորին, որ Երեւանն ունի նման պատմություն, բայց մյուս կողմից էլ դեմ եմ, որովհետեւ դա անիրականանալի ծրագիր է»։