Արցախ․ Վերջին օրեր

Արցախ․ Վերջին օրեր

Սկիզբը՝ այստեղ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մնացել էին այն արցախցիները, որոնք սեփական ավտոմեքենա չունեին, նաեւ` տարբեր բնակավայրերից մայրաքաղաք եկած մարդիկ, ովքեր դատարկաձեռն էին դուրս եկել հայրենի գյուղից կամ կարողացել էին իրենց հետ վերցնել մի փոքրիկ ճամպրուկ` վերջին պահին այնտեղ խցկած մեկ-երկու հագուստով։ Ոմանք տներից դուրս էին եկել այն պահին, երբ թշնամին արդեն իրենց գյուղի մոտ էր։

Հրապարակի տխրությունը, ստեղծված վիճակի ծանրությունը ցրում էին երեխաները, որոնցից շատերը լրիվ չէին հասկանում, թե ինչու են հայտնվել այդտեղ` մարդկանց բազմության մեջ։ Նրանց այդ ամենը զվարճալի էր թվում, եւ նրանք աշխույժ խաղում էին իրար հետ, վազվզում, հեծանիվ քշում։ Հրապարակը մի հսկա կայարան էր հիշեցնում, որտեղ հավաքված հազարավոր մարդիկ սպասում էին «փրկարար» գնացքին, որն ուշանում էր, չէր գալիս։
Վերջին երկու օրը ես էլ էի հրապարակում։ Մտահոգությունս առաջին հերթին երեխաներն էին։ Մտածում էի` գոնե նրանց կարողանամ ուղարկել Հայաստան։ Նաեւ մի քանի շաբաթ առաջ ինսուլտ տարած մորս վիճակն էր շատ մտահոգում, որովհետեւ շատ թույլ էր եւ միայն մեր օգնությամբ էր շարժվում։ Մինչ այդ, երբ դեռեւս տանն էինք, քաղաքի Կրկժան թաղամասից թշնամու կողմից կրակահերթերի ձայներ էինք լսում։ Դա այնքան չէր ազդում երեխաներիս, աղջիկներիս վրա, որքան որոշ մարդկանց խուճապային ձայները` թուրքերը մոտենում են։ Ստիպված էի ընտանիքս տեղափոխել Ստեփանակերտի հակառակ ծայրը` լավագույն ընկերներիցս մեկի` համակուրսեցուս, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանի տուն, որն առաջին հարկում էր ապրում, ու հիվանդ մայրիկիս համար այնտեղ շատ հարմար էր։ Այդ ծանր օրերին Արթուրը մեզ շատ օգնեց։ Հնարավորության չափ մենք էլ իրեն էինք օգնում, որովհետեւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, պաշարումը շարունակվում էր` քաղցը, սովը, հացի անվերջ հերթերը դարձել էին սովորական, առօրեական մի բան։ Օրվա մեծ մասը մարդիկ հացի հերթերում էին անցկացնում` շնչին 200 գրամ հաց գնելու հույսով, եւ դա միշտ չէր հաջողվում։

Վերջին օրերին ամեն օր հանդիպում էի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, որին գիտեմ դեռեւս 1990-ականներից։ Իր աշխատասենյակում կամ դրսում երկար զրուցում էինք։ Դավիթը, Գագիկ Բաղունցը, Դավիթ Մելքումյանը, Գեղամ Ստեփանյանը` Արցախի ԱԺ պատգամավորներից միայն իրենք էին մնացել ժողովրդի հետ։ Գագիկը ոտքի վրա հազիվ էր կանգնում։ Դրսում ժամերով զրուցում էր մարդկանց հետ, հույս տալիս, բացատրում, որ անպայման բոլորին դուրս են բերելու։ Նույն բանը չէր հոգնում` բացատրում էր հարյուրավոր մարդկանց։

Հեռախոսային կապը Հայաստանի հետ հիմնականում խափանված էր, մարդիկ անհանգստանում էին հատկապես իրենց երեխաների պատճառով... Հետո, երբ կադրերում տեսա ազերիների կողմից առեւանգված, Բաքու տարված Դավիթ Իշխանյանին, սարսափելի ցավ զգացի։ Խորապես ցավում եմ նաեւ Ռուբեն Վարդանյանի համար։ Մարդ, որ իրականում ողբերգական կերպար է։ Նա Արցախ էր եկել` իր հնարավորություններով Արցախին օգնելու համար` բացարձակապես չհասկանալով, որ ռուսաստաններից, եվրոպաներից հայկական միջավայր գալով, իրականում հայտնվելու է դժոխքում։ Նա չէր պատկերացնում, որ սա այլեւս այն երկիրը, այն աշխարհը չէ, որ լքել է երիտասարդ տարիներին եւ արտերկրում իր խելքի, իր գիտելիքների, իր տաղանդի շնորհիվ մեծ կարողության տեր դարձել։ Նա չգիտեր, որ այստեղ իշխում է անօրինությունը, անմարդկայինը։ Ու պատահական չէ, որ թուրքին, թշնամուն հավասար, անգամ վերջինիս գերազանցելով, այդ մարդու դեմ պայքարի դուրս եկավ հենց հայ տականքը, նախանձ քաղքենին, իշխանությունների պատվերով վայրահաչող ստահակը։ Հատկապես Հայաստանից խեղճ մարդու հասցեին լրատվամիջոցներն ու համացանցը հեղեղում էին ստոր բամբասանքներով, զրպարտություններով ու հայհոյանքներով։ Ցավում էի նաեւ Բաքու տարված անձանց համար, որոնց պատճառով էր նաեւ կորսվել Արցախը, որովհետեւ նրանց բանտարկել են ոչ թե Արցախի դեմ կատարած անօրինությունների համար, այլ որովհետեւ հայ են, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Բայց նրանք ոչ թե հանցագործ, եղեռնագործ ազերիներին, ոչ թե մեր ոխերիմ թշնամուն, այլ իրենց հայրենակիցներին պիտի պատասխան տան իրենց արած-չարածի համար։ Իսկ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի համար խորապես ցավում եմ, որովհետեւ նրանք իրենց ազնվությամբ, բարոյականությամբ, մարդկայնությամբ տարբերվում են Արցախի նախորդ պաշտոնյաներից։ Տարբերվում են նաեւ շատ ու շատ հին եւ նոր այն բարձրաստիճաններից, որոնք Երեւանում են։              

Շարունակելի

Վարդգես Օվյան