Կապիտալը հայրենիք չունի

Կապիտալը հայրենիք չունի

Այբենական ճշմարտություն (կասեի նույնիսկ՝ աքսիոմա) է, որ կապիտալը հայրենիք չունի: Ըստ այդմ, հայրենիք չի կարող ունենալ նաև կապիտալի սեփականատերը՝ կապիտալիստը: Իսկ հայրենիք չունեցող անձը կամ անձինք, բնականաբար, չեն կարող դառնալ նաև դավաճան: Կարծում եմ, որ այս պարզ տրամաբանական շղթան պետք է գիտակցի մեր հասարակության յուրաքանչյուր անդամ, նաեւ հայրենասերները, որպեսզի մարդիկ սխալներ թույլ չտան ու չընկնեն ոչ հաճելի իրավիճակների մեջ: Բայց ասվածը չի նշանակում, թե կապիտալիստի նկատմամբ հնարավոր չէ վերաբերմունք արտահայտել:

Դա ոչ միայն հնարավոր է, այլև կասեի նույնիսկ, որ անհրաժեշտ է: Որովհետև առկա է առնվազն երկուսուկես գործոն, որոնցով հնարավոր է դիտարկել ու եզրակացություն կատարել կապիտալիստի վարքագծի առումով: Առաջինը հարկային պարտավորություններից խուսափելն է: Երկրորդը վարձված աշխատուժը շահագործելն է: Այսինքն, օրենսդրորեն սահմանված նորմայից ավելի աշխատեցնելն ու նորմայից պակաս վարձատրելը: Վերջին «կես» գործոնն էլ այն գեներացրած երկրից կապիտալը դուրս բերելու հանգամանքն է: Գիտակցաբար չեմ նշում «հայրենիքից դուրս բերել» արտահայտությունը, քանի որ հոդվածի հենց սկզբում լռելյայն ընդունեցինք, որ կապիտալը հայրենիք չունի:   

Բայց առկա է մեկ այլ գործոն, որ կարելի է համարել կապիտալի առանցքային էությունը. դա կապիտալի և իշխանության համագործակցությունն է: Ավելի հաճախ տեղի է ունենում դրա՝ օրենսդրորեն անընդունելի տարբերակը՝ միմյանց մեջ ներթափանցումը: Բայց ընդունենք օրենքի հետ խնդիր չունեցողը, որով սկիզբ առավ կապիտալիզմը: Այն սկսվեց ձևավորվել եվրոպական ուշ միջնադարից՝ 17-18-րդ դարերից, ու կշարունակվի այնքան ժամանակ, որքան գոյություն կունենան կապիտալն ու իշխանությունը: Կապիտալի ու իշխանության համագործակցության անխախտելիության առումով անմոռանալի փորձ ունի նաև Նիկոլի իշխանության անդամ և ամենահին նախկիններից մեկը՝ գործարար Սուքիասյանը: Հիշեցնեմ, որ վերջինս 2008-ի նախագահական ընտրությունից հետո որոշեց, որ Տեր-Պետրոսյանի վերադարձն ընդամենը օրերի հարց է, և սխալվեց: Արդյունքում տուժեց թե՛ գույքի (հանքային ջրերի «Բջնիի» գործարանի) և թե այլ կորուստների տեսքով: Կարծում եմ, որ այդ դասը բավարար էր, որպեսզի նա այլևս երբեք դեմ չգնա իշխանությանը՝ ինչպիսին էլ այն լինի:

Այնպես որ, նրան փողոցում հանդիպելիս կարիք չկա օգտագործել «դավաճան» եզրույթը: Բայց եթե ինչ-որ մեկը ցանկանում է նրա նկատմամբ վերաբերմունք արտահայտել, ապա կարող է նրան հարցնել, թե ինչպես է սեփականաշնորհվել Երևանի այլրաղացի կոմբինատը: Իսկ պատասխան չստանալու դեպքում նույն հարցն ուղղել Նիկոլի ստեղծած հակակոռուպցիոն մարմիններից որևէ մեկին: Կարծում եմ, որ մի քանի տասնամյակ անց, երբ արդեն կենդանի չեն լինի նախորդ դարի 90-ականների գործող անձինք, և հատկապես եթե շարունակի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը, հայաստանյան պատմաբանները հետաքրքիր մանրամասնություններ կպեղեն ԽՍՀՄ-ից անկախացած երկրում պետական գույքի սեփականաշնորհման առումով: Բայց մինչ այդ էլ, այնուամենայնիվ, հնարավոր է խիստ քաղաքավարի եղանակով վերը նշված հարցը տալ թուրքերի հետ համագործակցելու կողմնակից պատգամավոր, ընդամենը գործարար (Նիկոլն ասել է, չէ՞, որ մեզանում այլևս չկան օլիգարխներ) Սուքիասյան Խաչատուրին:

Հ. Գ. Չմոռանամ ասել, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո խիստ հարգանքով եմ վերաբերվել այսօրվա մեր հակահերոսին: