Արցախ․ վերջին օրեր

Արցախ․ վերջին օրեր

Շատ դժվար է, ծանր է գրել Արցախի վերջին օրերի մասին։ Դա ոչ միայն մեր հայրենիքի մահը, վախճանն էր, այլեւ համազգային կործանում։ «Հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ թշնամին հարձակվելով Արցախի վրա՝ վերջնականապես համոզվել էր, որ աշխարհի վեջը չէ, ավելին` Արեւմուտքը դեմ չէ, ռուսն էլ խանգարելու մտադրություն չունի։ Եվ զավթիչը սկսեց առաջ շարժվել` իրար հետեւից գրավելով Արցախից մնացած փոքրաթիվ բնակավայրերը, որոնք պայմանավորված պատերազմում դեռ չէր գրավել։

Արցախն ուներ թշնամու համեմատ բազմակի նվազ ու հիմնականում դարն ապրած զինտեխնիկա եւ սահմանափակ քանակությամբ զինամթերք, որով, լավագույն դեպքում, կարող էր մի քանի օր պաշտպանվել` մեծ զոհերի գնով։ Իսկ դրսից բացարձակապես օգնության նշույլ չկար։ Դա ակնհայտ երեւում էր մոտ մեկ տարի ձգվող շրջափակումից, պաշարումից։

Ավելին` իր անվտանգության երբեմնի երաշխավորը բացահայտ սպասարկում էր թշնամու շահերը։ Ադրբեջանի զավթած բնակավայրերից հազարավոր արցախցիներ էին մազապուրծ եկել, լցվել մայրաքաղաք Ստեփանակերտ։ Շատ բնակավայրեր մնացել էին թշնամու օղակում` կրկնակի շրջափակված։ Արցախի Վերածննդի հրապարակը լիքն էր գաղթականներով` ոմանք հասցրել էին իրենց հետ մի ճամպրուկ վերցնել, շատերը սովորական մի հագուստով էին ու ստեփանակերտյան վերջին գիշերներն անցկացնում էին հրապարակում` սառը, ցուրտ ու անտանիք, սպասվող արհավիրքից ավելի խեղճացած ու կատարվածից շշմած...

Ստեփանակերտի ծայրամասերի որոշ թաղամասերում արդեն թշնամին էր։ Հրապարակում հավաքված գաղթականներին միացել էին նաեւ այդ թաղամասերի բնակիչները։ Օղակն օրեցօր սեղմվում էր։ Քաղաքի ներքեւի հատվածով ընկերոջս տուն գնալիս, Մազե կամրջից քիչ վերեւում տեսա դիրքավորված ադրբեջանցիների։ Իսկ դեպի Հայաստան տանող մայրուղին խցանված էր հազարավոր մարդատար ավտոմեքենաներով։ Ովքեր սեփական ավտոմեքենա, վառելիք ու հնարավորություն ունեին, շտապում էին երեխաներով, ընտանիքներով դուրս գալ դժոխքից։ Այդ օրերին մեր հայրենիքն իրոք վերածվել էր դժոխքի` երկարատեւ շրջափակումից, քաղցից, սովից հյուծված, հուսահատ, անճարակ հազարավոր արցախցիներ մտածում էին թշնամու աքցանից ինչ-որ կերպ գոնե իրենց երեխաներին դուրս բերելու մասին...

Հայրենի գյուղից մազապուրծ փախած ու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում բաց երկնքի տակ օրեր լուսացնող մարդկանց ծանր ապրումները, երբ ազերիները չորս կողմից պաշարել էին Ստեփանակերտը, նրանց տեսել էին անգամ «Ղարաբաղ Տելեկոմի» շենքի մոտ, երբեմնի պայծառ, լուսավոր, գեղեցիկ Ստեփանակերտը դժոխք էր դարձրել։ Արցախում ապրող, աշխատող շատ ու շատ հայաստանցիների ավտոմեքենաները մնացել էին Արցախում։ Նրանք զանգում էին ծանոթ-անծանոթներին եւ աղաչում 10 լիտր բենզին գտնել, որ Արցախից դուրս գան` դուրս բերելով նաեւ իրենց ավտոմեքենան։ Մի աղջիկ լացակումած ասում էր, որ նոր, թանկարժեք ավտոմեքենան Ստեփանակերտում է։ Ասում էր` մի ավտովարորդ գտեք, թող ձեզ դուրս բերի Արցախից, գոնե մինչեւ Հայաստանի սահման հասցրեք` ձեզ մեծ գումար կտամ...

Իսկ Արցախում արդեն վարորդ չէր մնացել, իրենց ավտոմեքենաներով ու ընտանիքներով բոլորը դուրս էին եկել Ստեփանակերտից, ու ավտոշարասյունը կիլոմետրեր էր ձգվում...
Հիմա երեւաններում հանգիստ նստած, մուննաթով ու դժգոհ, ոմանք ասում են` արցախցիներն իրենց տանկերը, հրանոթները թողել են ազերիներին։ Սրանց կարծիքով` որեւէ մեկից օգնություն չստացող, թշնամու բազմակի ուժեղ ու ժամանակակից զինտեխնիկայով հագեցած բանակի դեմ մենմենակ մնացած մի բուռ արցախցիները պետք է դատարկ տանկերն ու առանց զինամթերք մնացած տեխնիկան քշեին-բերեին Հայաստան կամ քաջաբար գերի հանձնվեին թշնամուն...

Թեեւ այլեւս զարմանալի չէ. ստի, կեղծիքի, ծուռ հայելիների աշխարհում, խեղված իրականության մեջ ճշմարտությունը տեղ չունի։

Վարդգես Օվյան
Շարունակելի